Բիլ Գեյտսի կեսդարյա կյանքը

01/11/2005

Աշխարհի ամենահարուստ մարդ ու ամենահամեստ միլիարդատեր Բիլ Գեյտսը տոնել է իր 50-ամյակը: Բորսայում բաժնետոմսերի տատանման ժամանակ նա կարող է հաշված վայրկյաններում մի քանի միլիոն դոլար կորցնել եւ նույնքան էլ շահել: 2004 թվականին նրա եկամուտը մոտ կազմել է 38 մլրդ, նա աշխարհի 85 երկրներում 55 հազարից ավելի աշխատողներ ունի: Անիմաստ է հաշվել Գեյտսի անձնական հարստությունը, նա արդեն առասպել է դարձել: Ոմանց համար նա բարի Սանտա Կլաուս է, իսկ ոմանց համար՝ ավազակ: Նա վարում է իր անձնական «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, չունի թիկնապահներ՝ հզոր «Microsoft»-ը երաշխավորում է եւ նրա կյանքը, եւ անմահությունը: Գեյտսը ղեկավարում է եւ որոշումներ է ընդունում բառիս բուն իմաստով՝ ճոճվելով, քանի որ եւ ինքը, եւ իր օգնականները նստում են ճոճվող բազկաթոռների մեջ: Գեյտսի կարծիքով՝ ճոճվելը խթանում է մտածելու պրոցեսը եւ օգնում նոր գաղափարների ի հայտ գալուն: Դեռ 13 տարեկան հասակում Գեյտսն իր ընկերոջ՝ Պոլ Ալլենի հետ ստեղծեց առաջին, բավականին պրիմիտիվ տելեթայպային-կոմպյուտերային տերմինալը: Նրանք գիշերներն անցկացնում էին մի ընկերության գրասենյակում, որտեղ փորփրում էին կոմպյուտերները եւ վարձի փոխարեն` ստեղծում հակավիրուսային ծրագրեր: Նրանց առաջին աշխատանքը Սիեթլ քաղաքի տրանսպորտային երթեւեկության վերլուծությունն էր, որը գնեցին քաղաքի իշխանությունները: Հետագայում Գեյտսը սկսեց սովորել Հարվարդի համալսարանում եւ զուգահեռ՝ կատարելագործել «արհեստական ինտելեկտի» լեզուն: Աշխատանքն այնքան կլանեց պատանի Գեյտսին, որ նա անավարտ թողեց ուսումը եւ իր հավատարիմ ընկերոջ հետ հիմնեց «Microsoft»-ը: Սկզբում այդ ընկերությունը անձնական օգտագործման համար նախատեսված, տարածում ստացող համակարգիչների համար էր ծրագրեր գրում: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում «Microsoft»-ն այսօր, գիտեն բոլորը:

Այժմ Բիլ Գեյտսն ապրում է Վաշինգթոն լճի ափին գտնվող 113 մլն դոլար արժեցող տանը, որը կառուցված է ապակուց եւ սոճու փայտից: Այդ տունը ամենաթանկ անձնական սեփականությունն է, եւ Գեյտսը, որպես անշարժ գույքի սեփականատեր՝ տարեկան միայն 1 մլն դոլարի հարկեր է վճարում: Յուրաքանչյուր այցելու, առաջին անգամ մտնելով Գեյտսի տուն, ստանում է ասեղի չափի փոքր հաղորդիչ, որտեղ ամրագրված են այցելուի բոլոր նախասիրությունները՝ նրա սիրած ֆիլմերը, հաղորդումները, երաժշտական ուղղությունները, նկարները: Համակարգը հաշվի է առնում հյուրի ճաշակը եւ հարկ եղած դեպքում օգտագործում այդ տվյալները: Իսկ տան պատերի գույնը եւ լուսավորությունը համակարգչի շնորհիվ կարող է փոփոխվել եւ հարմարեցվել տիրոջ տրամադրությանը: Տարածքում նաեւ 30 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոտնակ կա: Գեյտսի սերը սպորտային արագավազ մեքենաներն են: Նա սիրում է «Պորշ» եւ «Ֆերրարի» մեքենաներով խելագար արագությամբ սլանալ Նյու Մեքսիկոյի անապատներով, եւ երբեք չի կապում անվտանգության ամրագոտիները: Գեյտսի գրադարանը ահռելի տարածք է զբաղեցնում, իսկ բազմաթիվ գրքերի կողքին` գրադարանում բատուտ է տեղադրված: Գեյթսը սիրում է թռչել բատուտի վրա, համարելով, որ թռիչքն ու ճոճվելը կենտրոնացնում են մտքերը: Տան տարածքում լողավազան, ճապոնական բաղնիք եւ իշխան ձկով լի լիճ կա: Ամուսնանալով Մելինդայի հետ, Գեյտսը մեղմացրեց իր տան ճարտարապետական ոճն ու շատ շինություններում բետոնը փայտով փոխարինեց: Մելինդա Ֆրենչը երկար տարիներ աշխատել է «Microsoft»-ում, «տիրոջ» հետ պատահական է ծանոթացել: Ամուսնությունից եւ դստեր` Ջենիֆերի ծնունդից հետո Մելինդան չի աշխատում եւ իր կյանքի մասին պատմող հարցազրույցներ չի տալիս:

2000 թվականին Գեյտսի հարստությունը զգալիորեն նվազեց, քանի որ նա մեծ գումարներ տրամադրեց բարեգործական նպատակներով: 1994թ. նա գնեց Լեոնարդո դա Վինչիի նկարների հավաքածուն, որն արդեն մի քանի տարի ցուցադրվում է Սիեթլի թանգարանում:

Կոմպյուտերային հսկան « Microsoft»-ում շատ համեստ աշխատասենյակ ունի՝ սովորական գրասենյակային կահույքով: Պատին փակցված են «Պենտիում» պրոցեսորի մեծ լուսանկարը, նաեւ՝ Ալբերտ Էյնշտեյնի, Լեոնարդո դա Վինչիի եւ Հենրի Ֆորդի դիմանկարները: Այդ երեք հանճարների նկարների դիմաց կախված են Գեյտսի երեք զավակների լուսանկարները: Ըստ իր կտակի՝ Գեյտսը զավակներին ժառանգել է մեկական միլիոն դոլար եւ ոչ մի ցենտ ավելի, ասելով, որ երեխաներին չի կարելի երես տալ, այլապես նրանցից կարգին մարդ դուրս չի գա: Իր 50-ամյակն աշխարհի ամենահարուստ մարդը դիմավորում է հաջողության եւ փառքի գագաթնակետում, սակայն ոչ մի վայրկյան չի դադարում աշխատել եւ պայքարել մրցակիցների եւ ինքն իր հետ: Նա սիրում է կրկնել հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի բառերը. «Նրանք կարծում են, որ ես վերջացել եմ: Հիմար է նա, ով այդպես է կարծում»: Գեյտսը կարծում է, որ հաջողակ մարդն ինչ-որ չափով նաեւ խենթ է: «Հաղթում են միայն պարանոիկները»,- ասում է նա:

Բիլ Գեյտսի վերջին կանխատեսումը վերաբերում է DVD ֆորմատի ձայներիզներին. «Դրանք ապագա չունեն, քանի որ պրակտիկ չեն, 10 տարի հետո ոչ ոք չի օգտագործի այդ ֆորմատը»: Նրա կարծիքով` ապագան սկսվելու է ինտերակտիվ հեռուստատեսության զարգացումով, որը թույլ կտա սեփական նախասիրությունների համաձայն հեռուստացանց կազմել: Մոտակա 30 տարում համակարգիչներն էլ ավելի կհեշտացնեն մարդկանց կյանքը, իսկ բջջային հեռախոսները, նոութբուկերը եւ անձնական օգտագործման համակարգիչները միմյանց կլրացնեն:

Ըստ ինտերնետային նյութերի`
պատրաստեց Ն.ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ