Ազգային ժողովն այս քառօրյա նիստերին քննարկում էր ժողովրդավարական պահանջների հետ կապված երկու կարեւորագույն օրինագծեր: Առաջինը կոալիցիոն կուսակցությունների հեղինակած նոր Ընտրական օրենսգիրքն էր, եւ «Դաշնակցություն» ու «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկությունների նախագիծը` գործող օրենսգրքում փոփոխություն կատարելու հետ կապված: Երկրորդը կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրինագիծն էր: Թե կոալիցիոն խմբակցությունների ընդունած օրենքները որքանով կնպաստեն Հայաստանում այդ ոլորտների կայացմանը կամ ընդհանրապես մեր երկրի ժողովրդավարացմանը, այսօր դժվար է ասել: Սակայն մի բան պարզ է, որ ՀՀ իշխանություններն օրենսդրական այս փոփոխությունները նախաձեռնեցին 2008թ. նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո, այն էլ եվրոպական կառույցների ճնշումներից հետո: Հիշեցնենք, որ գործող օրենքը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, ինչն առաջացրել է միջազգային կառույցների դժգոհությունը: Օրինակ, մարտի 1-ի դեպքերից հետո այդ օրենքում փոփոխություններ կատարվեցին, որոնցով հնարավորինս խստացվեց եւ սահմանափակվեց հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը: Միջազգային կառույցների քննադատություններից հետո այդ փոփոխությունները նորից չեղյալ համարվեցին, սակայն նույն կառույցների բնորոշմամբ` այն հեռու է ժողովրդավարության պահանջներից:
«Հավաքների ազատության մասին» օրինագիծը պետք է կանոնակարգի քաղաքական բնույթի միջոցառումները: Այդ նպատակով այժմ գործում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը: Նոր օրինագծի ընդունման դեպքում գործող օրենքն ուժը կորցրած կճանաչվի: Իսկ հասարակական-քաղաքական բնույթի մյուս բոլոր միջոցառումները` հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ այլն, կկոչվեն հավաք: Եվ ըստ այդ օրինագծի սահմանման` «հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս օրինագծի ընդունման անհրաժեշտությունը նախ բացատրում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին համապատասխանեցնելու պատճառաբանությամբ: 2005թ. տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումներ, մինչդեռ գործող օրենքն ընդունվել էր 2004թ.: Եվ գործող Սահմանադրության մեջ հասարակական-քաղաքական բնույթի միջոցառումները կոչվել են հավաք: Այսինքն` գործող օրենքում նշված տերմինները չէին համապատասխանում Սահմանադրության պահանջներին: Նախարարը նաեւ ասում է, թե այս օրինագծով լուծել են կառուցվածքային որոշ խնդիրներ` եթե ներկայումս այդ միջոցառումների կարգավորումները կարելի է գտնել տարբեր օրենքներում, ապա հիմա փորձել են դրանք կենտրոնացնել այս օրինագծում:
Իսկ բովանդակային ի՞նչ փոփոխություններ են արվել, որ հավաքները հնարավորինս ազատ պայմաններում տեղի ունենան: Իշխանության ներկայացուցիչներն օրինակ են բերում, թե նոր օրինագծում առանձին դրույթներով սահմանված են ինքնաբուխ հավաքներ եւ շտապ հավաքներ հասկացությունները, ինչը չկա գործող օրենքում: Ինքնաբուխ է սահմանվել այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով, իսկ շտապ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով, ու այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Ինքնաբուխ եւ շտապ հավաքների համար օրինագիծը սահմանել է առավելագույնը 6 ժամ տեւողություն: Հ.Թովմասյանի խոսքերով` գործող օրենքում զանգվածային միջոցառումները դադարեցնելու համար չափազանց մեծ լիազորություններ են տրված Ոստիկանությանը, ինչն այս նախագծով սահմանափակվել եւ հստակեցվել է: Ընդ որում` նախագծում նշված է, որ եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, Ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու այն: Որոշակի փոփոխության են ենթարկվել նաեւ հավաքներն իրազեկելու մասին դրույթները: Հանվել է հանրահավաքների արտոնման դրույթը եւ փոխարինվել իրազեկման դրույթով: Այսինքն` հավաք կազմակերպողը պետք է գրավոր իրազեկի լիազոր մարմնին: Վերջինս, եթե նույնիսկ չի արձագանքում, լռություն է պահպանում, դա համարվում է դրական արձագանք: Իսկ եթե որոշ պատճառներով լիազոր մարմինն արգելում է տվյալ օրը, տվյալ ժամին եւ տվյալ վայրում հավաք անցկացնել, պետք է հիմնավորի իր որոշումը, բանակցի կազմակերպիչների հետ` հնարավոր փոխզիջում գտնելու նպատակով, լսի հավաքի կազմակերպիչների պահանջները: Այս դրույթները գործող օրենքում էլ մոտավորապես նույն բնույթն ունեին, սակայն լիազոր մարմինը շատ հաճախ մերժում էր հայտերը` պատճառաբանելով, թե այդ նույն օրը, նույն ժամին, նույն վայրում այլ միջոցառում է թույլատրված: Դրա համար էլ նախագծում նշված է, որ իրազեկումների մասին հայտերը կամ որոշումները պետք է տեղադրվեն լիազոր մարմնի` տեղական ինքնակառավարման մարմնի կայքում, որպեսզի դիմողն իմանա, թե տվյալ վայրում հավաքներ անցկացնելու համար որ օրն է ազատ:
Օրենքն այս բարելավումների շնորհիվ դարձել է ավելի հստակ ու թափանցիկ. ասում է նախարարը: Մինչդեռ նույնիսկ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն այս օրինագծում բազմաթիվ սողանքներ է տեսնում: Օրինակ, նրա կարծիքով` նախագծում գործածվել են բազմաթիվ գնահատողական հասկացողություններ: Մասնավորապես` «կոպտորեն խախտել է հավաքի բնականոն ընթացքը»: «Եվ սա թողնված է Ոստիկանության հայեցողությանը: Արդյո՞ք այս դեպքում չեն կարող առաջանալ որոշակի չարաշահումներ»,- հարցնում է պատգամավորը: «Իրավաբանության մեջ ձեռնպահ մնալ կամ չունենալ գնահատողական գնահատականներ, այն էլ` նման իրավահարաբերություններում, բավականին դժվար է: Մենք չպետք է վախենանք այս պարագայում որոշակի հայեցողություն թողնել Ոստիկանությանը, բայց միաժամանակ պետք է ուշադրություն դարձնենք, որ Ոստիկանության համար ամրագրված են, թե վարչարարության բոլոր սկզբունքներն այս պարագայում եւս գործում են, եւ վարչական մարմինը եւս պետք է գործի առնվազն համաչափության սկզբունքով»,- պատասխանեց Հ.Թովմասյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր, թե օրինագծում ինչու հստակ չէ հավաքների իրազեկման հայտերի հրապարակային լինելը: ՀՅԴ-ն օրինագիծ էր ներկայացրել, որ հավաքները թույլատրող մարմինը` տեղական ինքնակառավարման մարմինները, նման միջոցառումների հայտերը հրապարակեն համացանցում: Ա.Մինասյանը գտնում է, որ այս հնարավորությունը ներկայացված օրինագիծը լիարժեքորեն չի տալիս: «Առաջին հայացքից թվում է, որ սա մեղմ նախագիծ է, բայց չափազանց շատ սուբյեկտիվ որոշում կայացնելու լիազորություն է տալիս թե լիազոր մարմիններին` ՏԻՄ-երին, եւ թե Ոստիկանությանը, ինչը առանձին դեպքերում կարող է խոչընդոտել խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը»,- ասում է Ա.Մինասյանը: