Ուկրաինական պատկերներ

24/03/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վերջին անգամ Ուկրաինայում եղել եմ դեռ «նարնջագույն իշխանությունների» օրոք: Դոնեցկի շրջանում, ուր մեկնել էի ազգականներիս այցելության, ինձ հանդիպած մարդկանց մեծ մասը, «նարնջագույններին», անկեղծ ասած, չէր սիրում: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին նոր ընտրություններին, որպեսզի իրենց ձայնը տան Վիկտոր Յանուկովիչին, ով, ինչպես նրանք էին ասում այն օրերին, «Փպ ՊՌսՏ» է, ասել է թե` Ուկրաինային պետք է կարգին ղեկավար, ոչ թե «Յուշչենկոյի ու Յուլյայի» նման: Դոնեցկի շրջանի շարքային բնակիչների քննադատության հիմքում ընկած էր այն, որ երկիրը ղեկավարելու ողջ ժամանակահատվածում նախագահը հիմնականում պոպուլիզմով էր զբաղվում եւ հեռուստատեսությամբ «մարդասիրական մտքեր» էր շարադրում մի քանի ժամանոց ելույթներում, իսկ վարչապետը… նրա դեմ ուղղված մեղադրանքները չեմ ուզում կրկնել. դրանք բավականին ծանր մեղադրանքներ էին: Բայց ահա հիմա իշխանության գլխին դոնեցկցիների սիրելին է` Վիկտոր Յանուկովիչը, եւ հետաքրքիր էր, թե ինչ է փոխվել այն ժամանակներից ի վեր:

Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները բավականին արագ զգացվեցին` գնացքով ռուս-ուկրաինական սահմանը hատելու պահից սկսած: Առաջ «դեղնա-կապտավուն» (Ուկրաինայի պետական դրոշի գույներն են) ծառայություններն առիթը բաց չէին թողնում` «կպչելու» ռուսական կողմի ուղեւորներին` ամեն գնով փորձելով մաղարիչ պոկել: Այժմ վերաբերմունքը շատ ավելի զուսպ է: Մաքսային ստուգումներն ավելի լոյալ են դարձել: Համենայն դեպս` ոչ ոք չէր քրքրում կանանց ձեռքի պայուսակները, ինչպես նաեւ` ուղեբեռը: Հազիվ թե պատճառն այն է, որ ուկրաինական մաքսայինների «ռենտգենային տեսողությունն» է զարգացել, եւ նրանք սովորել են ուղեբեռն անզեն աչքով ուսումնասիրել: Փաստն այն է, որ ոչ մի ճամպրուկ չբացվեց մանրամասն զննության համար: Սակայն քիչ անց մեզ ոչ այնքան հաճելի անակնկալ էր սպասվում: Հատկապես մոլի ծխողներիս համար: Ուկրաինայի տարածքում գնացքի մեջ ծխելն արգելվա՛ծ է. ո՛չ զուգարանում, որտեղ կարող է հակահրդեհային ազդանշանը միանալ, ո՛չ վագոնի փակ հարթակի վրա, ո՛չ էլ, բնականաբար, վագոնում… Դրա համար տուգանում է կամ Ոստիկանությունը` Տրանսպորտային ոստիկանությունը թե սովորական Ոստիկանությունը. այնքան էլ պարզ չէ, քանի որ իրենք` աշխատակիցները, իրենց անվանում են միլիցիա, մարդիկ` նույնպես, իսկ համազգեստների վրա գրված է` ,Police»: Հետաքրքիր էր` ո՞ւմ մտքով է անցել ծխելն արգելելը: Ուղեկցորդուհին պարզաբանեց` Յանուկովիչի: Առողջ ապրելակերպի կողմնակից Ուկրաինայի նախագահը մտահոգվում է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ Ուկրաինա ժամանող բոլոր մարդկանց առողջությամբ: Ծխել կարելի էր միայն երկար կանգառների ժամանակ` այնտեղ, ուր գնացքը կանգ է առնում մոտ հինգ րոպե: Սակայն, քանի որ գնացքը ճեպընթաց էր, ապա հաջորդ կանգառը լինելու էր գրեթե Դոնեցկի մոտ` ճամփորդության վերջին կետում: Հաշվարկելով ճամփորդության ժամկետը` ես որոշեցի «տուգանվել», բայց ծխել, եւ ուղեկցորդուհուն հարցրեցի տուգանքի չափի մասին, որ ազնվորեն վճարեմ, ապա հանգիստ խղճով օրգանիզմս «ամրապնդեմ» նիկոտինով, իսկ եթե որեւէ մեկն առարկի դրա դեմ, հպարտ-հպարտ նրա քթի տակ թափահարեմ ինդուլգենցիայի անդորրագիրը: Պարզվեց, որ պետք է հարցնել ոչ թե ուղեկցորդուհուն (նա չգիտեր), այլ տրանսպորտային միլիցիոներ-ոստիկանին, ով առանց կանգ առնելու` վագոնից վագոն էր տեղափոխվում: Շնորհիվ նման շարժականության` գնացքներում փաստորեն զրոյի են հասցված հանցագործությունները, սակայն ծխողների համար կրկնակի դժվար է: Մի խոսքով` պարզվեց, որ գնացքում ծխել չարժե. իրավապահ մարմինների աշխատակցի ասելով` տուգանքի չափը կարող էր տարբեր լինել` մոտավորապես 20-200 դոլար (գրիվնայով): Նման մեծ տարբերությունը բացատրվում էր շատ պարզ. եթե տուգանքը տեղում վճարես, այն կկազմի մոտ 20 դոլար` կախված «հսկիչի» տրամադրությունից եւ այն բանից` դուր կգա՞ս նրան, թե՞ ոչ: Ինչ-որ բան ապացուցելու փորձերը, վեճը, խմածության աստիճանը եւ այլն մեծացնում են տուգանքի չափը: Տուգանքը վճարելուց հրաժարվելու դեպքում այն կարող է հասնել առավելագույնը 200 դոլարի: Այդ դեպքում, ինչպես բացատրեց միլիցիոներ-ոստիկանը, ծխողին կարող են իջեցնել գնացքից եւ տուգանքի մասին անդորրագիրը նրան ուղարկել Ուրաինայի Արդարադատության նախարարության միջոցով: «Բայց հաշվի առ հետեւյալը. նախարարությունում խորամանկում են եւ ծանուցագիրն ուղարկում միջադեպից մի տասը օր անց, որպեսզի կրկնակի գումար պոկեն, քանի որ ըստ օրենքի` տուգանքը պետք է վճարել տասն օրվա ընթացքում»,- ինձ վստահելով` պատմեց իրավապահ մարմնի աշխատակիցը: Նրա պատմածից հետո ծխախոտային սուր կախվածությունս դադարեց այդքան սուր լինելուց…

Երկրի մասին, ուր հյուր ես եկել, առաջին տպավորությունը ստանում ես ավտոմեքենաների «տեսականուց», ճանապարհների վիճակից եւ մթերային խանութների գներից: Ավտոմեքենաների խնդիրը բավականին բարդ էր: Դոնբասի ճանապարհներով ինչ մակնիշի մեքենա ասես որ չի շարժվում` սկսած առաջին մոդելի ծակծկվելու աստիճան ժանգոտած «Ժիգուլիներից» մինչեւ «…». այստեղ ըստ ձեր ճաշակի կարող եք դնել ցանկացած թանկարժեք մոդելի մեքենա, եւ չեք սխալվի: Ճանապարհներն ընդհանուր առմամբ վատը չեն: Իդեալական հարթությանը հանկարծ փոխարինում են կարծես ռմբակոծությունից հետո առաջացած մեծ-մեծ փոսերը, անհասկանալի հողաթմբերը, երբեմն էլ մի քանի մետր ճանապարհ առանց ասֆալտի է: Հազվադեպ հանդիպում են ճանապարհային շինարարներ, ովքեր, չգիտես ինչու, վերացնում են ոչ թե խորը փոսերը, այլ ինչ-որ «ոչ ճակատագրական» անհարթություններ: Մթերքի գները ցածր են, հատկապես, եթե համեմատենք Մոսկվայի հետ: Սակայն տեղացիները դժգոհում են. աշխատավարձերն ու թոշակներն ընդհանուր առմամբ ցածր չեն, սակայն կեսից ավելին ծախսվում է կոմունալ վճարների վրա, այդ պատճառով բոլոր մթերքները չէ, որ մշտապես հասանելի են: Յանուկովիչի առթիվ ծագած «էյֆորիան» ի չիք է դարձել գների աճի հետ մեկտեղ: Ճիշտ է, «նարնջագույնների» հանդեպ «կարոտախտ» նույնպես չկա: Տեղի բնակչությունը մշուշոտ պատկերացում ունի երկրի քաղաքական ապագայի մասին: Նրանց գլխավոր մտահոգությունը, ինչպես եւ ցանկացած մարդու համար, աշխատանք ունենալն է: Իսկ այդ հարցում ամեն ինչ չէ, որ հեշտ է:

Ուկրաինական չափանիշներով փոքրիկ Դոկուչաեւսկ քաղաքում (բնակչությունը 30 հազար է, բայց այնտեղ կա շատ հաճելի կենդանաբանական այգի) զրուցասեր տաքսիստը դժգոհում էր, որ երկու դիպլոմ ունենալով` ինքը ստիպված է մեքենա վարելով փող աշխատել: «Տղաս նույնպես երկու կարմիր դիպլոմ ունի, աղջիկս էլ բարձրագույն կրթություն ունի, բայց աշխատանքի հարցը բարդ է»: Հասարակ ու կարմիր դիպլոմների նման քանակը, ինչպես նաեւ` մեքենայի նստատեղերի ծածկոցներն ու զանազան մանր-մունր բաների առատությունն ինձ կասկածելի թվացին: Դե իհարկե, հայրենակի՛ց է: Աշխարհում գոնե մի բնակելի վայր կա՞, Ադրբեջանից բացի, որ ազատ լինի մեր` հայերիս ներկայությունից: Իսկ Գրիշան (այդպես էր վարորդի անունը) հպարտությամբ հայտնեց, որ Դոկուչաեւսկում արդեն հիսուն հայ ընտանիք կա: «Բայց այստեղ առաջին հայը ես եմ եղել».- գլուխը գովեց նա, ով այս կողմերն էր հասել Ղարաբաղ-Հայաստան-Ուկրաինա երթուղով դեռ պատերազմից մի քանի տարի առաջ: Ինչ-որ ազգականներ են համոզել տեղափոխվել այստեղ: Իրենք էլ` ուրիշներին: Այդպես էլ ձեւավորվել է «հայ համայնքը»: «Հաշտ ու համերաշխ ենք ապրում, օգնում ենք իրար ինչով կարողանում ենք… Մեկը առեւտուր է անում, մեկն էլ ինձ նման տաքսի է քշում… հարեւան գյուղում երկու հայ ընտանիք ոչխար են պահում»: Եվ, ինչը բնական է նախկին ԽՍՀՄ-ի ցանկացած հատվածում, առաջ ավելի լավ էր. Գրիշան ավտոբուս է ունեցել, եւ, ինչպես «իսկական հայ», մի փոքրիկ «ցեխ»: Սակայն հետո հանկարծ առողջության հետ կապված խնդիրներ են ծագում, ու ոչ ավտոբուս, ոչ «ցեխ». ամեն ինչ ծախսվում է բժիշկների վրա: Զրոյից սկսելու համար արդեն ուժերը չեն հերիքում. Աստված տա` երեխաները կարողանան վերջապես մի բան անել, իրեն չեն թողնի: Իսկ քանի դեռ նրանք առանձնապես մի բանի չեն հասել, Գրիշան տաքսի է վարում: Տեղափոխվել Դոնեցկ նա չի ուզում, թեեւ այն մեծ քաղաք է, եւ փող աշխատելն այնտեղ ավելի հեշտ է. մեծ քաղաքում պրոբլեմներն էլ են մեծ, իսկ փոքր քաղաքում ավելի քիչ են: «Կարող է ժամանակին սխալվել եմ… Ամեն դեպքում հայերը պետք է Հայաստանում ապրեն»,- հանկարծ տխրությամբ ասաց նա, երբ հրաժեշտ էինք տալիս իրար, եւ էլ ավելի տխրեց, երբ իմացավ, որ Դոկուչաեւսկ եմ եկել ընդամենը մի երկու օրով: «Ես էլ կարծում էի` մերոնց կհավաքեմ, կնստենք-կխոսենք»:

Հետդարձի ճամփան նույնքան տանջալի էր ծխողներիս համար, եւ Ռուսաստանի սահմանը հայրենի տուն թվաց: Թեեւ վագոնի հարթակում, ուր խմբվել էին հազիվ սիգարետին հասած ծխողները, անմիջապես հայտնվեց ռուս ոստիկանը եւ փորձեց մեզ տուգանել: «Գնացքը ուկրաինական է, ուրեմն դուք խախտում եք ուկրաինական օրենքները»,- անհամոզիչ պատճառաբանեց նա: «Դու ինչո՞ւ ես ուկրաինական օրենքները պաշտպանում, այ ռուս մենթ»,- սրան նա չկարողացավ առարկել եւ անհետացավ սիգարետի ծխի քուլաներում… Իսկ ես, արդեն որերորդ անգամ, երբ հատում եմ հետխորհրդային որեւէ երկրի սահման, մտածեցի. իսկ ինչի՞ համար են պետք այս սահմանները. դրանք երկրի ինքնիշխանության հետ շատ քիչ առնչություն ունեն: Օրինակ` Եվրոպան… Թեեւ մենք բոլորս (հետխորհրդային տարածքում, առանց բացառության բոլորս) դեռ շատ հեռու ենք Եվրոպայից: