Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո, երբ նա չինովնիկներին կոչ արեց այցելել գյուղեր, լինել գյուղացու կողքին, տաքուկ կաբինետներում նստած մեր պաշտոնյաները հանկարծ համակվեցին ինքնամոռաց սիրով՝ դեպի գյուղն ու գյուղացին։ Եվ անմիջապես շտապեցին գյուղեր։
Գյուղացու կողքին լինելու կոչը մեր իշխանավորներն այնքան մոտ ընդունեցին իրենց սրտին, եւ այնպիսի ջանասիրությամբ լծվեցին այդ գործին, որ դա արդեն վերածվեց զավեշտի։ Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը Արագածոտնի մարզի բարձր լեռնային Ավան գյուղի բնակչության հետ պատկանում է այն շարքին, որ ռեպորտաժը դիտելով՝ ափսոսում ես, որ այնտեղ չես գտնվել։ Շատ անմիջական քննարկում է եղել. մասնավորապես, վարչապետը գյուղացիներին խորհուրդ է տվել խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը բարձրացնելու համար արհեստական բեղմնավորման մեթոդը կիրառել։ Գյուղի երիտասարդ անասնաբույժն էլ արձագանքել է, թե՝ համապատասխան գործիքներ չունենք։ Վարչապետն էլ խորհուրդ է տվել մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել, պարզել, թե տարեկան կտրվածքով քանի տնտեսություն է ցանկանում արհեստական բեղմնավորում իրականացնել, եւ կառավարությունը կտրամադրի գործիքները։ Իսկը «Կարգին հաղորդման» սյուժե։
Սակայն ամենատպավորիչը վարչապետի խորհուրդն էր գյուղացիներին՝ կով կթելու վերաբերյալ։ Տիգրան Սարգսյանը գյուղացիներին հորդորել է կով կթելիս հետեւել հիգիենայի կանոններին: «Հարգելի գյուղացիներ, օրինակ, դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել: Սրանք տարրական կանոններ են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Չգիտենք՝ այդ պահին ինչ են մտածել հանդիպմանը ներկա այն գյուղացիները, ովքեր ծնված օրվանից կով են կթում, սակայն, մեր տեղեկություններով` ոչ ոք չի խնդրել կոնկրետ օրինակով ցույց տալ այդ ամենը։
Չէ, իհարկե, Տիգրան Սարգսյանն այդ ամենը հենց այնպես չի ասել. նա հղում է արել Համաշխարհային բանկի ուսումնասիրություններին, որոնք ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետեւանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։ Ինչեւէ, պետք է արժանին մատուցել վարչապետին, որ յուրաքանչյուր խավի համար՝ լինի գիտնական, չինովնիկ թե հասարակ գյուղացի, կարող է համապատասխան թեմայով դասախոսություն կարդալ։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի խոսքերից կարծես ազդվել են ոչ միայն նրա ենթակաները, այլեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը։
ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 22-ին հաստատել է 16 միլիոն դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար։ Ի տարբերություն կառավարության, որը կով կթելու եւ կաթնատվության բարձրացման համար գյուղացուն առայժմ օգնում է միայն խորհուրդներով, ՀԲ-ն կոնկրետ փող է հատկացնում, որի նպատակը «55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու եւ տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով»:
Ու չնայած մեր հավակնություններին, որ մենք պետք է դառնանք նորարարական, գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ունեցող երկիր եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային կենտրոն, ՀԲ Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը հիշեցրել է, որ գյուղատնտեսությունը շարունակում է կարեւոր ոլորտ լինել Հայաստանի տնտեսության համար եւ, «չնայած վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներին, այն պետք է վերստին աշխուժացնի իր դերն ու նպաստի երկրի տնտեսական աճին եւ զբաղվածությանը»։
Երեկ մարզերի թեմային անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի ներկայացման ժամանակ։ «Ակնհայտ է, որ այսօր Երեւանում մեր կարողությունների` քաղաքական, վարչական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գերկենտրոնացվածությունը խոչընդոտում է թե Երեւանի բնականոն զարգացմանը, թե մեր երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ տեսակետից, ըստ վարչապետի, տարածքային համաչափ զարգացվածությունն ունի ոչ միայն տնտեսագիտական, այլեւ լուրջ քաղաքական բովանդակություն: Նա նշել է նաեւ, որ այս տարի պետբյուջեից մարզերին հատկացվել է 10 մլրդ դրամ, որպեսզի մարզերը լուծեն իրենց առջեւ կանգնած առաջնային կարեւորության սոցիալական խնդիրներ: Բացի դրանից, ըստ նրա, այդ հատկացումը հնարավորություն է ստեղծելու նաեւ հաղթահարել տարածքային անհամաչափությունները:
Երեկ գյուղատնտեսության խնդիրներին անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը՝ նշելով, որ գյուղացուն անհրաժեշտ է մատչելի վարկեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, բարձրորակ սերմացու: «Շատ կարեւոր է, որ գյուղացին հստակ իմանա, որ իր բերքն իրացվելու է, որովհետեւ օրինակները շատ են եղել, երբ մարդը մեկ տարի քրտնաջան աշխատում է, ծախսեր անում, սակայն տարեվերջին ստիպված է լինում իր ապրանքը չնչին գումարներով վաճառել: Այսինքն` գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա»,- ընդգծել է Ս. Ավետիսյանը:
Մի խոսքով՝ բոլորը հանկարծ դեմքով շրջվեցին դեպի գյուղը։ Ի՞նչ եղավ, որ այդպես վերաբերմունք փոխվեց։ Ընդդիմադիր դաշտ ներկայացնող փորձագետներն ու մամուլը պնդում են, որ սա ընդամենը շոու է, այսինքն՝ ընտրություններից առաջ սեփական վարկանիշը բարձրացնելու միջոց։ Հիմնավորումն այն է, որ, պատկերավոր ասած, «ձուկը գլխից է հոտած». կով կթելու գաղտնիքներին ծանոթացնելը, ծրագրեր իրականացնելն ու վարկերի տոկոսների նվազեցումը գյուղացուն ոչ մի օգուտ չի տա, քանի դեռ նա չի վստահում անգամ իր գյուղապետին։
Ծրագրերի ու ելույթների տված իրական օգուտի մասին ոչինչ չենք կարող ասել, սակայն «շոու» սարքելու հարցում վերը նշված տեսակետն այնքան էլ հիմնավորված չէ։ Այն պարզ պատճառով, որ գյուղական համայնքներում ընտրական պրոցեսներում դրա կարիքն ամենեւին չկա. գյուղապետը ոնց ասի, այդպես էլ խեղճ գյուղացիները կընտրեն։ Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել այն պարադոքսը, որ բերքը «վրան մնացած», վարկերի տակ ճռռացող ու իշխանություններին առավոտից իրիկուն հայհոյող գյուղացիները 99.9%-ով ձայնը տալիս են իշխանությանը։
Այդ դեպքում ո՞րն է գյուղատնտեսության նկատմամբ հանկարծակի առաջացած այս ուշադրության պատճառը։ Տրամաբանական միակ պատասխանը գնաճն է։ Թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ իշխանությունները հայտարարում են, որ արձանագրված երկնիշ գնաճը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսական ոլորտի խնդիրներով, մասնավորապես՝ ցածր բերքատվությամբ։ Այսինքն՝ գնաճը մեղմելու միջոցներից մեկը գյուղատնտեսության աշխուժացումն է։ Եվ եթե գյուղացու վիճակը իշխանություններին կարող է չմտահոգել, ապա գնաճը արդեն սոցիալական բունտի լուրջ վտանգ է պարունակում, որի դեմ պետք է քայլեր ձեռնարկել։