Ազգային ժողովը երեք օր շարունակ քննարկում էր Ընտրական օրենսգրքին վերաբերող` կոալիցիոն խմբակցությունների եւ խորհրդարանական ընդդիմության` «Դաշնակցության» եւ «Ժառանգության» նախագծերը: Կոալիցիայի ընտրական նոր օրենսգիրքը եւ ընդդիմության ներկայացրած արդեն գործող օրենքում փոփոխություններ անելու առաջարկները քվեարկության կդրվեն այսօր: Ամենայն հավանականությամբ` առաջինը կընդունվի, երկրորդը կմերժվի: Այս դեպքում անսովորն այն էր, որ Դավիթ Հարությունյանի առաջարկությամբ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրինագծերն այլընտրանքային էր ճանաչել եւ քննարկման համար երկուսին էլ դրական եզրակացություն տվել: Երկու կողմերն էլ ներկայացնում են, որ իրենց նախաձեռնություններն ուղղված են ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքները հնարավորինս սահմանափակելուն, սակայն կողմերը, առաջին հերթին` կոալիցիոն խմբակցությունները հակված չեն ընդունել ընդդիմադիրների` այդ նպատակին ուղղված առաջարկությունները: Ինչո՞ւ է իշխանությունն այդքան անհանդուրժող ընդդիմության ու նրա առաջարկությունների նկատմամբ: Փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, ով մասնակցում է օրինագծերի քննարկմանը:
– Հնարավո՞ր է, որ կառավարության ներկայացրած ընտրական օրենսգիրքն ու ընդդիմության նույնաբովանդակ նախագիծը միավորեն, ու միջանկյալ որեւէ տարբերակ ընդունվի: Կառավարությունը ցանկություն ունի՞ ընդունել ընդդիմության եթե ոչ` բոլոր, ապա` գոնե որոշ առաջարկները:
– Ես այս պահին կդժվարանամ ամբողջ կառավարության անունից խոսել, սա քաղաքական պրոցես է, որն ընթանում է պառլամենտում: Օրինագծերի հեղինակները դա պիտի քննարկեն, եթե միասնական տարբերակ եղավ, այդ դեպքում կառավարությունն իր դիրքորոշումը լրացուցիչ կարտահայտի: Դրա համար երկուսն էլ այլընտրանքային նախագծեր են, եւ հեղինակները կարող են քննարկել ու սինթեզել: Բայց պիտի հաշվի առնել, որ կոալիցիայի ներկայացրածն ամբողջական նախագիծ է, ընդդիմության նախագիծն ընդամենը փոփոխությունն է:
– Ընդդիմության այդ նախագծի նկատմամբ կառավարության դիրքորոշումը բացասական է եղել: Դուք որպես նախարար եւ որպես նախկինում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ` ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունը երբեւէ չի փորձում ընդունել ընդդիմության առաջարկությունները, նախագծերը: Եթե նույնիսկ սկզբունքորեն դրանց դեմ չէ: Ինչո՞ւ չի փորձում որեւէ փոխզիջման գնալ:
– Այս ոլորտը փոխզիջման համար ամենադժվար ստացվող տեղն է, որովհետեւ շատ հարցեր մաքուր քաղաքական են, եւ չկա դրանց իրավական լուծումը, դու չես կարող դիմացինին համոզել: Եթե մյուս դեպքերում ասում ես, թե սա հակասում է սահմանադրությանը, սա միջազգային պարտավորություններից է եւ այլն, հնարավոր է լինում եզրեր գտնել: Իսկ, օրինակ, համամասնական-մեծամասնական ընտրակարգերի դեպքում, որի շուրջ վիճում են իշխանությունն ու ընդդիմությունը, շատ դժվար է նման եզրեր գտնելը, որովհետեւ միշտ հզոր կուսակցություններին ձեռնտու է մեծամասնական ընտրական համակարգը, թույլերին ձեռնտու է համամասնականը: Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թուլությունները:
– Հզորը ու թույլը փոխարինե՞նք իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններով, որովհետեւ 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությունն ընդդիմությունն է անում, ինչը չի ընդունում իշխանությունը:
– Դուք անուններ կարող եք դնել, բայց ընդհանուր դա է: Բայց եթե վաղը մեկ հզոր կուսակցություն եղավ, որն իշխանություն չէ, իրեն ձեռք է տալու մեծամասնական ընտրակարգը: Փոքր կուսակցությունների ձայները լուծարվում են մեծամասնական ընտրակարգով, եւ իրենք չեն ներկայացվում: Բայց եթե ամբողջ երկրով մեկ են, հնարավոր է լինում հավաքել եւ ներկայացնել: Երբ ինչ-որ մի փուլում հայտնվեց մի կուսակցություն, որն ուժեղ էր, բայց իշխանություն չէր, նրան եւս մեծամասնականն էր ձեռնտու, եւ փորձը ցույց տվեց, որ մեծամասնականում բավականին մեծ տեղեր ստացան: Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Ուստի այստեղ ինչ-որ եզրեր գտնելը դժվար է: Ես չեմ ուզում այս երկու նախագծերը հակադրել, ես գտնում եմ, որ երկուսով էլ փորձ է արվում լուծել Հայաստանի ընտրական համակարգի խնդիրները: Բայց այդ լուծման ճանապարհները կամ գնահատողականության ծավալը մի փոքր տարբեր են: Կոալիցիոն տարբերակը գտնում է, որ այսքանով է այս խնդիրը լուծում` կապված հրապարակայնության, կրկնակի քվեարկության հետ: Մյուս նախագծի հեղինակներն էլ գտնում են, որ դա բավարար չէ: Բայց Կառավարությունը դեմ է լինելու բոլոր այն ձեւակերպումներին, որոնք միգուցե ի սկզբանե բարի նպատակ են հետապնդել, բայց հանկարծ չդիտարկվեն փոքրիկ ականներ: Եվ դրանք ընտրական պրոցեսների ավարտին կամ ինչ-որ մի փուլում բացառապես քաղաքական նպատակներով հնարավոր լինի պայթեցնել, ինչը կարող է իռացիոնալ դերակատարում ունենալ այդ ամբողջ ընտրության վրա:
– Իշխանություններն անընդհատ բարձրաձայնում են առանց կեղծիքի ընտրություններ անցկացնելու իրենց ցանկությունների մասին: Այդ դեպքում ինչո՞ւ չեք ընդունում ընդդիմության գոնե այն առաջարկությունները, որոնք նպատակաուղղված են կեղծիքների հնարավորությունները սահմանափակելուն: Օրինակ, ցուցակները հրապարակելու առաջարկությունը:
– Կոալիցիան գտնում է, որ ընտրողների ցուցակները պետք է 20 օր, 10 օր, 2 օր առաջ հրապարակել, որպեսզի այս գլխից որոշենք, որ մեռյալ հոգիներ այնտեղ չլինեն: Իշխանությունը գտնում է, որ կեղծելու հնարավորության սահմանափակումը ընտրական հանձնաժողովների ղեկավար մարմիններում հավասարապես ներկայացված լինելն է, գտնում է, որ վստահված անձի ֆիզիկապես այնտեղ ներկա գտնվելն է, հավասար եթերաժամ տրամադրելը դրան է ուղղված, եւ այլն: Ընդդիմությունն էլ գտնում է, որ դրանք բավարար չեն: Սա գնահատողականության խնդիր է:
– Իշխանությունների կողմից ընտրակեղծիքներ չկատարելու, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի բացակայության դեպքում այս օրինագիծը հնարավորություն տալի՞ս է սահմանափակել կեղծելու հնարավորությունները` գոնե նախորդի հետ համեմատած: Թե՞ ցանկացած օրինագծի դեպքում էլ կարող են կեղծել:
– Մեր իրավիճակում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն դրա հնարավորությունը տալիս է: Եթե խոսում ենք ընտրակաշառքի` որպես ընտրախախտման տեսակի մասին, ապա դա առնչություն չունի այս նախագծի հետ: Դա Ոստիկանության, Դատախազության, դատավարական հարթությունում է: Կա նաեւ ընտրական մշակույթ, ավանդույթներ եւ այլն: Եթե մարդը մտածում է, թե ընտրություններին գնա-չգնա, միեւնույն է, նույնն է լինելու: Ու եթե այս տրամաբանությամբ բնակչության զգալի մաս չի գնում ընտրությունների, իսկ ընտրություններին էլ որեւէ խախտում չի եղել, սա եւս ժողովրդավարական ընտրություն չի կարելի համարել:
– Կոալիցիայի օրինագծով միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներն են կազմվում կուսակցությունների անդամներից: Համաձա՞յնեք այն դիտարկումների հետ, թե ընտրությունները կեղծվում են հիմնականում տեղամասերում, եւ այս քայլով իշխանությունները ընտրակեղծիքների պատասխանատվությունը թողնում են կուսակցություններին, եւ ոչ թե դարձնում պետության խնդիր:
– Եթե իշխանությունը հակառակն աներ, վստահեցնում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն այս դեպքում էլ կասեին, թե բոլորին էլ հայտնի է, որ ընտրությունները կեղծվում են տեղամասերում, դրա համար էլ դա վերցրել են իրենց ձեռքը: Բայց երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անդամը քվեարկում է, ու երբ նրան հարցնում են, թե ինչու է այդպես քվեարկում, պատասխանում է, թե կուսակցությունն է որոշել: Սա ինձ համար նորմալ չէ:
ԿԸՀ-ն իրոք պետք է լինի անկախ մարմին: Իսկ անխոցելի, իդեալական լուծումներ գոյություն չունեն: