Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը»

24/03/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը, արդեն մի քանի տարի շարունակ, յուրաքանչյուր ամառ, որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հայաստան այցելելով` իր ֆիլմերից մեկի համար նկարահանումներ է իրականացնում:

Ֆիլմի աշխատանքային անունն է` «Լուսավորիչ»: Ինքը` Ա. Էգոյանը, չգիտի, թե երբ է ավարտելու այդ ֆիլմի նկարահանումները. «Չգիտեմ, թե երբ կավարտեմ այս ֆիլմը: Հնարավոր է` մեկ տարուց, հնարավոր է նաեւ, որ նկարահանումները շարունակվեն եւս մի քանի տարի»,- ասել էր նա մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆիլմի գլխավոր հերոսներից երկուսի դերակատարներ Աշոտ Ադամյանի եւ Արմինե Անդայի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել «Լուսավորիչ» ֆիլմի հետ կապված որոշ մանրամասներ: Ֆիլմի երկու հերոսներն էլ նշեցին, որ չարժե հստակ սյուժետային գիծ փնտրել այս ֆիլմի մեջ, քանի որ ռեժիսորը` Ատոմ Էգոյանը, հայտնի է իր ոչ ստանդարտ կինոձեռագրով եւ մտահղացումների հետաքրքիր լուծումներով: Միակ հստակ փաստն այն է, որ ֆիլմի գլխավոր կերպարները հինգն են, որոնց Աշոտ Ադամյանից ու Արմինե Անդայից բացի` մարմնավորել են ինքը` Ատոմ Էգոյանը, նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, եւ կանադացի դերասան Աարոն Փուլը:

Արմինե Անդան պատմում է. «Ֆիմի նկարահանումները սկսվեցին 2008թ., երբ Ատոմը ներկա էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Կինոփառատոնի շրջանակներում այդ ֆիլմի նկարահանումները նաեւ վարպետության դասեր դարձան` ընտրված ուսանողների մի խմբի համար: Այդպես սկսվեցին «Լուսավորիչ» աշխատանքային վերնագրով ֆիլմի նկարահանումները, որի ավարտի մասին տեղյակ է միայն ինքը` Էգոյանը: 2008թ. այդ նկարահանումներից հետո Էգոյանը որոշեց լիամետրաժ ֆիլմ ստեղծել, եւ նկարահանումներ տեղի ունեցան նաեւ 2010թ. հուլիսին` դարձյալ «Ոսկե ծիրանի» օրերին: Ֆիլմում նկարահանվեցին նաեւ Սերժ Ավետիքյանը, Ժակի Ներսիսյանը, Պերճ Ֆարզլյանը: Մեր նկարահանումների համար նախօրոք գրված սցենար չի եղել, միայն մի տեսարան` իմ եւ Աշոտ Ադամյանի միջեւ: Մնացած տեսարաններն ամբողջությամբ իմպրովիզացիա էին: Չնայած, նույնիսկ գրված տեսարանը նկարահանելիս` Էգոյանը կողմնակից էր իմպրովիզացիային: Ռեժիսորի կողմից մեր առջեւ խնդիր էր դրված, իսկ թե ինչպե՞ս մենք մեզ կդրսեւորեինք իրար հանդեպ եւ ի՞նչ կասեինք` թողնված էր մեր հայեցողությանը: Հետաքրքիր է աշխատել Էգոյանի հետ, քանի որ նա շատ հստակ խնդիր դնելով` լիակատար ազատություն է տալիս դերասանին: Դա օգնում է բազմաշերտ մարդկային հարաբերություններ ստանալ»:

Բեմադրիչ Աշոտ Ադամյանի համագործակցությունը Ատոմ Էգոյանի հետ սկսվել է դեռ 1993 թվականից, երբ վերջինս նկարահանվում էր ռեժիսորի «Օրացույց» ֆիլմում: Երբ 2008թ. Ա. Էգոյանի նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր ստացավ` Ա. Ադամյանն իսկույն համաձայնեց: «Իմ կարծիքով` այս ֆիլմն էքպերիմենտալ բնույթ ունի: Բոլորս էլ գիտենք, որ կինոնկարահանման ընթացքն ունի իր ստույգ փուլերը` սցենար, նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումներ, մոնտաժ եւ այլն… Չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին է այս ֆիլմի սյուժետային գիծը, սակայն նկարահանված տեսարաններից կարող եմ վստահաբար հայտնել, որ այն մարդկային չափազանց նուրբ եւ, միեւնույն ժամանակ, բարդ խնդիրներ է քննարկում: Չպետք է փորձել պատկերացնել, թե ինչպիսին է «Լուսավորիչ» ֆիլմի սկիզբն, ընթացքն եւ առավել եւս` ավարտը: Նախ այս ֆիլմը չի պատկանում այն ֆիլմերի շարքին, որոնցում կոպիտ ասած` «դուռը բացվում է, ներս է գալիս հերոսը, դուռը փակվում է, եւ ֆիլմն ավարտվում է»: Այս ֆիլմը շատ կարեւոր խնդիր ունի լուծելու` տեսնել, զգալ եւ ներկայացնել մարդկային բարդ փոխհարաբերությունները` ժամանակի եւ տարածության շրջանակներում: Նկարահանումներից առաջ Ատոմի հետ մեր զրույցում պարզ դարձավ, որ նա փորձում է ներկայացնել օտարության մեջ ապրող եւ հայրենիքում բնակվող հայի տեսակը, էությունը, մտածելակերպը: Նկարահանված տեսարաններից մեկում իրարից հեռու ապրող ամուսիններ են, ովքեր անտեսելով տարածության առկայությունը, շարունակ շփվում են իրար հետ, անհանգստանում իրար համար, պատմում յուրաքանչյուրի կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին: Ֆիլմում քննարկվում են նաեւ հայր եւ որդի փոխհարաբերությունները: Էգոյանի բոլոր ֆիլմերը մարդկային էության եւ փոխհարաբերությունների թեման են բարձրացնում»,- պատմեց Աշոտ Ադամյանը: