Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը երեկ ասուլիս էր տալիս՝ նվիրված ՆԱՏՕ-ին եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին։ Սակայն որքան էլ տկն Յովանովիչը բարեհամբույր ժպիտով խնդրեց լրագրողներին հարցեր ուղղել միայն այդ թեմայի շրջանակներում, ասուլիսի առանցքը դարձան Հայաստանի ներքաղաքական զարգացումները։ Պատասխանելով Հայ Ազգային կոնգրեսի գործունեության վերաբերյալ լրագրողների հարցերին` Մարի Յովանովիչը նշեց, թե իրենք միայն ողջունում են ներքին քաղաքականության մեջ լարվածության նվազեցումը։ Սակայն նաեւ ավելացրեց. «Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի այդ խնդիրները, եւ չեմ կարծում, որ ԱՄՆ-ը որեւէ դերակատարում պետք է ունենա»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի ընդդիմադիր դաշտի որոշակի ուժերի, ապա դեսպանը հավաստիացրեց, որ իրենք պաշտպանում են սկզբունքները, եւ ոչ թե քաղաքական անձանց կամ ուժերին: «ԱՄՆ-ը կողջունի, որ անազատության մեջ գտնվողների ազատ արձակման գործընթացը շարունակվի: Մենք ողջունում ենք մեկուկես տարի առաջ հայտարարված համաներումը: Ողջունում ենք նաեւ վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»,- ասաց Յովանովիչը՝ ավելացնելով, որ այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մ. Յովանովիչն անդրադարձավ նաեւ կառավարության հաշվետվողականության մասին իր վերջին հայտարարություններին` նշելով, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը կառավարության հաշվետվողական լինելու հանգամանքը կարեւորում է տարածաշրջանի բոլոր երկրներում: «Սակայն հաշվետվողականությունը չի նշանակում, որ ցանկացած ոք պետք է համաձայնի նրան, ինչ անում է կառավարությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխարհի յուրաքանչյուր երկրում կարելի է տեսնել, որ երբ մարդիկ կառավարության որեւէ որոշման հետ համաձայն չեն, հակված են ասել, որ կառավարությունը հաշվետու չէ: «Երբեմն դա կարող է այդպես լինել կամ էլ նշանակել, որ այդ քաղաքական ուժը պարտվել է այդ բանավեճում»,- նշեց ԱՄՆ դեսպանը: Ըստ դեսպանի` յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է որոշի, թե արդյոք իր կառավարությունը հաշվետո՞ւ ձեւով է աշխատում, թե՞ ոչ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա ասել է, «Լավ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան կարողանային առաջընթացի հասնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում եւ վավերացնել նախկինում ստորագրված արձանագրությունները»: Ըստ նրա` ԱՄՆ-ը աջակցում է առաջընթացին, սակայն, քանի դեռ դա տեղի չի ունեցել, համապատասխան աշխատանքը շարունակվելու է: Մ.Յովանովիչը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետվարչության ղեկավարի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կհարվածի Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը. «Այդօրինակ սպառնալիքները բացարձակապես անընդունելի են եւ չեն համապատասխանում խնդիրը խաղաղ կարգավորելու Ադրբեջանի հանձնառություններին»: Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է, թե կիսում է այս կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ավելի վաղ հնչեցրած մտահոգությունները: Հիշեցնենք, որ Մ. Բրայզան եւս դատապարտել էր Ադրբեջանի այդ սպառնալիքը: