Մեր օրերում մոդայիկ է Սփյուռքի հայ գրականությամբ զբաղվելը։ Թեկնածուի, դոկտորի կոչումներ բազմացնող համակարգը շարունակ արտադրում է «ա-մենագետներ»:
Երբ 2009թ. աշնանը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացաք Արամ Հայկազի՝ հանրությանն անհայտ նյութերի խտասալիկով՝ 1.600.000 նիշ ծավալով, տկն Հակոբյանը խոստացավ օժանդակել գրքի հրատարակությանը։ Դրա համար հարկավոր էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի տնօրենի համաձայնությունը։ 2010թ. փետրվարի 8-ին նախարարությունն ու ինստիտուտի տնօրենը ստորագրեցին N14/10 պայմանագիրը։ Հատորի հրատարակչական եւ տպագրական ծախսը հաշվարկվեց 900.000 դրամ, որը մաս-մաս պիտի փոխանցվեր աշխատանքի կատարման ընթացքում եւ վերջում։ Օրենքով սրան պիտի հաջորդեր փետրվարի 11-ի պայմանագիրը՝ ինստիտուտի տնօրենի եւ իմ ստորագրություններով։ Բայց չհաջորդեց. տնօրենը երբեք ժամանակ չունեցավ, տեղակալը՝ ցանկություն, եւ այլն։
Ինձ համար կարեւորը գիրքն էր. մտածում էի՝ հենց ավարտեմ, ամեն ինչ կհարթվի։ Այդ ընթացքում գրել եմ հաշվետվություններ աշխատանքի ընթացքի մասին, եւ նախարարությունը փոխանցել է 360.000 դրամ։ Հուլիսի 16-ին գիրքն ավարտելու, գրքի վերաբերյալ բանասիրական եւ պատմական գիտությունների թեկնածուների, նախորդ գրքերիս խմբագրի կարծիքները ներկայացրել եմ ինստիտուտի գիտխորհրդում, սեղանին դրել տեքստը, լսել տնօրենի՝ անվանացանկ կազմելու ցանկությունը: Նիստին ներկա էր սփյուռքահայ մի գրագետ, ով վերցրեց գիրքը, մի քանի օրում կարդաց, հիացավ, անշահախնդրորեն օգնեց հատկապես օտար բառերի թարգմանության հարցում: Հուլիսի 19-ին ոչ միայն գիտխորհրդի որոշման քաղվածք չտվեցին, այլեւ հարկ համարեցին գոռգոռալ։ Որոշել էին՝ գիտխորհրդի անդամները (որոնցից ոչ մեկը Սփյուռքի հայ գրականության մասնագետ չէ, անգամ՝ Սփյուռքի բաժնի վարիչը) պիտի կարդան գիրքը։ Գրքի օրինակները հայտնվեցին տնօրենի, տեղակալներից մեկի, Սփյուռքի բաժնի վարիչի ձեռքերում։ Այնուհետեւ շաբաթը մեկ անգամ պարտադիր լսեցի տնօրենի բանավոր կարգադրությունները, որ փոխանցված գումարից ինձ աշխատավարձ տան, 200.000 դրամը փոխանցեն «Տիգրան Մեծ» տպարանին։ Սրան հաջորդում էր հիշեցումը, թե պայմանագիր ստորագրված չէ:
Օգոստոսի 25-ին ամփոփիչ հաշվետվություն գրեցի՝ բացատրելով, որ վտանգվում է գրքերի շնորհանդեսը ԱՄՆ-ում։ Օգոստոսի 31-ին տնօրենը, հիացմունքը չզսպելով, ասաց, որ հիանալի գործ եմ արել, վերադարձրեց գրքի տեքստը, լսեցի գիտքարտուղարի մի քանի խելացի դիտողությունները, որոշվեց գիրքը հրատարակել։ Կազմվեց համապատասխան գրություն՝ նախարարությունից գումարի երկրորդ կեսն ուղարկելու մասին։ Պայմանագիր նորից չկնքվեց։
Տնօրենը, որ պայմանագիր կնքելու ժամանակ այդպես էլ չունեցավ, այդ ընթացքում իր արբանյակներից մեկի հետ հայտնվել է տպարանում եւ «իմաստուն» խորհուրդ տվել` չտպագրել այդ ձախողված գիրքը։ Զրույցին ներկա չեմ եղել, բայց ցայսօր հիշում եմ տպարանի տնօրենի զարմացած հայացքը… Շնորհակալություն «Տիգրան Մեծի» տնօրենին, որն ինձ վստահեց. հոկտեմբերի 1-ին տպարանից ստացա գրքի 500 օրինակը, 150 օրինակն ուղարկեցի Սփյուռքի նախարարություն եւ հոկտեմբերի 27-ին մեկնեցի ԱՄՆ։ Չէի կասկածում, որ դեկտեմբերին, երբ վերադառնամ, հարցը լուծված կլինի։ Այնինչ իմ բացակայության օրերին նախարարությունն ինչ-որ գրություն է ստանում այն մասին, որ ես համառորեն հրաժարվել եմ պայմանագիր ստորագրելուց, «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորը խոտան է, իսկ 360.000 դրամը հետ է փոխանցվել։
1. Այսպիսով՝ բոլորը պիտի գոհ լինեն, քանի որ Նախարարությունը ստացավ 150 օրինակ գիրք եւ բողոքներ չունի։
2. Ինստիտուտի մի քանի «ամենագետներ» փակեցին հաջորդ հատորների տպագրության ճանապարհը։ Տնօրենն էլ բոլոր անկյուններում կարող է դժգոհել իմ երախտամոռությունից։
3. Ես էլ պարտավոր եմ գոհ լինել, քանի որ պիտի փակեմ «Տիգրան Մեծ» տպարանի պարտքը, իսկ գրքի Ա հատորի հրատարակությանն օժանդակած մարդկանցից (որոնց երախտապարտ եմ, գրքի առաջին էջերում շնորհակալություն եմ հայտնել, նորից եմ հայտնում) ամաչել, որ խաբվեցի ու ակամա խաբեցի նաեւ իրենց։
Ստեղծված կնճիռը հարթելու եղանակներից մեկը գրքի Բ հատորի համար պայմանագիր ստորագրելն էր՝ ամբողջ գումարը տպարանին փոխանցելու պայմանով։
Բայց հանկարծ պարզվեց՝ ինստիտուտի տնօրենը «սկզբունքային» մարդ է…
Գրքի Բ հատորը կարող էր լինել իմ պլանային աշխատանքը, բայց քանի որ «Սփյուռքի հանրագիտարան» հոխորտուն վերնագրով գիրք է պատվիրված ինստիտուտին, ուրեմն ես, աշխատանք չկորցնելու համար, պարտավոր եմ կիսատ թողնել Արամ Հայկազի հատորների գործը եւ զբաղվել ամերիկահայ մամուլով։
Զարմանալին այն է, որ բանասիրական գիտությունների դոկտորը (մանավանդ, եթե կին է, հաճոյանալ, քծնել չի սիրում) իրավունք չունի պլանային աշխատանք ընտրելու։ Մարդիկ արդեն վարժվել են՝ Համաստեղի, Արամ Հայկազի հատորներն արտապլանային աշխատանք են ինձ համար՝ անկախ նրանից, թե ի՜նչ միջոցներով է արվում գործը։ Ինստիտուտի տնօրենը համոզված է, որ ես այդ գրողների ժառանգների հետ բիզնես եմ անում եւ որեւէ օժանդակության կարիք չունեմ։
Գիրքն էլ մարդու պես ճակատագիր ունի։ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորն իմ տասներորդ գիրքն է, նախորդ ինը (յոթը նվիրված են Համաստեղի գրականությանը) հատորների հետ հայտնվել էի տարբեր իրավիճակներում, բայց, փա՜ռք Աստծու, տարիների ընթացքում նյութական, բարոյական զրկանքների վարժվել եմ, որովհետեւ տոհմիկ մանկավարժ ծնողներս անտրտունջ դիմացել են ու միշտ հիշեցրել՝ կարեւորը գործն է։
Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր
Հ.Գ. 1. Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ նախարարությունը գրքի 150 օրինակն ուղարկել է Սփյուռքի գաղթօջախներ։ Ի դեպ, գրքի առաջին էջում երեք լեզուներով գրված է՝ ՀՀ Սփյուռքի նախարարություն։
2. Ներողություն եմ խնդրում ամերիկաբնակ բոլոր այն հայերից, որոնց ակամա խաբել եմ՝ խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Արամ Հայկազի հատորները հրատարակելու բացառիկ հնարավորության մասին։ 3. Հարկադրված եմ դատարան դիմել՝ պաշտպանելու համար եւ՛ իմ, եւ՛ Արամ Հայկազի արժանապատվությունը։ Եթե կենդանի լիներ, համա՜ թե կծիծաղեր։ Ճիշտն ասած, ես էլ եմ ծիծաղում. վարակվել եմ։ 4. Ինստիտուտի տնօրենը տարիներ շարունակ բարեւ էր ուղարկում ազնվական մարդ (իր բառերն են) հորս, որին հանդիպել է դոկտորականիս պաշտպանության օրը։ Հետաքրքիր է՝ հիմա ինչպե՞ս է 81 տարեկան վաստակավոր մարդուն դատապարտում սոսկ թոշակով ապրելու հարկադրանքին. ես իմ աշխատավարձով պիտի 450.000 դրամ պարտք փակեմ առաջիկա ամիսներին…