Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, ով խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը: Վերջինս պատմեց Սեւանի պոլիկլինիկայում կատարվող, ինչպես ինքը բնորոշեց, անօրինականությունների մասին:
Նա ներկայացավ որպես պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկի մտերիմ անձնավորություն: Զանգահարած կնոջ փոխանցմամբ՝ կատարվող անօրինականությունների հեղինակը պոլիկլինիկայի նորանշանակ տնօրեն Հասմիկ Ղազարյանն է, ով տնօրենի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին: «Ես ուզում եմ մամուլին փոխանցել Սեւանի պոլիկլինիկայում կատարվող անօրինականությունների մասին: Դեկտեմբերի 20-ին 130 աշխատակիցների բաժանել է ծանուցագրեր կրճատման մասին, սակայն նա իրավունք չուներ դա անել, որովհետեւ բյուջեն եւ հաստիքացուցակը հաստատվում են փետրվար ամսին»,- ասաց խմբագրություն զանգահարած կինը: Նրա կարծիքով՝ տնօրենը խիստ հայեցողական մոտեցում է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, եւ որեւէ կերպ չի բացատրում ծանուցագրեր բաժանելու իր քայլի մասին: Պոլիկլինիկայի տնօրենի հաջորդ «ռեֆորմը» փետրվար ամսվա աշխատավարձերի անհիմն իջեցումն էր: Ըստ խմբագրություն զանգահարող կնոջ՝ աշխատավարձերն իջեցրել է տարբեր դրամաչափերով՝ 10-30.000դրամի սահմաններում: «Ու երբ հարցնում են, ո՞րն է նման իջեցումների պատճառը, նա պատասխանում է, որ իրենց վերեւներից են ասել: Մի խոսքով՝ ինքը ոնց հարմար ա գտնում, էդպես էլ անում ա»,- շարունակեց կինը: Վերջինս հանգամանորեն թվարկում էր Հասմիկ Ղազարյանի կողմից կատարված ապօրինի գործողությունները՝ պարբերաբար ընդգծելով, որ տնօրենը որեւէ մեկնաբանություն դրանց չի տալիս: «Մի բժշկից կարող է իր պարտավորությունները վերցնել ու դնել մեկ ուրիշի վրա: Օրինակ, երկու բժիշկներ կան, որոնցից մեկը, ասենք, թոքերն ա լսում: Տնօրենը էդ ֆունկցիան կարող է վերցնել-տալ մեկ ուրիշին»,- նշեց կինը: Նրա փոխանցմամբ՝ տնօրենը 2 աշխատակիցների աշխատանքից ազատել է՝ նրանց փոխարեն ընդունելով 2 այլ աշխատակիցների: «Ազատել է իր գլխավոր բուժքույրին, ընդունել է մեկին, որը վերջին 10 տարում աշխատել է որպես գործավար եւ տնտեսվար,- ավելացրեց կինը՝ նշելով,- գլխավոր ֆինանսիստին սխալ հոդվածներով գործից ազատել է: Վերջինս դիմել ա դատարան: Հիմա գործը դատարանում է: Նրա փոխարեն նշանակել է իր ամուսնու աշխատակիցներից մեկի եղբորը»: Ի դեպ, նշենք, որ Հ. Ղազարյանի ամուսինն աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարությունում: Խմբագրություն զանգահարող կինը նաեւ խոսեց բուժհաստատությունում տիրող մթնոլորտի մասին, որտեղ բացառապես նախընտրում են չխոսել Հ. Ղազարյանի կողմից կատարած փոփոխությունների մասին: Աշխատակիցների` լռելու պատճառը վախի մթնոլորտն է եւ աշխատանքը կորցնելու անհանգստությունը: Մեզ զանգահարող կինը նշեց նաեւ, որ բողոքներն ու դժգոհությունները «զսպվում» են յուրաքանչյուր սենյակում տնօրենի կողմից նշանակված «լիազոր-ներկայացուցիչների» կողմից, ովքեր մանրամասն «ծանուցում» են իրենց ղեկավարին՝ բուժական հաստատությունում ընթացող իրադարձությունների մասին: «Բոլոր աշխատակիցներն ահ ու սարսափի մեջ են: Բոլորը վախենում են իրենց աշխատանքը կորցնել»,- եզրափակեց Սեւանի պոլիկլինիկայի բարքերից դժգոհող քաղաքացին: Երեկ մենք խոսեցինք նաեւ Սեւանի պոլիկլինիկայի նորանշանակ տնօրեն Հասմիկ Ղազարյանի հետ, ով, բնականաբար, հերքեց քաղաքացու բերած փաստերը: Ավելին՝ Հ. Ղազարյանն անմիջապես պատասխանեց, որ այդ հերյուրանքներով զբաղվում է մեկը՝ պոլիկլինիկայի նախկին գլխավոր ֆինանսիստ Գայանե Բադալյանը: «Ազատել եմ գլխավոր ֆինանսիստին` իր կատարած թերությունների համար: Իսկ ինչ թերթում գրել են, բողոքել են, դա գալիս է իրենից: Նա տանը նստած` խմորումներ է առաջացնում հիմնարկում: Գլխավոր ֆինանսիստն է, ով 15 տարի աշխատել է իր ուզած ձեւով ու ոճով: Ես էլ նոր տնօրեն եմ, իր աշխատելաոճով չեմ ցանկացել աշխատել: Ազատել եմ նրան մի շարք թերությունների համար»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սեւանի պոլիկլինիկայի տնօրենը՝ խորհուրդ տալով անձամբ գնալ բուժհաստատություն եւ փաստերը ստուգել հենց աշխատակիցներից: Հ. Ղազարյանը նշեց նաեւ, որ այս պահին գլխավոր ֆինանսիստին ազատելու առնչությամբ գործը գտնվում է դատարանում, եւ դատական նիստ դեռ չի եղել: Տնօրենի հավաստմամբ՝ դատական նիստի ժամանակ թե՛ մամուլը, թե՛ հասարակությունը կիմանան նախկինում կատարվածի ողջ ճշմարտությունը: Հարցին, թե արդյոք նոր ընդունված գլխավոր ֆինանսիստը պրոֆեսիոնալ մասնագե՞տ է, Հ. Ղազարյանը պատասխանեց. «Նա մասնագետ է: Մեզնից վեր կանգնած ատյաններում, որ գալիս են մեր գործերը ստուգելու, նրանց ասում են՝ ոչ միայն տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ես, այլ նաեւ` բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ես: Ուրեմն՝ էս նոր ընդունված ֆինանսիստն իր չափ էլ չկա՞: Ում աշխատանքից ազատել եմ` անգրագետի մեկն է, միայն լեզուն է պտտեցնում: Իր աշխատանքի ոչ մի թիվը, ոչ մի բանն էլ ճիշտ չէ՝ բոլորը զեղծարարություն է: Իմ այս բառերն էլ կարող եք գրել: Եկեք` տեղում ես փաստերով կապացուցեմ իր կատարած սխալները»,- նշեց տնօրենը: Մեր հաջորդ հարցին, թե աշխատավարձերի իջեցումն ինչո՞վ է պայմանավորված, Հ. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Ես այսպես Ձեզ չեմ կարող բացատրել, թե ինչով եմ դա պայմանավորում: Կա չափորոշիչ հասկացություն, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման մասին չափորոշիչ գիրք կա. չափորոշիչները տարբեր են` ըստ բնակչության թվի, նայած, թե ի՞նչ մասնագետ է տվյալ մասնագետը, բուժքույրը, ընտանեկա՞ն բուժքույր է, կաբինետում որեւէ մասնագետի մոտ աշխատո՞ղ բուժքույր է: Ամեն մի մասնագիտություն ունի իր ինդեքսը, ըստ այդ ինդեքսի եւ բնակչության թվի՝ հաշվարկվում են աշխատավարձերը: Ես ֆինանսիստի հետ հաշվարկներն արել եմ ըստ այդ չափորոշիչների՝ առանց որեւէ թիվ փոխելու կամ կեղծելու, որը բնորոշ է իրեն (նկատի ունի նախորդ ֆինանսիստին.- Մ.Մ.)»: Հ. Ղազարյանը եւս մեկ անգամ չմոռացավ խորհուրդ տալ` գնալ իրենց բուժհաստատություն, հերթով-կարգով փաստերը ստուգել եւ հետո գրել, եւ ոչ թե, ասենք, զանգահարել իրեն, ձայնագրիչը միացնել ու հարցեր տալ: Թերեւս, վատ չէր լինի ստուգումների առաջարկն անել ՀՀ Առողջապահության նախարարության պետական տեսչությանը, որը հանգամանորեն կպարզի խմբագրություն զանգահարած կնոջ կողմից բերած փաստերի եւ տնօրենի խոսքերի ճշմարտացիությունը: Մեր հեռախոսազրույցից քիչ հետո խմբագրություն զանգահարեց տնօրինուհին` Հ. Ղազարյանը, ասելով` քանի որ մամուլի հետ նա առաջին անգամ է գործ ունենում` այդ պատճառով էլ փոքր-ինչ հուզված խոսեց: Նա հանգամանորեն ներկայացրեց իր եւ նախորդ գլխավոր ֆինանսիստի գործունեությունը՝ նշելով, որ ինքը 1977թ. ի վեր աշխատում է Սեւանի պոլիկլինիկայում` նախ` որպես մանկաբույժ, ապա՝ ակնաբույժ, եւ դեկտեմբերի 1-ից` որպես տնօրեն: Հ. Ղազարյանը մանրամասն պատմեց գլխավոր ֆինանսիստի աշխատանքային թերացումների մասին՝ ընդգծելով, որ իրենց միջեւ տարաձայնություններն արդեն սրվել էին: Ավագ բուժքրոջն աշխատանքից հեռացնելու կապակցությամբ տնօրենն ասաց. «Ավագ բուժքույրն իր հորաքույրն է, որը 71 կամ 72 տարեկան է: Նրա պայմանագիրն արդեն վերջացել էր, եւ իրեն ուղարկել ենք թոշակի: Դրանից հետո ընդունել ենք երիտասարդ ավագ քույրի»:
Ինչեւէ, չնայած այս ամենին, տնօրենի եւ նախկին աշխատակցի վեճը կհանգուցալուծվի դատարանում: