Օրեր առաջ Մարդու իրավունքների (ՄԻՊ) նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակին:
ԱԺ պատգամավորը ՄԻՊ պաշտպանին էր դիմել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների իրավունքների ոտնահարման հարցով: Հիշեցնենք, որ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի բարոյահոգեբանական հիվանդ մթնոլորտը բացահայտեց դպրոցի նախկին աշակերտը՝ 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանը: 14-ամյա տղան, այնուհետեւ` նաեւ դպրոցի ներկա եւ նախկին աշակերտները, պատմեցին դպրոցի տնօրինուհու՝ Սուսաննա Նազարյանի՝ մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների հետ գռեհիկ եւ անբարոյական բառապաշարով, բռնության կիրառմամբ փոխհարաբերությունների մասին: Տնօրինուհին աշակերտների հետ շփվում էր փողոցային բառապաշարով. «Մի աղջիկ էրեխու ասել էր՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել»,- մեր թերթին եւ այլ ԶԼՄ-ներին պատմել էր Ա. Հարությունյանը: Դրանից հետո սկսվել էին տնօրինուհու որդու եւ դպրոցի աշակերտների միջեւ «ռազբորկաները»: Բախումը տեղի է ունեցել հունվարի 31-ին` դպրոցի ներսում: Ալբերտ Հարությունյանի փոխանցմամբ՝ տնօրինուհին իրեն հայհոյել, ճանկռել եւ հարվածել էր: Մինչդեռ Ս. Նազարյանն այդ միջադեպից հետո հանդես էր եկել «զոհի» կարգավիճակում՝ իբր աշակերտն էր իրեն հարվածել: «Որոշեցի նամակ ուղղել ՄԻՊ նորանշանակ պաշտպան, երիտասարդ Կարեն Անդրեասյանին: Վերջինս երեւի 15 տարի առաջ այդ պատանիների տարիքին է եղել, եւ կուզենայի՝ մի պահ իրեն պատկերացներ այդ երեխաների վիճակում՝ ի՞նչ կզգար: Իրեն ավելի հեշտ է հիշելը, քան ինձ: Կախված այն հանգամանքից, թե ինքն ինչպես կպաշտպանի երեխաների իրավունքները, ես կհամարեմ, որ ինքը քննություն է տվել՝ կամ կկտրվի, կամ ոչ»,- մեզ հետ զրույցում ասել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: ՄԻՊ նորանշանակ պաշտպանը պատասխանել է, թե ցանկանում է ավելի խորը եւ հանգամանալից ուսումնասիրել պատգամավորի կողմից բարձրացված հարցերը: «Հաշվի առնելով, որ Դուք չեք հանդիսանում երեխաների եւ նրանց ծնողների ներկայացուցիչը, չունեք համապատասխան լիազորագիր, հետեւաբար լիազորված չեք դիմում ներկայացնել նրանց անունից, սակայն կարեւորելով երեխաների՝ իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ինչպես նաեւ` նկատի ունենալով, որ հարցն ունի բացառիկ հասարակական նշանակություն, նպատակահարմար եմ գտնում այս հարցի քննարկումը սկսել սեփական նախաձեռնությամբ»,- Ա. Բախշյանին ուղղված պատասխան-նամակում ասել է ՄԻՊ պաշտպանը: Վերջինս, ինչպես նշել էր, սեփական նախաձեռնությամբ նամակներ է ուղարկել ՀՀ ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանին եւ ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ընդ որում՝ Կ. Անդրեասյանն իր նամակներում անդրադարձել է ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության ստուգումներին: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ ուսումնասիրել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության պետական տեսչության կողմից վերոնշյալ դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում տեղ գտած ենթադրյալ խախտումները եւ արդյունքների մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ինձ՝ ուղարկելով համապատասխան փաստաթղթերի պատճենները»,- նախարար Աշոտյանին ուղղված նամակում նշել է ՄԻՊ պաշտպանը: Մեջբերեմ նաեւ Ոստիկանապետին ուղղված նամակի նույնաբովանդակ մասը, որտեղ նամակագիր Կ. Անդրեասյանը հայտնում է Կրթության պետական տեսչության ստուգումների մասին՝ խնդրելով. «ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության պետական տեսչության կողմից Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում իրականացվել են տեսչական ստուգումներ, որոնց ընթացքում, ոտնահարելով երեխաների արժանապատվությունը, նրանցից կորզվել են իրականությանը չհամապատասխանող խոստովանություններ: Ղեկավարվելով՝ «Մարդու իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ հանձնարարել ուսումնասիրել վերոնշյալ փաստերը եւ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել, թե արդյոք տվյալ դեպքում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, նախատեսված քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ»: ՄԻՊ պաշտպանի վերոնշյալ արձագանքը, ըստ Ա. Բախշյանի, դեռ չի նշանակում, թե Կ. Անդրեասյանը քննությունը հանձնել է: «Քննությունը մի քայլից չէ, երբ այդ պատանիները, ում արժանապատվությունը ոտնահարվել էր, իրենք զգան, հասկանան, որ իրենց ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանվեց, եւ դրա մասին իրենք բարձրաձայն ասեն, ես կասեմ՝ գերազանց եմ նշանակելու»,- ի պատասխան նամակներին՝ ասաց ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՀՀ ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանը խիստ նկատողություն է տվել վերոնշյալ դպրոցի տնօրինուհուն, իսկ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել տնօրինուհու դեմ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Դրանից որոշ ժամանակ անց Կրթության պետական տեսչությունն է ստուգումներ անցկացրել դպրոցում, որտեղ շոշափելի հակասություններն ակնհայտ են: Ընդ որում՝ տեսուչները թեմատիկ ստուգումներ էին անցկացրել՝ հիմք ընդունելով 14-ամյա Ա. Հարությունյանի մոր՝ Անահիտ Հարությունյանի՝ նախարարին ուղղված նամակը, որի տակ ստորագրել էին 39 աշակերտներ եւ ծնողներ: «Ուսմասվար Հակոբյանը կանչեց, ասաց՝ քննիչները, դե 2 աղջիկները, ուզում են ինձ հետ խոսել: Ասեց՝ մտի քարտուղարուհու սենյակը: Մտա-տեսա՝ ընկերներիցս մեկն էլ էր, միասին մտանք ներս (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում.- Մ.Մ.): Մտանք, հետո էդ աղջիկներից մեկն ասեց՝ բա դուք ստորագրել եք, որ Նազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Ասի՝ մի հատ թուղթ եմ ստորագրել: Հետո բերեց-ցույց տվեց, ասեց՝ էս քո ձեռագիրն ա: Ասեցի՝ չէ, ինձ չեն ստիպել, բայց Նազարյանի սեռական վիրավորանքներ տալու պահը մի քիչ վախեցա ասեմ, որովհետեւ դուրսը կայնած էին: Համ ամաչի, համ քաշվեցի, համ էլ մտածեցի բարեկամներիս մասին: Ասի՝ չգիտեմ, չէ, չեմ լսել: Հետո էլի հարցեր տվին, թե՝ Ալբերտը ի՞նչ ձեւի երեխա ա, թե մենք ո՞նց ենք բացատրում Ալբերտի՝ տնօրենի ձեռը բռնելու փաստը, ասացի՝ դե Ալբերտը իր ձեւով պաշտպանվել ա: Ասեց՝ է՞դ էլ ա ճիշտ, որ Ալբերտը բրթել ա, ասինք՝ հա: Հետո ասեցին՝ դե գրեք, որ ձեզ ստիպել են, որ ստորագրեք, մենք ասեցինք՝ նորից ենք կրկնում՝ մեզ չեն ստիպել, պրոստո ուզում էինք, որ Ալբերտը նորից գար մեր դպրոց, միասին սովորեինք: Ասեցին՝ շատ լավ, դե դրա մասին ստորագրեք: Հետո հարց տվեց, ասեց՝ սեռական բնույթի հայհոյանքներ լսե՞լ եք էդ դեպքում, ճիշտն ասած՝ էլի վախեցա, հիմա շատ եմ փոշմանել, ասեցի՝ չեմ լսել: Գրեցի-ստորագրեցի, ու իմ ստորագրածի տակ ընկերս էլ ստորագրեց»,- հուզմունքով պատմեց աշակերտներից մեկը: «Դե ես էլ գիտեի, որ իրանք (նկատի ունի տեսուչներին.- Մ.Մ.), ընկեր Նազարյանի կողմնակիցներն են, համ էլ իրանք ասացին, որ չի ձայնագրվում, բայց սենյակից դուրս եկածներից իմացա, որ տեսուչները ձայնագրում են թաքուն: Դե եթե իրանք ձայնագրում էին թաքուն, էդ նշանակում ա, որ իրանք մեր կողմից չէին, ես խի՞ պիտի իմ խաղաքարտերը բացեի, ասեի՝ ինչ գիտեմ, որ իրանք էլ մեր դեմ օգտագործեին»,- ասաց մեկ այլ աշակերտ: Ու այսքանից հետո տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաիսա Գալստյանը խոսում է տեսուչների բարեխղճության ու մեր հրապարակումներով նրանց արժանապատվությունը ոտնահարելու մասին: Ավելին՝ նա նույնիսկ կասկած հայտնեց, թե երեխաներն ինչպես իրենց տեսուչներին են «սեւացրել», նույն կերպ հավանաբար վարվել են դպրոցի տնօրինուհու նկատմամբ: Ինչեւէ, այս պահին Ս. Նազարյանի դեմ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, եւ դեռ շարունակում է խոսվել տնօրինուհու փաստաբան-ամուսնու լայն կապերի մասին: Տարօրինակ էր նաեւ այն, որ քրգործը Վաղարշապատի քննչական բաժանմունքից տեղափոխեցին ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն՝ իբր գործի անաչառությունից ելնելով (տնօրինուհու ամուսինը Վաղարշապատի քննչականի նախկին քննիչներից է), ապա Աշտարակ: Գործի քննությունը վարում է Աշտարակի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Ճանճապանյանը: