Տարերային աղետները հոռետեսների համար աստեղային պահ են: Կամ` նման մի բան: Ճիշտ այս պահին են նրանք հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում: Հայտնվում ու հասարակական կարծիքն իրենց ետեւից են քարշ տալիս: Դրա փայլուն օրինակները մենք կարող ենք գտնել մեր նորօրյա պատմության էջերում: 1998թ. դեկտեմբերյան երկրաշարժը ջրի երես հանեց հոռետեսների այդ խավին: Արդյունքում` հասարակական հզոր կամքը իրար ետեւից փակել տվեց «Նաիրիտն» ու հայկական ատոմակայանը: Հատուկենտ մասնագետներ էին այն ժամանակ հանդգնում ասել, որ դա անխոհեմ քայլ է: Որ ձեռնարկությունները կողպելու փոխարեն` հարկավոր է դրանք արդիականացնել: Միեւնույն է` նրանց լսող չկար: «Նաիրիտը» մինչ այսօր ուշքի չի գալիս: Իսկ ատոոմակայանի բախտը բերեց: Որովհետեւ էներգետիկ ճգնաժամը նախ մեզ ուշքի բերեց: Իսկ դա, պարզվեց, որ բավարար է, որ հասկանանք ատոմակայանի անհրաժեշտությունը: Հասկացանք: Անվտանգության նոր համակարգեր տեղադրեցինք: Բարձրացրեցինք սեյսմակայունությունը: Բայց հիմա ատոմակայանի թեման կրկին ուշադրության կենտրոնում է: Նորից հոռետեսների ժամանակն է: Նորից հրապարակում էկոլոգիական սարսափ-պատումներն են: Պատճառը ճապոնական երկրաշարժն է: Ավելի ճիշտ` դրան հաջորդած ցունամին ու Ֆուկուսիմա 1 ատոմակայանում տեղի ունեցող գործընթացները: Միայն մենք չէ, որ վախեցել ենք: Հոռետեսներ ամենուրեք կան: «Աշխարհի վերջի» տեսլականը բոլորի վրա է ազդում: Գերմանական իշխանությունները հայտարարեցին իրենց երկրի տարածքում գործող հին (1980թ. առաջ կառուցված) ատոմակայանների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Մասնագետների մեծ մասի մոտ սա տարակուսանք ծնեց: Որովհետեւ ատոմակայանների քանակով եվրոպական երկրներից առաջինը Ֆրանսիան է: Հետեւաբար, պիտի որ այս երկրում առաջինը կտրուկ քայլեր ձեռնարկվեին: Փորձագետներից շատերը գերմանական «խուճապին» բավական հետաքրքիր բացատրություն են տալիս: Ի տարբերություն Ֆրանսիայի` Գերմանիայում մայիս ամսին ընտրություններ են: Իսկ այս երկրում կանաչները ընտրազանգվածի վրա նկատելի ազդեցություն ունեն: Հետեւաբար` Գերմանիայի վարչապետն իր կառավարող կուսակցությունով չի կարող ընդառաջ չգնալ հասարակական կարծիքին: Հենց այդ պատճառով գերմանական իշխանությունները որոշում ընդունեցին մայիսին մի քանի ատմակայանների աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին: Որոշման ժամկետները «տարօրինակորեն» համընկնում են ընտրությունների անցկացման շրջանի հետ: Դե, հարուստ երկիր է: Իշխանություններն իրենց վերընտրվելու գնով կարող են թույլ տալ անջատել էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանները: Մի քանի ամիս թանկ էլեկտրաէներգիա կմատակարարեն հարազատ ընտրազանգվածին: Մի քանի ամիս կուսումնասիրեն ատոմակայանների անվտանգության համակարգերը: Ընտրազանգվածը կզգա էլեկտրաէներգիայի թանկացման իրական հեռանկարը: Ու ճիշտ այդ պահին կհայտարարվի, որ ատոմակայանների մի մասի անվտանգության համակարգերը բավարար են, իսկ մյուս մասինը նորոգվել-արդիականացվել է: Ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Ընտրազանգվածը զորավոր երեւույթ է: Զորավոր ու բավական էմոցիոնալ: Ընտրազանգվածը երբեք չի հասկանա, որ Ճապոնիան նախորդ խոշոր երկրաշարժին (1923թ.) 150-250 հազար զոհ տվեց: Իսկ մոտ 90 տարի անց զոհերի թիվը 10 անգամ պակաս է: Ու դա` տեխնիկական առաջընթացի շնորհիվ: Բարդ բնակլիմայական պայմանները ճապոնացիներին սովորեցրեցին առաջին հերթին անվտանգության խնդիրները լուծել: Հիմա բոլորն են վստահ, որ Ֆուկուսիմա 1-ի ճգնաժամի հաղթահարումից հետո ճապոնացիները կկարգավորեն նաեւ իրենց ատոմակայանների անվտանգության հարցերը: Բայց ճգնաժամի պահը օգտագործել է պետք: Հոռետեսների ազնիվ ցեղն ամեն ինչ անելու է ահ ու սարսափ տարածելու համար: Հատկապես, որ նրանց մի մասը կոնկրետ շահ ունի: Մեր ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, օրինակ, առաջինը Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսեց: Հարմար պահ է աշխարհին համոզելու, որ եթե լուսավորյալ Ճապոնիան ու Գերմանիան են վախենում, ապա «բարբարոս» հայերի ձեռքից հարկավոր է խլել այդ վտանգավոր համակարգը: Հետո ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տվեց «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Տարօրինակորեն համընկնող հարցազրույց: Ըստ Արա Աբրահամյանի` անհրաժեշտ է ստուգումներ անել Հայաստանի ատոմակայանում եւ անհրաժեշտության դեպքում փակել այն: (Դժվար է միանգամից ասել, թե ատոմական տեխնոլոգիաների մասին այդքան նուրբ դիտարկում հույն փիլիսոփա Դեմոկրիտից հետո էլ ով էր արել): Ատոմային էներգետիկայի զույգ տիտանները, հավանաբար, այն կարծիքին են, որ հայկական ատոմակայանի աշխատակիցները, ՄԱԳԱՏԷ-ի եւ Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները գլխի չեն ընկել, որ պարբերաբար ստուգումներ է պետք անցկացնել: Հիմա արդեն տեղեկացված են: Հետեւաբար` կարելի է զույգ տիտաններին շնորհակալական հեռագրեր ուղարկել: Ու հետեւել, թե որքանով են Հայաստանի իշխանությունները հաստատակամ` նոր ատոմակայան կառուցելու իրենց ծրագրերում: Հատկապես, որ հայկական ատոմակայանի դեմ հնչող կարծիքները ոմանք կապում են մեր էներգահամակարգի ներկա վիճակի հետ: Մեր էներգաարտադրող ընկերություններն աշխատում են թերբեռնված: Պատճառը պարզ է: Մի կողմից` արտադրող ընկերությունների հզորություններն են խիստ բարձր մեր սպառողական պահանջարկից: Մյուս կողմից` էլեկտրաէներգիայի թանկության պատճառով թե տնտեսվարողները, թե բնակչությունը տարիներ շարունակ կատարելագործում է էներգախնայողության իր հմտություններն ու տեխնոլոգիաները: Բայց այս իրավիճակն ավելի անհասկանալի է դառնում նաեւ այն պատճառով, որ մի քանի ամսից շահագործման կհանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը: Դրանից հետո, իհարկե, ավելի հեշտ է կրճատել էներգաարտադրող ձեռնարկությունները, քան սպառման նոր շուկա գտնելը: Խնդիր, որի լուծումը մեր իշխանություններին կարծես չի հետաքրքրում: