«Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիան ընդամենը մեկ տարվա կյանք ունի: Անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող անկախ ստուդիա ունենալու գաղափարն, իհարկե, վաղուց կար:
Այդ մասին երազում էր մեր հայրենական անիմացիայի լեգենդ, լուսահոգի Ռոբերտ Սահակյանցը, ով դեռեւս 1972 թվականին էր հավաքել իր ստեղծագործական խմբի «կորիզը» եւ Հայաստանի անկախությունից հետո սպասում էր հարմար պահի` իր երազանքն իրականություն դարձնելու համար:
«Ռոբը մտածում էր, որ ստուդիան կարելի է բացել այն ժամանակ, երբ գոնե մեկ խոշոր պատվեր ի հայտ կգա: Եվ փաստորեն այդ պատվերը տեղի ունեցավ միայն նրա մահից հետո»,- ասում է նրա որդին` Դավիթը, ով այժմ ղեկավարում է ստուդիան: Ստուդիայում, ի դեպ, աշխատում են ոչ միայն Ռոբերտ Սահակյանցի տասնամյակների թիմակիցները (այդ թվում նաեւ նրա այրին` Լյուդմիլա Սահակյանցը), այլեւ` նրա զավակներն ու թոռները, ովքեր բոլորն էլ վառ եւ տաղանդավոր անհատականություններ են:
Իսկ ստուդիայի ստեղծման մեկնակետը դարձավ «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որի գաղափարը ծնվեց Ռ.Սահակյանցի դստեր` դիզայներ եւ նկարչուհի Նանա Սահակյանցի մոտ: «Մենք համոզվեցինք, որ բոլորին ծանոթ ու սիրելի «Անահիտ» հեքիաթը կարելի է նորովի վերընթերցել: Եվ քանի որ, դժբախտաբար, մեզ մոտ հայերեն լեզուն «կաղում» է, մենք որոշեցինք դիմել սցենարիստ Վահրամ Սահակյանին, ով էլ իր հերթին շատ հետաքրքիր հնարք կիրառեց` ողջ ֆիլմի դիալոգները վերածելով չափածո տեքստի: Այնպես որ` «Անահիտը» ոչ միայն պոետիկ դարձավ, այլեւ ձեռք բերեց բալլադային երանգ»,- ասում է Դավիթ Սահակյանցը:
Նա շեշտում է, որ իրենց ֆիլմի հանդիսատեսն առաջին հերթին երեխաներն են, եւ հենց այդ փաստը հաշվի առնելով էլ` իրենք չեն ցանկացել «ծանրաբեռնել» ֆիլմն ավելորդ տեխնոլոգիական հնարքներով: 2D ձեւաչափով արվող «Անահիտը» որոշ հատվածներում կկիրառի նաեւ 3D տեխնոլոգիան, սակայն մեծ իմաստով` կմնա այն հին ու բարի, տրադիցիոն մուլտֆիլմերի շրջանակներում, որոնք հարազատ են ստեղծագործական խմբի ձեռագրին: «Նոր տեխնոլոգիաներն, իհարկե, ամբողջովին փոխեցին անիմացիան, հայտնվեցին բոլորովին նոր համակարգչային ծրագրեր, որոնք հեշտացնում են նկարչի գործը: Իսկ երբ փոխվում է տեխնիկան, անպայման փոխվում է նաեւ որակը: 3D-ն մի աշխարհ է, իսկ նկարված ֆիլմը` բոլորովին այլ: Մենք գերադասեցինք աշխատել այն ոճով, որին տիրապետում ենք, եւ որը վերջիվերջո` սիրում ենք»,- ասում է Դ.Սահակյանցը:
Իսկ թե ինչո՞ւ են «Անահիտ» ֆիլմի համար օգտագործվել հատկապես հայտնի գլամուրային մեդիա-դեմքերի (Հրանտ Թոխատյանի, Խորեն Լեւոնյանի եւ Նազենի Հովհաննիսյանի) ձայները, Դ.Սահակյանցը պատասխանում է. «Սկզբում մենք էլ չգիտեինք` թե ինչպիսի արդյունք կստանանք, բայց կարծում եմ, ամեն բան բավականին ներդաշնակ ու լակոնիկ ստացվեց: Մուլտիպլիկացիան իր սպեցիֆիկան ունի, եւ յուրաքանչյուր դերասան բոլորովին այլ կերպ է աշխատում ու իր խոսքը կառուցում: Մուլտֆիլմը գովազդ չէ, եւ այստեղ գովազդային ձայներ չեն կարող հնչել: Մենք արդեն ամբողջ տեքստը ձայնագրել ենք, ու վստահեցնում եմ, որ արդյունքը լավն է: Կերպարները ամբողջական ու թեթեւ են, ինչին նպաստեց նաեւ չափածո տեքստը»:
«Անահիտ» ֆիլմում մեծ դեր ունեն ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները, որոնք իրենց հրաշագործ ու հավատարիմ էությամբ կարողանում են օգնել ու ուղղորդել գլխավոր հերոսներին: Զանգի շունը, Անդոկ ձին խոսել գիտեն, սակայն նրանց խոսքը ոչ թե ֆիլմի հերոսներն են հասկանում, այլ` հանդիսատեսը: Եվ այդ շատ հետաքրքիր դրամատուրգիական հնարքի շնորհիվ հանդիսատեսի (հատկապես մանուկների) մոտ պատրանք է ստեղծվում, որ իրենք ավելի տեղեկացված ու թերեւս` ավելի իմաստուն են: Չէ՞ որ կենդանիների լեզուն հասկանալը իմաստության նշան է: «Մեզ համար մեծ նշանակություն ուներ լավ հայերենը: Քանի որ ֆիլմը նախեւառաջ երեխաներին է ուղղված, մենք փորձել ենք հայերեն լեզուն առավել մատչելի ու գեղեցիկ ներկայացնել, որպեսզի երեխան ֆիլմը կարողանա ինքնուրույն դիտել ու ընկալել` առանց մայրիկից մեկնաբանություններ սպասելու»,- ասում է Դ.Սահակյանցը:
Հումորով ու երաժշտությամբ լի մուլտֆիլմը բավականին ուշագրավ ենթատեքստ կունենա: Բացի այն մտքից, որ մեր կյանքում ամեն բան անցողիկ ու հարաբերական է, իսկ մնայունը միայն այն շնորհքն է, որին տիրապետում ես, կշեշտվի նաեւ չարի ու բարու բախումը, որն իրականում ոչ թե մեզանից դուրս, այլ` հենց մեր մեջ է ընթանում: Մուլտֆիլմի գլխավոր չարագործ Ազարն իր օգնական Էնվերի հետ տարբեր ծուղակներ կսարքի Անահիտի ու Վաչագանի համար, սակայն` ապարդյուն: «Ընդգծել ենք, որ մեր չար պերսոնաժները իրականում այդքան ուժեղ չէին լինի, եթե գլխավոր չարագործը հենց մեր մեջ նստած չլինի: Չարագործը ուժեղ է միայն այն ժամանակ, երբ մենք թույլ ենք տալիս նրան օգտագործել մեզ: Ասեմ նաեւ, որ հատուկ ենք ընտրել կոնկրետ թուրքական (նաեւ «ազ»-ով սկսվող) անունները` շեշտելու համար, որ եթե չկանչես չարիքը, այն երբեք չի գա: Եվ պետք է միշտ զգոն լինել»:
Ի դեպ` Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերը դիտած հանդիսատեսը շատ լավ գիտե, որ սովորաբար նա գրեթե բոլոր իր մուլտերում բազմաշերտ կոդավորված ուղերձներ էր տեղադրում (օրինակ, մոգական ուժ էին ձեռք բերում հայկական այբուբենը կամ պատմական փաստերի իմացությունը): Եվ այդ ուղերձները ներգործում էին մանուկների ենթագիտակցության վրա` որպես ազգային ինքնությունը իմաստավորելու խթան: Ռոբ Սահակյանցը մեծ «աճպարար» էր, ով հայրենիքի իդեան (թեկուզ ամենաաննշան դրսեւորումներով) դարձնում էր կյանքի բարդ խճանկարի ամենակարեւոր դետալը:
«Անահիտը», որը արտադրության փուլ է մտել անցյալ տարվա մայիսին, արդեն 26 րոպեանոց ավարտուն հատված ունի: Դ.Սահակյանցը այդ տեմպը նորմալ է համարում. «Եթե այսպես շարունակենք, հաջորդ տարի ֆիլմը կավարտենք: Բնական է, որ եթե ֆինանսավորումը ավելանա, մենք էլ կկարողանանք նոր մարդկանց ներգրավել աշխատանքի մեջ ու պրոցեսն արագացնել: Այժմ մենք միայն պետական ֆինանսավորում ունենք, սակայն հույս ունենք, որ մասնավոր ներդրողներն էլ կհայտնվեն: Խնդիրը նրանում է, որ գործարարները, այդ թվում` նաեւ Մոսկվայում ապրող հայ մեծահարուստները, որոնց մենք դիմում ենք, առանձնապես չեն խանդավառվում: Չգիտեմ` ինչո՞ւ է այդպես: Միգուցե մենք չենք կարողանում պրոդյուսերական աշխատանքն ավելի համառ տանել, կամ էլ` գործարարները վախով են մոտենում նման պրոյեկտներին, քանի որ իրական գումար ներդնելով` նրանք իրական արդյունք են ակնկալում: Իսկ դա վախ է առաջացնում, մանավանդ, երբ տեսնում եմ, որ նախկինում արված ներդրումներն իրենց հույսերը չեն արդարացնում: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ պրոդյուսերներ ֆիլմերին անհրաժեշտ են, շատ նրբություններ կան, որոնց մեր ստեղծագործական խումբը չի տիրապետում: Բայց մենք սովորում ենք: «Անահիտը» մեզ համար յուրատեսակ տրամպլին դարձավ, քանի որ մենք հասկացանք, որ մեկ խոշոր պրոյեկտից բացի, հարկավոր է նաեւ փոքր նախագծեր իրականացնել»:
Նորմալ աշխատելն ուտոպիա չէ
Մուլտիպլիկացիան հազվագյուտ հետաքրքիր մասնագիտություն համարող Դավիթ Սահակյանցը շատ լավ գիտակցում է, որ այդ մասնագիտությունը մեծ հեռանկարներ ունի Հայաստանում, քանի որ մի կողմից` թույլ է տալիս նկարիչներին ինքնարտահայտվել, իսկ մյուս կողմից` լուծում է հացի խնդիրը. «Մեր տարածաշրջանում մենք լիդեր ենք: Թուրքիան, Վրաստանն ու Պարսկաստանն, օրինակ, չունեն այն ներուժը, որը մենք ունենք, նրանք անիմացիոն ֆիլմերը պատվիրում են դրսում (թուրքերն, օրինակ, համագործակցում են գերմանական ստուդիաների հետ): Իսկ մենք շատ լավ նկարիչներ ունենք (ստեղծագործ ազգ ենք, վերջիվերջո), ովքեր չեն կարողանում ռեալիզացնել իրենց ունակությունները, եւ անիմացիան նրանց համար արտահայտվելու եւ գումար աշխատելու շանս է»: Նրա կարծիքով` լավագույն քայլը փոքր ստուդիաների եւ կենտրոնների ստեղծումն է, որոնք աշխատանքային դաշտ կբացեն հատկապես երիտասարդների համար: «Մեր ցանկությունը մուլտիպլիկացիայի կենտրոնի ստեղծումն է, որտեղ կարող են եւ երեխաները, եւ մեծահասակները սովորել, տարբեր դասընթացների մասնակցել եւ իրենց սեփական մուլտերը պատրաստել: Թեեւ շատերը մեզ ասում են, որ այդ գաղափարը ուտոպիա է, ես հավատում եմ, որ դա հնարավոր է անել: Ինչպես նաեւ` բացել հայկական մուլտիպլիկացիայի թանգարանը, որն իր փոքր կինոսրահը կունենա ու կծանոթացնի մեր անիմացիայի պատմության հետ: Այդ թանգարան-կենտրոնն իր ճարտարապետական լուծումներով կարող է ներկայացվել որպես հեքիաթային աշխարհ, բայց միեւնույն ժամանակ` շատ կոնկրետ աշխատանք կատարել»:
Ըստ Դ.Սահակյանցի` համաշխարհային անորակ ամերիկյան եւ ճապոնական «մուլտաղբի» ալտերնատիվը կարող է դառնալ այն արտադրանքը, որը նախ` մի քանի գլուխ ավելի բարձր է իր որակով, եւ երկրորդ` մատուցվում է մայրենի լեզվով: «Հիմա, ասես, չհայտարարված պատերազմ է, մեզ պարզապես ստիպում են «ուտել» այն մուլտիպլիկացիոն «ֆաստ-ֆուդը», որը ոչնչով չի տարբերվում աղբից: Մենք դրա հետ համաձայն չենք, եւ ուզում ենք, որ մեր երեխաները սկսեն մտածել: Եվ խոսքը ոչ միայն մուլտիպլիկացիայի, այլեւ` արվեստի բոլոր ճյուղերի մասին է»:
Նա նշում է նաեւ, որ արդեն պայմանավորվածություն կա Մոսկվայի ՎԳԻԿ-ի հետ` Երեւանում մուլտիպլիկացիայի եւ մուլտիմեդիայի ֆակուլտետ բացելու մասին: Եվ դա կարող է դառնալ այն քայլերից մեկը, որը կնպաստի մուլտիպլիկացիայի զարգացմանը:
Նա վստահ է, որ եթե փոքր ստեղծագործական խմբերը նախնական ստարտի եւ էքսպերիմենտալ փուլ անցնելու համար անհրաժեշտ գումար ունենան` կկարողանան հետագայում ինքնուրույն աշխատել եւ պատվերներ բերել հայրենիք. «Հայ անիմատորներն արդեն իսկ տարբեր փառատոների շնորհիվ կարողացել են բավականաչափ կապեր ստեղծել, եւ հիմա հարկավոր է դրանք ճիշտ օգտագործել: Մեր ստուդիան, օրինակ, նախատեսում է մասնակցել այս տարվա Կաննի կինոշուկային: Եվ քանի որ մենք համոզվել ենք, որ երբ Կաննում իմանում են, որ հայկական տաղավարը պետական ֆոնդն է ներկայացնում, այսինքն` Կինոկենտրոնը, ապա մենք ստիպված ենք ամեն կերպ ընդգծել մեր անկախ, մասնավոր ստատուսը: Ցավում եմ, որ այդպես է, բայց ստիպված ենք հայկական տաղավարի հետ մեր կապը չցուցադրել, այլ` գնալ, կապեր որոնել, համոզել ու կոնկրետ նախագծերի համար գումար որոնել»:
«Ռոբերտ Սահակյանց» ստուդիան սցենարական-էսքիզային 5 նոր պրոյեկտ ունի:
«Դրակուլայի ժառանգը» ֆիլմի նախագիծը (որը պատմում է կյանքից հիասթափված վամպիրի ու նրա աշակերտի մասին) ներկայացվելու է տարբեր միջազգային կինոարտադրողներին: Սպասվում է նաեւ համագործակցություն հանրահայտ անիմատոր, օսկարակիր Ալեքսանդր Պետրովի հետ, ում հեղինակային տեխնիկայով (ջրաներկերով` ապակու վրա) նախատեսվում է իրականացնել Ռոբերտ եւ Լյուդմիլա Սահակյանցների «Բաժակը ափսեի վրա» ֆիլմի հատվածներից մի քանիսը: Այդ մուլտֆիլմի կենտրոնում կլինեն պապն ու թոռը, որոնք շփվում ու զրույցի են բռնվում երազների միջոցով` վերադառնալով անցյալ: «Կարծում եմ, այդ ֆիլմը, որի վրա հիմա մայրիկս է աշխատում, կարող է փառատոնային հաջողություն ունենալ: Այն կարելի է անիմացիոն «արտհաուս» անվանել»,- ասում է Դ.Սահակյանցը:
Շուտով ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հատուկ դպրոցական փաթեթի տեսքով կթողարկվի ուսուցողական անիմացիոն ֆիլմաշարը, որը Ռոբերտ Սահակյանցը ստեղծել էր Ռուսաստանի պատվերով: Այդ 22 ֆիլմերը, որոնք հետաքրքրաշարժ ֆորմատով սովորեցնում են երեխաներին մտածել ու խորհել գիտությունների, արվեստի ու լեզվի մասին, կթարգմանվեն հայերեն ու կբաժանվեն հայ մանուկներին: Դ.Սահակյանցի դիտարկմամբ` ամենացավալին երիտասարդ սերնդի «կորուստն» է, որն այսօր իսկական ողբերգության է վերածվել. «Շատ երիտասարդներ պարզապես հավաքում են իրենց ճամպրուկներն ու հեռանում են երկրից: Դա սարսափեցնում է: Այդպես չպիտի լինի: Անձամբ ես զգում եմ, որ լավագույնը, ինչ կարող եմ անել, դա կապող օղակ դառնալն է: Եվ եթե կարողանամ կապել Ռոբի ստեղծածը նոր սերնդի հետ, ապա ինձ լիովին բավարարված կզգամ: Այլ կերպ աշխատել չի ստացվի: Չէ՞ որ ամենաարժեքավորն այն է, որը դեռ առջեւում է»: