Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը նվազել են նախորդ տարվա համեմատ։ Այդ մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած հերթական զեկույցը, որը վերաբերում է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին։
Ինչպես արդեն նշել ենք, ԱՎԾ-ն ամսվա կտրվածքով այլեւս համախառն ներքին արդյունքի հաշվարկ չի իրականացնում (դա լինելու է եռամսյակային կտրվածքով)։ Փոխարենը՝ ամսական կտրվածքով ներկայացվում է նոր ցուցանիշ՝ ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ)։ Հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, ՏԱՑ-ը կազմել էր 7.7%։ Փետրվարի ցուցանիշը՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, 1.4% է։
Թեպետ ՀՆԱ-ի հաշվարկ չի կատարվում, ըստ առանձին ոլորտների` կարելի է տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Այսպես՝ բացի շինարարությունից (ծավալները նվազել են 4.1%-ով), մյուս բոլոր ոլորտներում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճ է արձանագրվել։ Արդյունաբերությունն աճել է 2.6%-ով, գյուղատնտեսությունը՝ 0.1, առեւտրի շրջանառությունը՝ 0.1։ Ամենից շատ աճել է ծառայությունների ոլորտը՝ 6.3%։
Աճել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ` այս տարվա փետրվարին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 12.4%-ով եւ կազմել 364.5 միլիոն դոլար։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 32%-ով, ներմուծումը՝ 7.2%-ով։
Ամփոփենք՝ տնտեսությունն աճել է բոլոր առումներով, բացի շինարարության ոլորտից։ Ընդ որում, շինարարության ոլորտը հունվարի տվյալներով ավելի մեծ անկում ուներ՝ 11.7%։ Իսկ եթե դիտարկում ենք դինամիկ կտրվածքով (այս տարվա փետրվարը՝ հունվարի համեմատ), ապա, բացի ծառայություններից, մյուս բոլոր ոլորտներն աճ են արձանագրել։
Մինչ առաջ անցնելը` հիշեցնենք, որ հունվարին տնտեսության վիճակը որոշ ոլորտներում ավելի բարվոք էր: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7% էր։ Ճիշտ է՝ գյուղատնտեսության եւ շինարարության ծավալները նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել էին, սակայն փոխարենը` արդյունաբերությունն աճել էր 5.7%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 24.3%-ով։
Ներմուծումը հունվարին աննշան չափով՝ 1%-ով նվազել էր, իսկ արտահանումն ավելացել էր 21.3%-ով։ Մի խոսքով, հունվարյան արդյունքները գոհացուցիչ են եղել, եւ այդ արդյունքների մասին օրեր առաջ գոհունակությամբ խոսել էր նաեւ վարչապետը՝ Ազգային մրցունակության հիմնադրամում։
Միգուցե հարցնեք՝ իսկ ինչո՞ւ ենք կենտրոնացել հունվարյան մակրոտնտեսական ցուցանիշների վրա։
Բանն այն է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է խոշոր հարկ վճարողների ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը՝ հունվար ամվա համար։ ՊԵԿ-ը փետրվարը դեռ չի ամփոփել, այդ իսկ պատճառով ստիպված ենք խոշոր հարկատուների տվյալների վերլուծությունը համադրել հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշների հետ։
Նախ նշենք, որ ՊԵԿ-ը վերլուծության է ենթարկել ամենախոշոր 440 հարկ վճարողների ցուցանիշները, այսինքն՝ Հայաստանի խոշոր բիզնեսը։
Ինչպես նշեցինք՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել էր 7.7%, այսինքն՝ տնտեսության գործերը վատ չեն եղել։ Սակայն պարզվում է, որ խոշոր բիզնեսի մոտ տեղի է ունեցել հակառակը։ «Իրացումից հասույթը 2011թ.-ի հունվար ամսին կազմել է 138.8 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 4.6 %-ով: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 192 կազմակերպությունների մոտ` 23.3 մլրդ դրամով, եւ նվազել 225-ի մոտ` 28.7 մլրդ դրամով»,- նշված է ՊԵԿ տեղեկանքում:
Արտահանումը Հայաստանից, ինչպես նշեցինք, հունվարին աճել էր 21.3%-ով եւ կազմել 66.3 միլիոն դոլար կամ 24.2 միլիարդ դրամ։ Այդ գումարի շուրջ 70%-ը (16.5 միլիարդը) բաժին է ընկել 440 խոշոր հարկատուներին։ Նշենք, որ խոշոր հարկատուների արտահանման ծավալների աճը համապատասխանում է ընդհանուր արտահանման աճին (խոշոր բիզնեսի արտահանումը հունվարին աճել էր 21.8%-ով)։ Սակայն ներմուծման դեպքում այլ պատկեր է։
«Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 8.3 %-ով եւ կազմել 58.4 մլրդ դրամ: Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 172 կազմակերպությունների մոտ` շուրջ 19.9 մլրդ դրամով, եւ նվազել` 80-ի մոտ` համապատասխանաբար` 24.7 մլրդ դրամով»,- նշում է ՊԵԿ-ը: Հիշեցնենք, որ հանրապետությունից ներմուծումը հունվարին նվազել էր ընդամենը 1%-ով։
Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի՝ պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարներին, ապա 2011թ.-ի հունվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 21.6 մլրդ դրամ: Այստեղ, ցավոք, նախորդ տարվա հետ զուգահեռներ տանել չենք կարող, քանի որ նախորդ տարվա հունվարյան մոնիտորինգը ներկայիս 440 հարկատուների փոխարեն` ընդգրկում էր 344 հարկ վճարողների։ Ամեն դեպքում, նշենք, որ 344 խոշոր հարկատուները նախորդ տարվա հունվարին վճարել են 13.7 միլիարդ դրամ։ Նշենք, որ նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 61.4 %-ը:
Ավելացնենք նաեւ, որ 2011թ. հունվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 32 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 194.2 մլն դրամի չափով: Ինչ վերաբերում է գերավճարներին, այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 50.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.7 մլրդ դրամ: Սակայն 2011թ.-ի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում չի կատարվել:
Մի խոսքով, կարող ենք ամփոփել, որ հունվար ամսին խոշոր բիզնեսն այնքան էլ լավ վիճակում չի եղել՝ հասույթներն են կրճատվել, ներմուծման ծավալները` նույնպես, ու մի քանի տասնյակ միլիարդ դրամ էլ գերավճար ունեն հարկային մարմիններում։ Եվ քանի որ մակրոտնտեսական ցուցանիշները ողջ հանրապետության կտրվածքով, ինչպես նշեցինք, գոհացուցիչ են եղել, ապա մնում է մեկ եզրակացություն՝ տնտեսությունը հունվար ամսին առաջ է տարել փոքր ու միջին բիզնեսը։