«Հայաստանը չի հրաժարվում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից»,- այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը կիրականացվի` հաշվի առնելով ճապոնական ողբերգությունը: Ըստ նրա` նոր սերնդի ատոմակայաններն ունեն անվտանգության բարձր աստիճան, քան Ճապոնիայում գործող կայանները, այդ իսկ առումով ռիսկերը հասցված են նվազագույնի: «Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք նոր էներգաբլոկի կառուցման մեր ծրագիրը: Բնականաբար, մեծ ուշադրություն ենք դարձնելու էներգաբլոկի աշխատանքի անվտանգությանը, հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- ասել է նա: Տիգրան Սարգսյանի խոսքով` Ճապոնիայի դեպքերը թույլ տվեցին գնահատել ատոմակայանների հուսալիությունը. էներգաբլոկները դիմացել են երկրաշարժի ցնցումներին: Հայաստանում, ըստ նրա, ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն երկրաշարժի, այլեւ այլ ածանցյալ ռիսկերով պայմանավորված ենթակառուցվածքի անվտանգությունը: