Կամերային ընտանիքի գլոբալացում

26/03/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արդեն մեկ ամիս է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ` Կամերային երաժշտության կենտրոն է ստեղծվել: Մեկ իրավաբանական եւ ադմինիստրատիվ հարկի տակ են հավաքվել ինքնուրույն գործող երաժշտական թվով 6 միավորները` Կամերային երգչախումբը (ղեկավար` Ռոբերտ Մլքեյան), Կամերային նվագախումբը (ղեկավար` Վարդան Մարտիրոսյան), «Հովեր» երգչախումբը (ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), «Տաղարան» անսամբլը, Հովհաննես Թոփիկյանի երգչախումբը եւ Մենակատարների անսամբլը (ղեկավար` Զավեն Վարդանյան):

Բոլոր կոլեկտիվները, որոնք իրենց ինքնուրույն պրոֆիլը, նպատակները, ստեղծագործական ձեռագրերը, էսթետիկան, սեփական համերգային եւ հյուրախաղային քաղաքականությունը եւ, վերջիվերջո, հովանավորներն ունեն, կենտրոնացված տնօրինման համակարգի մեջ են հայտնվել: Եվ Կամերային երաժշտության տունն էլ մոտ 150 երաժիշտների համար իրական տուն է դարձել, որտեղ ելույթ են ունենում, փորձեր են անցկացնում, աշխատավարձ են ստանում եւ ընդհանրապես` կողք կողքի ապրում են այնպես, ինչպես նախկինում ապրում էին կոմունալ բնակարանների բնակիչները (մեկ սանհանգույցով, մեկ խոհանոցով` հերթականության պայմաններում):

ՀՀ Մշակույթի նախարարությունն այդ «կամերային գլոբալացումը» հեղինակել է, թերեւս, ցանկանալով նվազեցնել պետական ծախսերը: Եթե երաժշտական կոլեկտիվը պետական կարգավիճակ ունի, ապա նրան պետք է ապահովել տնօրենով, հաշվապահով, եւ առանձին-առանձին վճարել նրանցից յուրաքանչյուրի կոմունալ ծախսերը (օգտագործած ջրի, էլեկտրաէներգիայի (եւ այլնի) համար): Իսկ երբ բոլորը մեկ տանիքի տակ են ապրում, ապա այդ ծախսերը հոգում է ընտանիքի «հայրը»: Այս դեպքում` Կամերային երաժշտության կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը:

Կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը նշում է, որ «կամերային գլոբալացումից» հետո անձամբ իր եւ իր ղեկավարած կոլեկտիվի կյանքում ոչինչ չի փոխվել. «Չեմ կարող ասել` Կամերային երաժշտության կենտրոնի ստեղծումը լա՞վ է, թե՞ վատ: Մենք շարունակում ենք աշխատել այնպես, ինչպես նախկինում էր: Մեր երգչախումբը վաղուց արդեն համագործակցում է եւ Կամերային նվագախմբի, եւ այլ երգչախմբերի հետ: Նույն օրգանիզմի մեջ հայտնվելը այժմ տեխնիկական խնդիրներ է առաջ բերել: Կամերային երաժշտության տանը բավարար քանակի փորձասենյակներ չկան, ինչը ենթադրում է, որ նույն հարկի տակ միանգամից 6 կոլեկտիվ չի կարող գոյատեւել: Կամ պետք է այլ տեղեր փորձեր անել, կամ էլ դաժան աշխատանքային գրաֆիկներով աշխատել: Չէ՞ որ միշտ ավելի հեշտ է ընտանիքի բյուջեն հաշվարկել ու տնօրինել այն ժամանակ, երբ ընտանիքդ 2-3 անդամներից է կազմված: Եվ բոլորովին այլ բան է 20-հոգանոց ընտանիքի պարագայում բյուջեի բաշխում կատարելը»:

Բոլոր երաժիշտներն էլ նշում են, որ այս միավորումը միաժամանակ եւ՛ հուսադրող է, եւ՛ մտահոգիչ: «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նկատում է, որ կարեւոր է հստակեցնել կոլեկտիվների իրավաբանական կարգավիճակները, որպեսզի հնարավոր լինի խուսափել «կոլխոզի» վերածվելու վտանգից. «Իդեալական կլիներ, եթե բոլորս կարողանայինք մեր ավտոնոմ ստատուսը պահպանել, սակայն, եթե հնարավոր չէ դա անել, ապա պետք է ձգտենք համագործակցության: Ես կցանկանայի միայն, որ մենք մեկ հարկի տակ հավաքվելով, այնուամենայնիվ, մեր առանձին բանկային ենթահաշիվներն ունենայինք: Տեսանելի հաշիվ ունենալը շատ կարեւոր է, քանի որ այդպես կարողանում ես կարգավորել հյուրախաղային ծախսերը, նաեւ` հովանավորների աջակցությունը (եթե այն լինում է): Իրականում լավ է, երբ տնտեսական եւ ադմինիստրատիվ հարցերը կոորդինացվում են մեկ կենտրոնից, այդպես ավելի հեշտ է նաեւ համերգային գործունեությունը կարգավորել, գովազդային պաստառներն ու աֆիշները տպագրել: Եթե ադմինիստրատիվ ստրուկտուրաները լավ աշխատեն, ապա հնարավոր կլինի ամսական բուկլետներ տպագրել, որտեղ նշված կլինեն կոնկրետ համերգների օրերը: Եվ հանդիսատեսն էլ կկարողանա կողմնորոշվել, թե ո՞ր համերգն է ուզում լսել»,- ասում է Ս. Հովհաննիսյանը` նկատելով, սակայն, որ 6 տարբեր ուղղվածություն ունեցող կոլեկտիվների համար աֆիշներ ու համերգային զգեստներ մշակելը բարդ գործ է: «Մեկ դիզայները դժվար թե կարողանա դա անել»,- ասում է նա:

«Հովեր» երգչախումբը չի շտապում Կամերային երաժշտության տան փորձասենյակների հերթում հայտնվել, քանի որ իր փորձատեղն ունի, սակայն Զավեն Վարդանյանի ղեկավարած Մենակատարների անսամբլի համար դա օրհասական հարց է: Այդ անսամբը եւ Հ. Թոփիկյանի երգչախումբը նախկինում փորձեր էին անցկացնում Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, սակայն հիմա, երբ փոխվել է նրանց «գրանցման հասցեն», նրանք «օդում կախված» վիճակում են հայտնվել: Զ. Վարդանյանն ասում է. «Կարծում եմ, Մշակույթի նախարարությունը սկզբում պիտի կենտրոնը տեխնիկական բազայով ապահովեր (փորձասենյակներ ստեղծեր), եւ հետո միայն միավորման հրաման տար: Մենք հիմա այլ ենթակայություն ունենք, եւ այդ պատճառով էլ` ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում փորձեր անցկացնելու համար մեզանից վարձավճար են պահանջում: Վստահ եմ, որ հիմա օպերատիվ, անմիջական գործողություններ անելու ժամանակն է: Եվ դա անելն իրականում կարելի է, օրինակ` հավելյալ վայրերում տարածք գտնելով: Կարծում եմ, խմբերը միավորելովփ նախարարությունը շտապել է: Դա նման է նրան, երբ զորակոչ են հայտարարում, բայց զինվորները կացարան, փամփուշտ եւ հրաձգարան չունեն: Սկզբում պետք է այդ ամենը ստեղծես, հետո միայն զինվորին տաս հրացանն ու ուղարկես մարզումների: Բայց էլի եմ կրկնում, այդ բոլոր խնդիրները լուծվելիք են: Եվ որքան արագ նախարարը լուծի այդ խնդիրները, այնքան շուտ կազատվի գլխացավանքից»:

Կամերային երաժշտության կենտրոնը` գլոբալացվելով, նաեւ մեկ ընդհանուր գրադարան է ստեղծելու, որտեղ տեղ կգտնեն անհրաժեշտ նոտայագիր պարտիտուրաները: Սակայն քանի դեռ բոլոր 6 խմբերը նույն տեղում փորձեր չեն անում, այդ գրադարանի ակտուալությունը հարցականի տակ է դրվում: Կան նաեւ այլ` ֆինանսական եւ ստեղծագործական խնդիրներ, որոնց հետ բախվելու ռիսկը բոլոր ղեկավարներն էլ չեն բացառում: Մեկ կենտրոնին կցվելը նաեւ պլանային սկզբունքով աշխատել եւ պլանային աշխատավարձ ստանալ է նշանակում: Որքան հայտնի է, այժմ կենտրոնի կազմում հայտնված երաժիշտներն ու երգիչները նույն չափով չեն վարձատրվում: Եվ արդյո՞ք այդ հավասարությունը հարկավոր է: Զավեն Վարդանյանն այդ հավասարության կողմնակիցն է: Նա նշում է, որ համերգներից գոյացած գումարը մի տեղ է գոյանալու, սակայն յուրաքանչյուր կոլեկտիվ հստակ կիմանա իր մասնաբաժնի չափը եւ հնարավորություն կունենա տնօրինել այն ինքնուրույն: «Ամեն դեպքում գեղարվեստական ղեկավարների վրայից մեծ բեռ է ընկել, եւ մենք հնարավորություն ենք ստացել զբաղվել բուն ստեղծագործական խնդիրներով»,- ասում է Զ. Վարդանյանը:

Իհարկե, շատ բան կախված է անձամբ կենտրոնի տնօրենից, ով պետք է կանոնակարգի տարբեր սկզբունքներով, տարբեր ուղով աշխատող կայացած կոլեկտիվների աշխատանքը: Որքան հայտնի է, Կամերային երաժշտության տանը արդեն իսկ 2 համերգ հետաձգվել է, քանի որ աֆիշների պատրաստման համար նախատեսված գումարները ժամանակին վերեւից չեն «իջեցվել»:

Ամեն դեպքում հստակ է, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը կենտրոնամետ ու կենտրոնաձիգ մշակութային քաղաքականություն է փորձում իրականացնել: Թատրոնները, մշակութային կրթական հաստատությունները, երաժշտական կոլեկտիվները դանդաղորեն միավորում են իրենց հաստիքացուցակներն ու կառավարումը: Իսկ չինովնիկական ապարատը` ընդհակառակը` ուռճանալու ու լայնանալու միտում ունի (բավական է նայել, թե ինչպիսի արագությամբ են բուսնում հավելյալ հանձնաժողովներն ու խորհուրդները, որոնք գործունեության պատրանք են ստեղծում): Եվ դա լուրջ վերլուծություն պահանջող հարց է: