Նյութեր են նախապատրաստում

22/03/2011

Երեւանի Ազատության հրապարակում կիրակի օրը մի կողմից` իրավապահների, մյուս կողմից` մի խումբ քաղաքացիների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` նյութերը նախապատրաստվում են Ոստիկանության Կենտրոնականի բաժնում:

Հիշեցնենք, որ կիրակի օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությունը փորձել է Ազատության հրապարակում հովանոց տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին եղանակային փոփոխական պայմաններից պաշտպանելու նպատակով, ինչը, սակայն, ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք քանդել են:

Ի դեպ, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ր. Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը համարում է մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները` ոչ իրավաչափ: «Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»,- ասել է Կ. Անդրեասյանը: