Մեր թերթում հրապարակված տեղեկությունը` Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանի «Bentley» ավտոմեքենայի մասին, բավական բուռն քննարկումների առարկա էր դարձել ամենատարբեր շերտերում: Այս ընթացքում, սակայն, Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես որեւէ կերպ չարձագանքեց հավատացյալ հոտի անհանգստություններին ու մտահոգություններին: Գուցե նաեւ այն պատճառով, որ եկեղեցական ղեկավարությունը տեղյակ է, թե հատկապես ուր է մեկնում արքեպիսկոպոսն այդ ավտոմեքենայով: Եվ մինչ ընթերցողները տարբեր ենթադրություններ կանեն, ներկայացնենք այն վայրերից մեկը, ուր հավանորեն մեծ հաճույքով սլանում է Նավասարդ Կճոյանն իր թանկարժեք մեքենայով` առանձնացումի ու հոգեկան լիցքավորման նպատակով: Նկարում պատկերված քանդակները կոլաժ չեն, ոչ էլ որեւէ քանդակագործի սիրողական աշխատանք: Դրանք արքեպիսկոպոսի քանդակներն են, որոնք տեղադրված ենգ Օշականի Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գտնվող Մ. Մաշտոցի անվան Դպրատանը: Գիտական եւ հոգեւոր կենտրոն համարվող այս հաստատությունը 1997թ. հիմնվել է Ամենայն Հայոց 131-րդ Գարեգին Ա կաթողիկոսի ջանքերով, ով այդպիսով կյանքի է կոչել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ծրագիրը: Սակայն դատելով Նավասարդ Կճոյանի պաշտոնական կենսագրությունից` Դպրատունը հիմնվել է հենց նրա շնորհիվ: Ինչեւէ: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած քանդակներից մեկը Նավասարդ Կճոյանի կիսանդրին է (տես` էջ 2): Մյուս` եռակտոր քանդակում, ինչպես երեւում է այս լուսանկարում, արքեպիսկոպոսը կանգնած է 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Տրդատ Գ Մեծ թագավորի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողքին` Մեսրոպ Մաշտոցի դերում` այբուբենը ձեռքին: Հետաքրքիր է` Հայ Առաքելական եկեղեցին որեւէ դիրքորոշում կհայտնի՞ սրբերի շարքին դասված կերպարների կողքին մահկանացու հոգեւորականի քանդակը կերտելու այս փաստի առնչությամբ, թե՞ Նավասարդ Կճոյանն ինդուլգենցիա ունի նաեւ նման հարցերում: Ի դեպ, կարծում ենք` վատ չէր լինի, եթե Լեւոն Թոքմաջյանը մի նման քանդակ էլ ստեղծեր` պատկերելով Նավասարդ Կճոյանին իր աշակերտների հետ: Կորյունի դերում կարող էր հանդես գալ, ասենք, Տիգրան Սարգսյանը, ով համ արքեպիսկոպոսի հետ է մտերիմ, համ էլ անհագուրդ սեր ունի դեպի գիտելիքը: