Անցյալը մոռացած մարդը

24/03/2011

ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Այսօր եւս մեկ անգամ այցելեցի ՀՀ նախկին ԱԳ նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թեւի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը եւ անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում: Անկասկած, իր այս քայլով Ր.Հովհաննիսյանը արտահայտում է ՀՀ բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը եւ հեռանկարի բացակայությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին եւ հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ, ՀՀ նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Ր. Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի ՀՀ ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից»:

Հիշեցնենք, որ այս խորհուրդների հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, Վ. Օսկանյանն է, ով իր պաշտոնավարման շրջանում երբեք չի այցելել որեւէ հացադուլավորի կամ ծանր վիճակում հայտնված քաղաքական որեւէ գործչի: