Չի հերքում, բայց հերքում է

24/03/2011

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Գլխավոր ֆինանսիստը դատի է տվել Սեւանի պոլիկլինիկայի տնօրենին» հոդվածի առնչությամբ խմբագրություն էր զանգահարել Սեւանի պոլիկլինիկայի նախկին գլխավոր ֆինանսիստ Գայանե Բադալյանը: Վերջինս հերքեց պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանի այն ենթադրությունը, թե իբր խմբագրություն ինքն էր զանգահարել եւ բողոքել տնօրենի անօրինական գործողությունների կապակցությամբ: Ըստ Գ. Բադալյանի՝ ինքը երբեք իրեն թույլ չի տա նման քայլի դիմել, նույնիսկ այն դեպքում, երբ իրեն անօրինական ճանապարհով աշխատանքից հեռացրել են: Գլխավոր ֆինանսիստի փոխանցմամբ՝ ինքը նախընտրում է անգամ չպատասխանել Հասմիկ Ղազարյանի անհիմն դիտարկումներին ու վիրավորանքներին, քանի որ, ինչպես ինքն ասաց, Սեւանում թե՛ իրեն, թե՛ Հ. Ղազարյանին «լավ» ճանաչում են: Գ. Բադալյանը նաեւ նշեց, որ դատարանի միջոցով իրեն աշխատանքից ապօրինի ազատելու փաստը կապացուցվի, եւ ճշմարտությունը կբացահայտվի: Բանն այն է, որ օրեր առաջ «168 Ժամի» խմբագրություն էր զանգահարել մի կին, ով ներկայացրեց Սեւանի պոլիկլինիկայի տնօրենի կատարած անօրինականությունների՝ աշխատավարձերի 10-30.000դրամով իջեցման, աշխատակիցներին հեռացնելու, աշխատատեղերի կրճատման ծանուցագրեր բաժանելու մասին: Նա խնդրել էր չհրապարակել իր անուն-ազգանունը՝ նշելով, որ վերոնշյալ բուժական հաստատությունում աշխատում է իր մտերիմներից մեկը: Զանգահարած կինը ներկայացրել էր տնօրեն Հասմիկ Ղազարյանի կամայականությունները՝ խոստանալով հարկ եղած դեպքում այդ ամենը փաստացի ապացուցել: