Տասներեք տարի անց

24/03/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը` ապրիլի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Որպես հիմնավորում` ներկայացվել է նույն անհեթեթ պատճառաբանությունը, որ ներկայացվում է միշտ` ապրիլի 8-ին եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն: Այս մերժումը, սակայն, արդեն դժվար է տեղավորել նախորդ` մի քանի տասնյակ մերժումների տրամաբանության մեջ: Ձեւափոխելով հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը, այս դեպքում կարելի է ասել` «կմերժի, բայց չի՞ տա»: Մարտի 17-ի հանրահավաքից հետո հնչած գնահատականների, վերլուծությունների ու կարծիքների համատեքստում Երեւանի քաղաքապետարանի կողմից ՀԱԿ-ի իրազեկումն ի գիտություն ընդունելը հասարակության մեջ վերջնականապես կխորացներ «արժանապատիվ գործարքի» մասին կասկածները: Իրականում, եթե իշխանությունը ցանկանար վարկաբեկել, հեղինակազրկել ՀԱԿ-ին, ապա առանց մտածելու կարտոներ ապրիլի 8-ի հանրահավաքը: Այսինքն` Երեւանի քաղաքապետարանի երեկվա մերժումն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Կոնգրեսի հաջորդ հանրահավաքն ավելի «վճռական», «հուժկու» դարձնելու աջակցություն: Ի վերջո, ՀԱԿ-ին պետք է հաջորդ հանրահավաքին եւս որեւէ «անակնկալ» մատուցել, եւ դա կարող է լինել Ազատության հրապարակի վերավերանվաճելը: Ի դեպ, երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառել, որ Մատենադարանում կայանալիք հանրահավաքից հետո կարող է կրկին երթով Ազատության հրապարակ շարժվելու որոշում կայացվել: Իսկ այն «կոռեկտ» բացելու նախադեպ արդեն կա: Թեեւ չի բացառվում, որ ժանրի կանոնների համաձայն` այս անգամ ոստիկանները մի քիչ ավելի երկար դիմադրեն: Մի խոսքով, ամեն ինչ կարծես ընթանում է «շախմատային» խաղի կանոններով: Երեկ իշխանությունը Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ կատարեց պարտիայի հերթական քայլը: ՀԱԿ-ը մինչեւ ապրիլի 8-ը մտածելու ժամանակ ունի: Ի դեպ, թերեւս տեղին է հիշել այսօրվա հետ կապ չունեցող, սակայն շատ խորհրդանշական մի իրադարձության մասին: Եվ նախկին, եւ ներկա իշխանություններին մոտ կանգնած, իրազեկ աղբյուրները պնդում են, որ 1998 թվականի փետրվարի 3-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ` ցերեկը, ՀՀ առաջին նախագահն ու Սերժ Սարգսյանը շախմատ են խաղացել: Թե ով է հաղթել` հայտնի չէ: