Այսօր կհավաքվեն

22/03/2011

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ առաջարկել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու եւ նրան հացադուլը դադարեցնելու հորդորով դիմելու հարցը: Սակայն այն տեղի չի ունեցել. «Քանի որ մեր մյուս կոալիցիոն գործընկերը` ՕԵԿ-ը, այստեղ չէ, միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի որոշմամբ առաջնորդվելը արդարացի չէ»,- ասել է Հ. Աբրահամյանը` հավելելով, թե խորհրդակցությունը կանցկացնեն այսօր:

Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում անձամբ այցելել Ր. Հովհաննիսյանին, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես անձամբ այստեղ խնդիր չեմ տեսնում եւ չեմ էլ ցանկանում, որ դա բացառենք: Իմ աշխատակազմի ղեկավարը մի երկու օր առաջ այցելել է Ր. Հովհաննիսյանին` հասկանալու համար, թե ինչ խնդիր կա, եւ ինչով կարող ենք աջակցել, բայց Ր. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար եւ որեւէ կոնկրետ խնդրի մասին չի խոսել»: Նաեւ տեղեկացրել է, թե ինքը խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ` հասկանալու համար, թե ինչքան ժամանակ չեն մասնակցելու ԱԺ նիստերին, եւ Ս. Սաֆարյանը պատասխանել է, թե դեռեւս որոշում չեն կայացրել: