Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը միակողմանի դիպուկահարներին դուրս բերելու առաջարկ չարեց Ադրբեջանում, ասել է. «Պետք է աշխատել Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի, որոնք դրական են արձագանքել դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկին»: Նաեւ հավելել է. «Նկատի ունենալով, որ դժվար թե կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից այսպիսի քայլերի նկատմամբ որեւէ համարժեք պատասխան դիրքորոշում եւ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում համառորեն մերժում է միջազգային հանրության կողմից հնչեցվող առաջարկները, ապա առաջին հերթին Աժուբալիսը փորձում է Հայաստանի օգնությամբ ինչ-որ դրական տեղաշարժ անել այս ուղղությամբ»: Նալբանդյանի կարծիքով` Աժուբալիսը Բաքվին եւս մեկ առաջարկ կանի, քանի որ նա նման առաջարկ նախկինում էլ է արել. «Այդպիսի առաջարկներ արել են Բան Կի Մունը, այդպիսի առաջարկներ արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրության տարբեր ատյաններ են արել այս առաջարկները, բայց Ադրբեջանը մինչ այսօր համառորեն մերժում է այդ առաջարկները: Սա է իրականությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: