Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ եւ ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունն այդ երկրում համակել է նաեւ քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի, քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքին, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթերի դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման: «Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»,- հակադարձել է Դ. Կարապետյանը: