Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

24/03/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հույն-տրոյական բանակցությունները վերջանում են պատերազմով

Հին հույներն, ամպերում աստվածների հետ բանակցելուց զատ, զբաղվում էին նաեւ իրական ու լուրջ գործերով` դնում էին միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ծառայության հիմքերը: Այն վաղ ժամանակներում պատերազմի, խաղաղության, բանակցային գործընթացների մասին առաջին ինֆորմացիա հաղորդողներից մեկը Հոմերոսն էր: Մենք վերն արդեն նշել ենք, թե ինչպես Տրոյայի արքայի որդի Պարիսը, գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի օգնությամբ, հափշտակեց Սպարտայի արքաներից մեկի` Արտեւիսի կրտսեր որդի Մենելայոսի կնոջը` Հեղինեին: Եվ թե ինչպես կնոջը հետ բերելու համար Մենելայոսը եղբոր` Արգոսի եւ Միկենայի արքա Ագամեմնոնի հետ զորք հավաքեց եւ գնաց պատերազմելու Տրոյայի դեմ: Սակայն պատերազմելուց առաջ հույները, այսինքն` նույն սպարտացիները փորձում են դիվանագիտական ճանապարհով հարթել հակամարտությունը եւ դեսպանություն են ուղարկում Տրոյա, որի մեջ, բացի Մենելայոսից, մտնում էր Հին Հունաստանի մեծագույն հերոսներից մեկը` Ոդիսեւսը: Հիշենք, որ Իթակեի արքան Լայերտոսի որդին էր, Պենելոպեի ամուսինը եւ Տելեմաքոսի հայրը:

Ոդիսեւս-Մենելայոս դեսպանության բոլոր կանխարգելիչ քայլերը հաջողություն չեն բերում: Տրոյացի Անտիմաքոս իշխանը, ով Պարիսի թիմից էր եւ մեծ ազդեցություն ուներ Տրոյայում, գրավում է ապակառուցողական դիրքորոշում: Նա Տրոյայի Ժողովրդական ժողովում կազմակերպում է Հեղինեին վերադարձնելու դեմ մերժողական կամպանիա: Հոմերոսը համեստաբար լռում է, բայց բացառված չէ, որ այդ Անտիմաքոսը կաշառված է եղել Հեղինեին հափշտակած Պարիսի կողմից: Իշխանը հավանաբար ունեցել է սինդրոմ, որը Չեզարե Լոմբրոզոն անվանում է բարոյականության խանգարում (follia morale. իտալ.): Ավելին, նա ատելությունից կուրացած` պահանջում է չեղյալ հայտարարել ժամանած դեսպանների անձեռնմխելիությունը եւ սպանել նրանց: Անտիմաքոսի առաջարկը, բարեբախտաբար, մերժվում է, իսկ տարածաշրջանային հասարակայնությունը ցնցվում է նման դաժան, հակադիվանագիտական առաջարկից: Մեր պատգամավորները, եթե կարդացած լինեին «Իլիականը», թերեւս, ձեռնպահ մնային իրենց գործընկերներին 2008-ին անձեռնմխելիությունից զրկելու եւ բանտ ուղարկելու քայլից: Եթե Անտիմաքոսի մտքով անգամ անցներ, թե գլխին ինչ փորձանք է գալու, նման առաջարկ հաստատ չէր անի եւ աստվածների զայրույթը չէր հրավիրի իր վրա: Հոմերոսը պատմում է, թե ինչպես հույն-տրոյական պատերազմի ժամանակ Անտիմաքոսի երկու որդիները վայր են գլորվում մարտակառքից եւ ընկնում Ագամեմնոնի ձեռքը: «Հիմա, վերջապես, դո՛ւք պատասխան կտաք ձեր հոր անամոթ քայլի համար»,- հայտարարում է արքան եւ հրամայում գլխատել խեղճ տղաներին: Հետո էլ ասում են, թե որդիները պատասխանատու չեն ծնողների արարքների համար…

Եվ այսպես դիվանագիտական բանակցությունները ձախողվում են: Առջեւում արյունալի պատերազմ է:

…«Իլիականի» իններորդ երգում նկարագրվում է մեկ այլ դեսպանության առաքելություն: Նրա կազմում են դեսպանի կարգավիճակ ունեցող Ոդիսեւսը, Աքիլլեսի հռետորական ու ռազմական արվեստի ուսուցիչ Ֆենիքսը եւ հունական պատերազմական հերոս Այաքսը:

Ուշադրություն դարձրեք, մեկից ավելի դեսպան` մեկ պատվիրակությունում: Նրանց թիվը կարող էր հասնել մինչեւ տասի: Ինչո՞ւմն է բանը: Խորամանկ հույներն իրենց առաքելությանը կարեւորություն եւ իրազեկություն, կոլեգիալ ոգի հաղորդելու ցանկությունից զատ, ամենայն հավանականությամբ, հետապնդել են պատվիրակության գործերին լրիվ տեղեկացված լինելու, մի դեսպանի կողմից` մյուսին հսկելու եւ Ժողովրդական ժողովում նրանց գործուղման լրիվ պատկերն ունենալու նպատակ: Այս բոլորը` դեռ ոչինչ, պարզվում է, որ պատվիրակությունների բազմադեսպան լինելու գլխավոր պատճառը երկրում տարբեր քաղաքական կուսակցությունների առկայությունն էր, որոնց միջեւ մշտապես ընթանում էր կատաղի պայքար ու թշնամանք: Նշանավոր քաղաքական գործիչ Դեմոսթենեսը` լինելով մակեդոնյան արքունիք գործուղված խիստ կարեւոր դեսպանության կազմում, օրինակ, այն աստիճան լարված հարաբերությունների մեջ է լինում խմբի այլ կուսակցական դեսպանների հետ, որ հրաժարվում է նստել նրանց հետ նույն սեղանի շուրջը եւ գիշերել նույն պանդոկում: Մի՞թե երեք դարը ոչինչ չի փոխում: Այս պատմությունը մեկը մեկին հիշեցնում է հայկական պառլամենտական պատվիրակության վերջերս Ստրասբուրգ կատարած այցելությունը…

Ուրեմն, վերոհիշյալ դեսպանությունն ուներ հստակ հանձնարարություն` համոզել Աքիլլեսին մասնակցել հույների կողմից Տրոյայի դեմ պատերազմին: Բանը նրանումն է, որ Աքիլլեսը տասը տարի անձնվիրաբար եւ քաջությամբ հույների համար տրոյացիների դեմ կռվելուց հետո մահացու վիրավորանք էր կրել Ագամեմնոնից: Վերջինս գողացել էր նրա հոմանուհի գեղեցկուհի Բրիսեիդին: Ըստ երեւույթին, անտիկ ժամանակներում կանանց փախցնելն արքաների հոբբին է եղել: Դրան դեռ կանդրադառնանք: Ոդիսեւսի պատվիրակությունը գտնում է Աքիլլեսին իր ցեղակից միրմիդոնների վրաններում, եւ փորձում է հերոսի զայրույթը մեղմել: Ոդիսեւսը հորդորում է նրան` խաղալով նրա հայրենասիրական լարերի վրա, քաղցր լեզու է թափում: Հիշեցնում է նրա հոր` Պելեւսի խոսքերը, ով որդուն պատվիրում է հաշտվել իր ցեղակիցների հետ: Սակայն Աքիլլեսն անդրդվելի է եւ անզիջում: Այնժամ Ոդիսեւսը գործի է դնում իր վերջին միջոցը` կաշառքը: Նա թվարկում է ընծաները` մեծաքանակ ոսկի, զտարյուն նժույգներ, լեսբուհիներ, որոնք «իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց», այդ թվում` հափշտակված «չըգնաղ» Բրիսեիդին: Ուրեմն, 21-րդ դարում որոշ կասկածելի գործարքներ աղջիկների օգնությամբ «ամրագրելու» պրակտիկան գալիս է 8-րդ դարից: Աքիլլեսն անդրդվելի է, անաղարտ եւ անկաշառ: Սակայն, երբ տրոյացիներն արդեն շրջապատում են հույների ճամբարը եւ պատրաստվում են այրել նրանց ռազմանավերը, Աքիլլեսն իր սիրելի ընկերոջը` Պատրոկլեսին օգնության է ուղարկում հույներին: Նա սպանվում է: Այստեղ արդեն Աքիլլեսը մոռանում է իր քենը եւ մարտի է նետվում: Նա վրեժ է լուծում ընկերոջ համար` սպանելով տրոյացիների գլխավոր հերոսին` Հեկտորին: Հետո Պարիսի թունավոր նետը խոցում է Աքիլլեսի թույլ տեղը` կրունկը, եւ նա զոհվում է: Աքիլլեսը քաջության, վեհանձնության եւ անձնազոհության կատարելատիպ է` զերծ խորամանկությունից, կեղծավորությունից եւ երկերեսանիությունից: Նա արհամարհում է շահը եւ ընկերոջ համար կյանքը չի խնայում: Հոմերոսը Աքիլլեսին օժտել է մարդկային լավագույն հատկանիշներով, իսկ ռուս քննադատ Վիսարիոն Բելինսկին նրան անվանել է «հերոսական Հունաստանի բանաստեղծական ապոթեոզ»:

Ոդիսեւսի դիվանագիտական արվեստը

Աքիլլեսն, իհարկե, դրական եւ սիրելի հերոս է, սակայն մեզ ավելի հետաքրքրում է Ոդիսեւսը` որպես դիվանագետ: Համեմատենք Ոդիսեւսին Մենելայոսի հետ: Հոմերոսը վերջինիս ներկայացնում է որպես հմուտ եւ ճարտասան հռետոր, որի ելույթը տպավորում եւ դուր է գալիս ներկաներին: Հետո ոտքի է կանգնում Ոդիսեւսը, որին մարդիկ, Հոմերոսի խոսքերով, գիտեն որպես «հանճարեղ», «ծանրակշիռ» եւ «անչափ խելացի»: Եվ այստեղ անհասկանալի մի բան է կատարվում: Ոդիսեւսն իրեն իրադրությանը համապատասխան չի պահում եւ մարդկանց վրա թողնում է «տխրամիտ» եւ «անգաղափար» մարդու տպավորություն: Մի՞թե սա այն «աստվածային» Ոդիսեւսն է: Բայց, եկեք չշտապենք: Ոդիսեւսը սկսում է խոսել, եւ հրաշք է կատարվում: Նրա «կուրծքն արձակում է հուժկու առնական ձայն» եւ հորդում են «ձմեռվա ձյան պես ճոխ եւ խորիմաստ խոսքերը»: Եվ Ոդիսեւսը ցույց է տալիս իր երկնային դեմքը, որի «հետ ոչ մի մահկանացու չէր մրցակցի»: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ոդիսեւսը, պարզապես, հմտորեն գործի է դնում դիվանագիտական խաղի փորձված մեխանիզմներից մեկը, որը կոչվում է «ինքնանվաստացման, ինքնափոքրացման կամ գերհամեստության բանաձեւ»: Սա խաբուսիկ մանեւր է, որից օգտվում են փորձառու դիվանագետները բանակցային գործընթացի ժամանակ. սկզբից թողնել շփոթված, երկչոտ, անգամ` անճար բանակցողի տպավորություն, թմրեցնել դիմացինի զգոնությունը, հետո շեշտակի հարվածով նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ դառնալ իրադրության տերը: Այսպես մանեւրում էր Մարկուս Ցիցերոնն իր անկրկնելի ելույթներում: Սա Ստալինի սիրած բանակցային հնարքներից մեկն էր, որից նա օգտվել է Թեհրանի, Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների ժամանակ:

Հոմերոսի մասնագետները հաշվել են, որ նա իր հերոսին` Ոդիսեւսին բնորոշում է 45 հրաշալի մակդիրով, անվանում է «աստվածային»: Հարց է ծագում, հնարավո՞ր է արդյոք այս ամենը համատեղել խարդավանքի, կեղծիքի ու նենգության հետ: Պարզվում է, որ հնարավոր է, քանզի այդ հատկանիշների շնորհիվ է, որ Ոդիսեւսը կարողանում է բարեհաջող դուրս գալ վտանգաշատ արկածներից: Մենք մեր կողմից Հոմերոսին զուգընթաց` Ոդիսեւսի դիվանագիտական դիմանկարին կավելացնեինք հետեւյալը: Նա խելացի է, խորամանկ, զգուշավոր, հնարագետ, սառնասիրտ, վտանգի ժամանակ իրեն չկորցնող: Եթե անհրաժեշտ է խաբել, խաբում է: Նա ստում է ոչ միայն այն ժամանակ, երբ դա պահանջում են հանգամանքները, նա ստում է այն ժամանակ, երբ չկա անհրաժեշտություն ստելու: Բնածին ստախոս: Հարցին ուղիղ չի պատասխանում, չի հայտնում իր անունը եւ ճանապարհորդության նպատակը: Կերպարանափոխվելու եւ խորամանկելու վարպետ: Հիշեք նրա հնարովի պատմությունների շարանը, որոնք նա լապշայի նման կախում է Պոլիթեմիի, Եվմեոսի եւ Պենելոպեի ականջներից: Այս հանգամանքը, հավանաբար, կվշտացնի դիվանագետների անաղարտ կերպարի երկրպագուներին: Սակայն, այստեղ, Հակոբ Պարոնյանի արտահայտությամբ` «նրբացուցիչ դեպք հանցանաց գոյություն ունի եղեր»: Ոդիսեւսի մեջ կա ցայտուն արտահայտված «էության երկվություն»: Բանը նրանումն է, որ իր բոլոր արատների ու թերությունների կողքին, նա, վերջին հաշվով, պայքարում է հանուն հայրենիքի, այն էլ ինչպե՜ս է պայքարում: Իզուր չէ, որ Հոմերոսն իր սիրած հերոսին համարում է վեհանձն ու հայրենասեր: Եվ Ոդիսեւսն, իրոք, այդպիսին է, քանզի հայրենիքը չի փոխում անգամ անմահության հետ, որով նրան փորձում էր գայթակղել հավերժահարս Կալիպսոն: Մենք եւս շատ խիստ չդատենք Ոդիսեւսին: Հիշենք, որ նա ապրում էր այնպիսի պատմական ժամանակներում, որոնցում անհնար էր գոյատեւել եւ գործել առանց դավի, հնարագիտության եւ ճկունության: «Այդպիսի պայմաններում նա դրական եւ առաջադեմ կերպար է»,- գրում է անվանի հոմերոսագետ Ս. Ռադցիգը:

Այդ բոլորով հանդերձ, Ոդիսեւսը մտավ պատմության մեջ, հասավ մեր օրերը եւ դեռ երկար կապրի գլխավորապես շնորհիվ իր փայտե ձիու, որով հույները գրավեցին Տրոյան: Իսկ գործն արվեց այսպես: Ինը տարվա պաշարումից հետո Տրոյան խաղաղություն է խնդրում: Հույները ծովափին կանգնեցնում են հսկայական փայտե ձի` իբր նվեր Աթենքի աստվածուհուն, իրենք էլ նավերը նստելով հեռանում են: Տրոյացիները դուրս են պրծնում դարպասներից, եւ հորթային երջանկությամբ քանդում են քաղաքի պարսպի մի մասը եւ ձին ներս տանում: Իզուր է Ապոլոնի տրոյական գուշակ Լաոկոոնին նախազգուշացնում` չանել նման բան: Վերգիլիոսը «Էնեական» պոեմում այսպես է ներկայացնում այդ տեսարանը. «Quidquid id est, timeo Danaos et dona ferentes»` «Ինչ էլ որ լինի` վախենում եմ անգամ ընծա բերող դանայացիներից» (լատ.): Ուզում է ասել, որ թշնամու նվերը վտանգավոր է: Դեռ խոսքը բերանին, ծովից երկու հսկա օձ են դուրս պրծնում եւ խեղճ քրմին խեղդում, երկու երեխաներին էլ հետը: Աթենքի աստվածուհին` ինքն է օգնում հույներին: Դա էլ չի ազդում տրոյացիների վրա, եւ նրանք ձին ներս են տանում: Իսկ գիշերը խաղարկվում է Ոդիսեւսի գծած սցենարի վերջին արարվածը: Ձիու փորից դուրս են թափվում հույները, բացում դարպասները, ներս թողնում հետ վերադարձած իրենց զորքին, եւ քաղաքում սկսվում է իսկական բարդուղիմեոսյան գիշեր: Ոչ մի տրոյացի կենդանի չի մնում: Ահա թե ինչպիսի ձի էր մոգոնել դեսպան Ոդիսեւսը:

…Մի փայտե ձի էլ մենք ունեինք երեխա ժամանակ, որի հեղինակը սովետահայ գրող Գուրգեն Բորյանն էր: Այդ ձիուն մենք` հետպատերազմյան երեխաներս, «ներկում եւ կապում էինք մեր դռանը» եւ սպասում, թե երբեք ենք մեծանալու, որ գնանք «Կարմիր բանակ ու կարմիր հերոս դառնանք»: Մեր ձին անմեղ էր, հետեւաբար` ավելի լավը:

Նրանք ինքնակա՞մ են առեվանգվել

Ցավալի է, երբ միջազգային արհավիրքների պատճառը, կամա թե ակամա, դառնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր բնությունից կոչված են մարդկանց սեր եւ բերկրանք պարգեւել: «Chercher la femme»` «Փնտրիր կին», սիրում են տեղի եւ անտեղի փիլիսոփայել մեր ֆրանսիացի բարեկամները, եւ երբեմն իրավունք ունեն:

…Հին աշխարհում հենց որ կին էին փախցնում, մեծ կռիվներ էին սկսվում: Դեռեւս Տրոյական պատերազմից առաջ փյունիկցի վաճառականները եգիպտական եւ ասորեստանյան ապրանքներ էին բերում Հելլադայի Արգոս քաղաք եւ ծախում հենց ծովափին, ուր, մի անգամ, իր ընկերուհիների հետ, այցելում է Ինաքոս արքայի դուստր Իոն: Փյունիկեցիներն առեւանգում են Իոյին` ընկերուհիների հետ, ու տանում Եգիպտոս: «Ոնց թե դուք մեր Իոյին առեւանգեք, դե առեւանգելը հիմա տեսեք»,- հավանաբար ասել են արգոսցիներն ու հարձակվել փյունիկյան Տյուրոս քաղաքի վրա, հավասարեցրել հողին եւ առեւանգել արքայի սիրասուն դստերը, ով ուներ հնչեղ անուն` Եվրոպա:

Բայց ինչպես ասում են ռուսները, ախորժակն ուտելիս է բացվում: Հելլեններին դուր է գալիս այդ գործը, եւ հիմա էլ նրանք առեւանգում են կոլխերի արքայադուստր Մեդեային: Գործին խառնվում են դիվանագետները: Հելլենները բանի տեղ չեն դնում բանակցելու եկած դեսպաններին եւ նրանց կախում են: Վատ օրինակը վարակիչ է: Տրոյայի արքայորդի Պարիսը` տեսնելով, թե քանի-քանի արքայադուստրերի առեւանգումներն անպատիժ մնացին, ինքն էլ որոշում է փախցնել Սպարտայի գեղեցկուհի Հեղինեին: Թե ինչի հանգեցրեց այդ արկածախնդրությունը, մենք արդեն գիտենք: Տեղի ունեցավ անտիկ աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկը: Տասը տարի Արեւելքի եւ Արեւմուտքի լավագույն բանակները մարտնչեցին Տրոյայի պատերի տակ: Բյուրավոր զոհեր եղան: Վերջիվերջո, ասիական խոշորագույն քաղաքներից մեկն ընկավ, որի փլատակների տակ ոչնչացավ նրա ողջ բնակչությունը: Կործանվեց Պրիամոսի տերությունը: Եվ այս ամենը` մի կնոջ երեսից: Վիրավորված եւ խիստ ֆրուստրացված Մենելայոսը որոշել էր մորթել կնոջը, ով Պարիսի սպանվելուց հետո ամուսնացել էր նրա եղբոր` Դեիֆոբիայի հետ: Կրկնակի դավաճանություն: Բայց երբ «հանդիպեց Հեղինեին` սուրը մի կողմ նետեց եւ քար կտրեց նրա մերկացած կրծքերի տեսքից»: Նավսից թույլ, կասեինք մենք: Լինելով այդպիսին` նա ներում է կնոջը եւ ավելի մեծ սիրով լցված` տուն բերում: Եվ այստեղ բախվում ենք ուղեղում դժվար տեղավորվող մի պարադոքսի հետ. Սպարտան` երկաթյա կարգապահություն, խստագույն բարքեր ունեցող, թշնամիներին ահ ու սարսափ պատճառող Սպարտան, նրանց ընդունում է գրկաբաց, իսկ Հեղինեն դառնում է ազգային հերոս, ում մահից հետո նրան աստվածացնում են: Բոլոր ժողովուրդների պատմությունը ծնել է կին հերոսուհիներ, որոնց պաշտում են: Ֆրանսիացիները` Ժաննա դգԱրկին, վրացիները` Թամար թագուհուն, հայերը` սիրո դիցուհի Աստղիկին եւ կամ Անի քաղաքի պաշտպանության հերոսուհի Այծեմնիկին: (Այս եւ ուրիշ հայ հերոս կանանց հետ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» ֆունդամենտալ աշխատությունը): Նրանք ամենքն էլ արժանի են դրան: Սակայն հանուն ինչի՞ աստվածացվեց Հեղինեն: Որ մարդու գլխին պոզե՞ր տնկեց: Եվ դեռ մեծ հարցական է` նրան փախցրե՞լ են, թե՞ ինքն է փախել:

Հայտնի փիլիսոփա սիրակուզացի Դիոնը` Ոսկեբերան մականունով, օրինակ, քարը քարի վրա չի թողնում Հոմերոսի աշխարհահռչակ գործի այս մասում: Ըստ նրա, Հեղինեն շատ փեսացուներ է ունեցել, որոնցից մեկն էլ Տրոյայի արքայազն Պարիսն էր: Մի՞թե սպարտացիները կարող էին համեմատվել նրանց հետ, ովքեր մի թիզ հողից բացի, ոչինչ չունեին եւ Սիոնի աղքատներ էին: Մինչդեռ Տրոյան տիրապետում էր համարյա ողջ Ասիան, եւ Պարիսի գանձարանը տրաքում էր հարստությունից: Պարզ է, որ Հեղինեի ծնողները նախընտրելու էին տրոյացուն: Այնպես որ, նա կամ օրինական կերպով հարս է գնացել, կամ էլ, եթե փախել է, փախել է ինքնակամ: Սակայն այս բոլորն, անշուշտ, լիրիկա է: Հույների արշավանքի նպատակը ոչ թե Հեղինեն էր, այլ Տրոյան էր` իր աշխարհագրական դիրքով, որը Հելեսպոնտոսի` Դարդանելի նեղուցի դարպասն էր` դեպի Սեւ ծով: Թեպետ այսօր էլ կան տեսաբաններ, ովքեր Տրոյական պատերազմը պայմանավորում են Հեղինեով, իսկ ամերիկացի հումորիստ Ուիլյամ Լայոն Ֆելպսն ավելացնում է. «Միակ պատերազմը, որը ես ողջունում եմ` Տրոյականն է: Այնտեղ կռվել են հանուն կնոջ, եւ տղամարդիկ իմացել են, թե ինչի համար են պատերազմում»: Իսկ ինչ վերաբերում է հռետորական հարցին` հույն կանանց փախուստի կապակցությամբ, Հերոդոտոսն այն միտքն է հայտնում, որ կանայք, եթե «չցանկանային, չէին առեւանգվի»: Ավելին, նա հղում կատարելով փյունիկցիներին` նշում է, որ «նրանք ասում են, թե` Իոյին իրենք բռնի չեն առեւանգել ու տարել Եգիպտոս, քանի որ նա դեռեւս Արգոսում սեռական կապ ուներ նավապետի հետ: Եվ երբ զգացել է, որ հղի է, ամաչել է ծնողներից ու կամովին փախել է սիրածի հետ, որպեսզի իր արարքը չբացահայտվի»: Ժողովրդի ասած` ամոթը պարտակի: Այնպես որ, դժվար է միանշանակ որոշել, թե որ առեւանգվածն է անմեղ, իսկ որը` մեղավոր: Սկսում ես անգամ կասկածել, թե միգուցե «կոմերիտուհի-գեղեցկուհի» Նինան ինքն է փախել Սաախովի մոտ, իսկ Շուրիկն էլ միջնորդի դեր է խաղացել:

Շարունակելի