Մրցանակը՝ 15.000 ԱՄՆ դոլար

01/11/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Երեւանում տեղի կունենա վազքի միջազգային մարաթոն, որի հաղթողը, նախնական տվյալների համաձայն, կարժանանա 15.000 ԱՄՆ դոլար մրցանակի: Մարաթոնի նախագծի հեղինակն «Արարատ-Մարաթոն» կազմակերպությունն է: «Արարատ-Մարաթոնի» ներկայացուցիչների հավաստմամբ` Երեւանի մարաթոնի բարեհաջող ավարտից հետո հնարավոր է, որ նմանատիպ մարաթոներ անցկացվեն նաեւ Հայաստանի մարզերում: «Երեւան-Մարաթոնին» մասնակցել ցանկացողները պետք է անդամավճար մուծեն: Դեռեւս հայտնի չէ, թե որքան, բայց ըստ կազմակերպիչների՝ սկզբնական շրջանում գրանցվողների համար անդամավճարն ավելի ցածր կլինի, քան վերջին րոպեին մարաթոնին մասնակցել ցանկացողների համար: Ակնկալվում է, որ մրցողներ կգան աշխարհի տարբեր ծայրերից: Դեռեւս հայտնի չէ, թե Երեւանի որ փողոցներով են մրցողները վազելու: Նախնական ծրագրերով՝ մարաթոնը կտեւի 6 ժամ, որի ընթացքում երթեւեկությունը փակ կլինի: Մեքենա վարելու իրավունք կունենան միայն պետավտոտեսուչներն ու Շտապօգնության աշխատակիցները: Որպեսզի հստակ լինի, թե մրցողներից ով է առաջինը հասել «Finish»-ին, վազորդների սպորտային կոշիկների վրա հատուկ սարքեր են միացվելու, որոնք ազդանշաններ են փոխանցելու հատուկ համակարգչին: Երեւան-Մարաթոնն ակնկալվում է անցկացնել 2006թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: