Հնարավո՞ր է արդյոք իշխանափոխություն իրականացնել, եթե Ազատության հրապարակն «ազատագրելուց» հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տուն է ուղարկում:
Երեկ հրավիրված ասուլիսում այդ հարցին ի պատասխան` Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե «Կոնգրեսը տվյալ պահին ադեկվատ որոշում է» ընդունել: Այսինքն` եթե Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեր Ազատության հրապարակում մնալու եւ անժամկետ ակցիա սկսելու համար, դա կլիներ ոչ «ադեկվատ որոշում»: «Կա մի 10-15 տոկոս ժողովուրդ, որը պահանջում է միայն արմատական քայլեր` մնալ, ջարդել եւ այլն, եւ նրանց թիվը աճում է, բայց կա նաեւ շատ չափավոր ժողովուրդ, որը, օրինակ, նույն ռադիկալ քայլերից վախենում է: Նրանք կողմնակից են խաղաղ, դեմոկրատական ընթացքի: Այսինքն` շարժումը այնքան է մեծացել, որ արդեն մենք շատ լուրջ խնդիրներ ունենք այնպիսի ստրատեգիա մշակելու, որ բավարարի եւ՛ չափավոր, եւ՛ ռադիկալ թեւին»,- ասել է Զուրաբյանը` փորձելով հիմնավորել մարտի 17-ին Ազատության հրապարակից հանարահավաքի մասնակիցներին տուն ուղարկելու Լ. Տեր- Պետրոսյանի քայլը: Իսկ ՀԱԿ-ը, ըստ Զուրաբյանի` նպատակադրվել է հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճանի, որ կարողանան պարտադրել նախագահի հրաժարականն ու անցկացնել արտահերթ ընտրությունները: «Ես վստահ եմ, որ 200 հազար մարդ եթե դուրս գա փողոց, ռեժիմը ուղղակի փախչելու է»,- ասել է Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ Կոնգրեսը կողմնակից է երկրում լեգիտիմ իշխանության հաստատման սահուն գործընթացի: Ի պատասխան հարցին, թե ինչու վերջին հանրահավաքներում Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթներում չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Զուրաբյանը ասել է, թե վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը տվել է այդ հարցի պատասխանը. «Ասաց, որ նախագահական արտահերթ ընտրությունների մասին մեր պահանջը ավտոմատ նշանակում է Սերժ Սարգսյանի հրաժարականը»: «Այլ բան, որ քաղաքական գործընթացը սահուն դարձնելու համար հարկավոր է որոշ պահանջներ կատարել այս օրերին,- ասել է նա` ավելացնելով,- Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, ոչ թե` իշխանության»: Ըստ նրա, իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, հույս ունեն, որ, ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: «Դրա մասին է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով, ըստ որի` իշխանությունների եւ ընդդիմության միջեւ իբր սկսվել է երկխոսություն, եւ առճակատման վտանգն այլեւս հաղթահարված է»,- ասել է Զուրաբյանը: Այդուհանդերձ, ՀԱԿ-ի ակնկալիքը ոչ միայն 200 հազար մարդ է, այլ նաեւ Սերժ Սարգսյանի պրագմատիզմը: Ի պատասխան հարցին` թե ինչ երաշխիք կա, որ 200 հազար մարդու առկայության դեպքում Ս. Սարգսյանը կփախչի, ինչպես Լ. Զուրաբյանն է ասում, եւ ոչ թե ուժ կկիրառի ժողովրդի նկատմամբ, ՀԱԿ համակարգողն ասել է. «Այդ երաշխիքը Սերժ Սարգսյանի պրագմատիզմն է»: Դիտարկմանը, թե 2008 թվականի փետրվարի 26-ին նույնպես Համաժողովրդական շարժումը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց, սակայն իշխող վարչակազմը հրաժարական չտվեց եւ չփախավ, Զուրաբյանը պատասխանել է, թե իրավիճակն այն ժամանակ եւ այժմ բոլորովին այլ է: «2008-ին ռեժիմը շատ հզոր էր, ուժային կառույցները կուռ էին, երկիրը քիչ թե շատ տանելի տնտեսական պայմաններում էր, թեեւ այսօր առկա արատավոր համակարգը կրկին գործում էր, տրանսֆերտները շատ էին, երկիրը սոցիալական առումով գտնվում էր շատ ավելի ապահով վիճակում: Ընդդիմությունը նոր էր կազմավորվել, այսօրվա համախմբվածությունն ու ինստիտուցիոնալությունը չկար, այսինքն, իրավիճակը շատ տարբեր է նրանից, ինչ մենք այսօր ունենք»,- ասել է նա: Ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու մասին էլ Լեւոն Զուրաբյանն ասել է, որ իրենք աննպատակահարմար են համարում որեւէ ընդդիմադիր ուժի հետ բանավեճի մեջ մտնելը: «Մեր թիրախը իշխանություններն են, ժողովուրդը պայքարում է բռնապետության դեմ, եւ այդ պայքարը մենք առաջնորդում ենք»,- նշել է նա: Ի դեպ, հետաքրքիր է, որ գոնե մարտի 17-ից հետո ՀԱԿ-ի թիրախի դերում հանդես է գալիս ոչ իշխանությունը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ այդ պայմաններում ավելի հետաքրքիր է հնչում Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունն այլեւս միավորված է։ «Ընդդիմությունն այլեւս կարելի է համարել միավորված: Բոլոր ուժերը, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, արդեն միավորվել են, ովքեր նոր են այդպես մտածում, դռները բաց են»,- ասել է նա, ում կարծիքով` ընդդիմադիր ուժերի նպատակը մեկն է, պարզապես դրանցից մեկը այդ նպատակի համար պայքարում է «հարյուր-հազարանոց միտինգով, մյուսը` ծոմապահությամբ, մեկն էլ` կարմիր քարտ ցույց տալով»: Իսկ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին, Զուրաբյանը, բնականաբար, ասել է այն, ինչ բխում է Լ. Տեր- Պետրոսյանի` նախօրեին տարածած «պարզաբանման ոգուց»: «Եթե որեւէ մարդ ցանկանում է, որ հանրությունն ընկալի իր ակցիան` որպես քաղաքական հացադուլ, ինչը շատ լուրջ բան է, ինքը ընդամենը մեկ մոգական ֆրազ պետք է արտասանի, ասի, որ ահա սա է իմ պահանջը, եւ ես իմ հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ որ այս պահանջը կատարվի»,- ասել է ՀԱԿ համակարգողը: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղված է ցուցադրական ծոմապահությամբ. «Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր այսպիսի օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչեւէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»: