ՀԱԿ հայտարարությունը

24/03/2011

ՀԱԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Մարտի 17-ի հանրահավաքը հիրավի շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այն նաեւ ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում` լուծել խաղաղ ճանապարհով: Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է` հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճան, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀԱԿ-ը ՀՀ-ում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից, ավերածություններից, անդառնալի կորուստներից: Բայց ժողովրդի համբերությունը սպառվում է: Օրեցօր վատացող սոցիալական վիճակը մեծացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը: Ամեն օր տեղի է ունենում հասարակության տրամադրությունների արմատականացում: Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես, հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Այդ է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով` փորձելով համոզել ժողովրդին, թե, իբր, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ արդեն երկխոսություն է սկսվել, եւ քաղաքական ճգնաժամը արդեն լուծվում է։ Սա անհեռատես կեցվածք է։ Դա նրանք անում են` սարսափած երեք հաջորդական հանրահավաքների հզորությունից, եւ հասկանում են, որ ապրիլի 8-ին ակնկալվող հանրահավաքը էլ ավելի ծանր վիճակի մեջ կդնի ռեժիմին: Նման անհեռատես կեցվածքը, եթե այն շարունակվի, եւ իշխանությունները հապաղեն համաժողովրդական պահանջները կատարելու հարցում, ապա դրանով միայն մոտեցնելու են ժողովրդի ցասման օրը: Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության` վաղուց հայտարարված պայմաններով եւ արտահերթ ընտրություններ նշանակելու միակ օրակարգով։ Ուստիեւ բոլորին կոչ ենք անում` սկսել համազգային նախապատրաստություն` ապրիլի 8-ի հանրահավաքին, եւ հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով»: