Օրը եկավ
Հոկտեմբերից այս կողմ այս խաղին էինք սպասում, եւ, վերջապես, այդ օրը եկավ: Ավելորդ է ասել, թե ինչ է նշանակում այս խաղը երկու հավաքականների համար: Ռուսաստանի ընտրանին հաղթանակի դեպքում, անկախ մյուս խաղերի արդյունքներից, իր համար ապահովում է միանգամայն բարեկեցիկ միավորային տարբերություն: Մեր հաղթանակը խճճում է աղյուսակային իրավիճակը` մինչեւ անհնարինություն:
Խմբի մյուս խաղերում միմյանց դեմ խաղալու են Անդորրա-Սլովակիա եւ Իռլանդիա-Մակեդոնիա զույգերը: Փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում մեր հավաքականին: Խաղից դեռ շատ առաջ մամուլում տարբեր հրապարակումներ եղան այս խաղի` վաճառված լինելու շուրջ: Իբր` Ռուսաստանը ինչ-ինչ տնտեսական արտոնությունների դիմաց Հայաստանից մարտի 26-ին պահանջել է 3 միավոր, այսինքն` իր հաղթանակը մրցակցի դաշտում: Արձագանքը գրեթե կայծակնային էր. ՀՖՖ նախագահը ոչ միայն հերքեց ասեկոսեները, այլեւ հստակ հայտարարություն արեց, որ ՀՀ նախագահն իրեն առաջադրել է խնդիր` անպայման հաղթել Ռուսաստանի թիմին: Սա ավելի քան լուրջ էր: Ասել կուզի` Հայաստանը չի պատրաստվում հանուն քաղաքական շահերի` զիջել վերջին 20 տարում ձեռք բերված բացառիկ առիթը, պատմության մեջ առաջին անգամ «Եվրո»-ի եզրափակիչ փուլ դուրս գալը: Գեղեցիկ կամ ոչ այնքան հայտարարությունների ետեւում, սակայն, մերկ իրողությունն է: Հետեւաբար, փորձենք հասկանալ թիմերի իրական հնարավորություններն առավելություններ-թերություններ համադրության մեջ:
Հայաստան
Անցյալ աշունը մեզ ոգեւորեց այն իմաստով, որ կտրուկ երիտասարդացած հավաքականը կարողացավ ոչ միայն դիտարժան խաղ ցուցադրել, այլեւ` միավորներ վաստակել, որոնք հույս արթնացրին: Արդ, հաջողության դեպքում ինչո՞վ կարող է Հայաստանի ընտրանին ներկայանալ եվրոպական ֆուտբոլային հանրությանը:
Առավելություններ. Մեր հավաքականում ավելի քան ակնհայտ է հարձակողական խմբի գերիշխանությունը: Թիմը հարձակման գծում գործում է` օգտագործելով դաշտի ողջ լայնքը եւ, այս ընտրական փուլում որեւէ մրցակցի հետ խաղում առայժմ չի խաղացել երկրորդ համարով: Ակնհայտորեն սա մարզչական ձեռագիր է: Վարդան Մինասյանին հաջողվել է ստանալ մոդել, որը խաղի տարբեր հատվածներում կարողանում է կերպարանափոխվել եւ համապատասխանել հենց տվյալ խաղային իրավիճակի պահանջին: Սա, եթե չասենք` փայլուն, գոնե աննախադեպ երեւույթ է մեր ազգային հավաքականում` իր ողջ պատմության կտրվածքով:
Անվիճելի է, որ հավաքականի հիմնական առավելությունը հարձակման խումբն է: Մխիթարյան-Մովսիսյան-Մանուչարյան, ահա այն առանցքային եռյակը, որ ի վիճակի է գումարային արագության հաշվի առավելության հասնել մրցակցի պաշտպանության նկատմամբ: Եթե սրան գումարենք նաեւ Գեւորգ Ղազարյանին, ով հավաքականի վերջին խաղերում ցուցադրեց, որ միշտ պատրաստ է նույնիսկ ոչ գոլային պահերից առավելագույնը քամել, կարելի է ասել, որ հարձակման գծում խնդիրներ չեն ծագի: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանց տակ գործելու են կիսապաշտպանական գծի եւ բանիմաց, եւ արդեն փորձառու խաղացողները։
Դարպասում Ռոման Բերեզովսկու դիրքը նույնպես կասկածի ենթակա չէ: Գոնե այս ընտրական փուլում:
Թերություններ. Հավաքականի գլխավոր թերությունը պաշտպանությունն է: Ռուսական հավաքականում հարձակվողների շարքում հատկապես արագաշարժ է Կերժակովը: Նա իսկապես մեծ վտանգ կարող է ներկայացնել այս խաղում: Միակ հույսն այն է, որ մեր ամենափորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանը նրա նախկին թիմակիցն է դեռեւս Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» եւ կարող է լավ հուշարար լինել խաղընկերների համար: Անշուշտ, վտանգավոր է Անդրեյ Արշավինը, սակայն, վերջին գոնե մեկ տարում նա հավաքականում չի ցուցադրում իր հնարավորությունների նույնիսկ 15 տոկոսը: Դժվար է ասել, թե մեր թիմի պաշտպանությունում ո՞վ է այն խաղացողը, որ կկարողանա 90 րոպեով չեզոքացնել ռուսական թիմի խաղի գլխավոր կազմակերպչին:
Մեծ թերություն կարելի է համարել այն, որ թիմի հիմնական կորիզը կազմող «Փյունիկի» ֆուտբոլիստները ոչ միայն նոր են սկսել մրցաշրջանը, այլեւ` վատ են սկսել: Ֆունկցիոնալ պատրաստության առումով նրանք համոզիչ չեն:
Ռուսաստան
Առավելություններ. Անվիճելի է այս թիմի փորձառությունը, «Եվրո-2008»-ում նվաճած բրոնզե մեդալները ռուսական ֆուտբոլի պատմության մեջ կարելի է լավագույն արդյունքը համարել, իսկ Դիկ Ադվոկատի թիմի գլխավոր դերակատարներն առ այսօր հենց այն թիմի ներկայացուցիչներն են: Անհատական վարպետության առումով ռուսական թիմում կարելի է նախապատվություն տալ բոլորին: Դարպասապահ Ակինֆեեւը իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նրան փոխարինողները` նույնպես: Արշավինի եւ Կերժակովի մասին արդեն ասացինք: Նվազ բարձրակարգ չեն նաեւ Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ժիրկովը, «Տոտենհեմի» հարձակվող Պավլյուչենկոն, «Շտուտգարտից» Պոգրեբնյակը: Հարձակման օղակը ամենավտանգավորն է եւ կարող է մեծ գլխացավանք առաջացնել:
Թերություններ. Գլխավոր թերությունը, կարծում եմ, Ռուսաստանի հավաքականի պաշտպանական գծի դանդաղաշարժությունն է: Բերեզուցկիները, Իգնաշեւիչը, Անյուկովը արդեն քանիցս ցուցադրում են իրենց անկարողությունը արագաշարժ հարձակվողների դեմ խաղում: Իսկ սրա հետեւանքով առաջացող անվստահությունը փոխանցվում է դարպասապահին: Նույն Ակինֆեեւը վերջին մեկ տարում այնքան մանկական սխալներ գործեց, որքան չէր գործել իր պրոֆեսիոնալ կարիերայի նախորդ 7 տարիներին:
Անշուշտ, նկատելի է նույն իր` Անդրեյ Արշավինի տարբերակված մոտեցումը: «Արսենալում» նրա ցուցադրած խաղը անհամեմատելի է հավաքականում ցուցադրածի հետ: Անդրեյը կարծես ապացուցում է, որ ինքն ամենակարող է միայն իր ցանկության դեպքում: Ի վերջո, «Լիվերպուլին» 4 գոլ խփողը չէր կարող վարպետության այնպիսի կորուստ ունենալ, որ հավաքականում գոնե մի քանի սուր փոխանցում չկարողանար կատարել:
Հետեւություններ
Մենք կարող ենք հաղթել, եւ սա տեսական դատողություն չէ: Վարդան Մինասյանի թիմը վերջին 20 տարում մեր հավաքականներից ամենակարողն է: Թեեւ, դրա համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, ներքին առաջնությունը սիրողական մակարդակի կողմերում է, մանկապատանեկան ֆուտբոլը` զարգացման նախասաղմնային փուլումգ
Հաստատ տափակ է հնչում, բայց այս երեկո մենք ականատես կլինենք անզիջում ու գրավիչ պայքարի: Անշուշտ, մեր հավաքականի հաղթանակի ակնկալիքով: Հաղթել կարող է ցանկացած կողմը, ոչ-ոքին նույնպես բացառված չէ: Բայցգ մենք հաղթանակ ենք ակնկալում: