«Իմ խնդիրը չէ` այսօր հայտարարել կամ ասել` ո՞ ւմ գրպանն է գնացել կամ ո՞ ւր է գնացել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` անդրադառնալով Սոցապ հիմնադրամում հայտնաբերած չարաշահումներին: ՎՊ նախագահի խոսքերով` անցած 8 ամսվա ստուգումների արդյունքում հայտնաբերել են, որ 3 տարիների ընթացքում 8 հազար 921 մեռած մարդիկ կենսաթոշակ են ստացել: Իսկ ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է փոշիացվել հանգուցյալների անուններով թոշակներ դուրս գրելու արդյունքում, ՎՊ-ն դեռ չի պարզել: Այդ գումարներն արդյո՞ք միայն Սոցապ հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գրպանն են գնացել: Այդ հարցին Ի.Զաքարյանն այսպես է պատասխանել. «Իհարկե, մենք տեսնում ենք նաեւ քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչեւ հունիս ամիս մենք ժամանակ ունենք հստակ ճշտելու` վերջիվերջո ի՞նչ է կատարվել էս ամբողջ բնագավառում»: