Անընդունելի է

22/03/2011

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «անընդունելի» է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում` քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան անդրադարձել է ԵԱՀԿ-ի մարտի 17-ի հայտարարությունում հնչեցված կոչին` դիպուկահարներին հեռացնելու մասին, եւ կարեւորել ԵԱՀԿ-ի կողմից քննության անցկացումը` շփման գծի մոտակայքում իննամյա ադրբեջանցի տղայի եւ ուրբաթ օրը հայ զինծառայողի մահվան փաստերի առնչությամբ։ Նա նշել է, որ մահվան այդ դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ ուժի գործադրումը պետք է դատապարտման արժանանա: «Ինչպես համանախագահները շարունակաբար հայտարարել են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Բրայզան: «Ասվածի առնչությամբ պետք է ասեմ, որ ուժի գործադրման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի դեմ, այն դեպքում, երբ այդ օդանավը որեւէ սպառնալիք չի ներկայացնում, անթույլատրելի է եւ չի համապատասխանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստանձնած պարտավորություններին` հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման վերաբերյալ»,- հավելել է Մեթյու Բրայզան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, անդրադառնալով Ստեփանակերտում քաղաքացիական օդանավակայանի վերակառուցման եւ մայիսին Երեւան-Ստեփանակերտ թռիչքների բացման մասին լուրերին, սպառնացել էր «վերացնել օդանավերը»` փաստարկելով, որ «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է»: «Մենք կողմերին կոչ ենք անում լուծել քաղաքացիական ավիացիայի անվտանգության խնդիրները նախքան Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի բացումը»,- հավելել է Բրայզան: