ԱԱԾ-ն` ընդդեմ կնոջ

22/03/2011

«Մեր Ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, մենք պատերազմական վիճակում ենք, բայց իրենք ամբողջ համակարգով մի կնոջ դեմ են պայքարում»,- ասում է Մարինա Պողոսյանը:

ԱԱԾ-ի նկատմամբ նրա զարմանքը, բարկությունն ու բացասական վերաբերմունքը ձեւավորվել է սկսած 2010 թվականի ապրիլի 21-ից: Այդ օրը Մարինան եւ նրա որդին իրենց ավտոմեքենայով տուն գնալու ճանապարհին բախվել են «Վազ-21124» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Նարեկ Թումանյանը:

Ավտովթարը տեղի է ունեցել Նալբանդյան փողոցի 37 շենքի դիմաց` ԱԱԾ-ի անմիջական հարեւանությամբ: «Մեզանից առաջ մի քանի մեքենաներ կային, հանկարծ մեր դիմացի մեքենան կտրուկ արգելակեց, ես զգացի, որ բախում է լինելու, տղայիս ասացի` քաշի մյուս գիծ, դրանից վայրկյաններ անց մենք բախվեցինք Նարեկի վարած մեքենային»,- պատմում է Մարինան: Նրա խոսքով, Նարեկը փորձել է իր մեքենան շրջանցելով` փողոցի աջ մասից կայանել ձախ հատվածում, որի պատճառով էլ տեղի է ունեցել բախումը:

Բախումից հետո սկսված ԱԱԾ աշխատակիցների հետ հարաբերությունների մասին է պատմում Մարինան: «Մեզ էին շրջապատել ԱԱԾ-ի տասնյակ աշխատակիցներ, եկել էին մեզ համոզելու, թե Նարեկը մեղավոր չէ»:

Նույն օրը երեկոյան Մարինան ցանկություն է հայտնել հանդիպել Նարեկի հետ` պատճառված վնասի հատուցման հարցերը քննարկելու համար: Մարինայի խոսքով` Նարեկը սրճարանում իրեն դիմավորել է 2 այլ տղամարդկանց հետ, որոնց ներկայացրել է որպես իր պետեր. «Նրանցից մեկն ինձ փորձում էր վախեցնել, հարցնում էր` դու գիտե՞ս, թե մենք ով ենք: Հետո ասացին, թե` 2000 դոլար տուր, հակառակ դեպքում սպառնում էին, որ բժշկից տեղեկանք կվերցնեն, որ Նարեկը վնասվել է ավտովթարի արդյունքում: Ես, բնականաբար, ոչինչ չտվեցի»: Մարինայի խոսքով, ինքն ապշած էր ԱԱԾ աշխատակիցների լպիրշությունից. «Մեր պետությունն իրենց աշխատավարձ է տալիս մեր հարկերից, որ իրենք գան աշխատանքային ժամին սրճարանում կին վախեցնեն, դա նորմա՞լ է»: Հաջորդ օրը` ապրիլի 22-ին, Մարինա Պողոսյանը գրավոր տեղեկացրել է տեղի ունեցածի մասին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին. «Ես վստահ եմ, որ Ձեր աշխատակիցները անպայման փորձելու են իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով` ներազդել Պետավտոտեսչությունում կատարվող հետաքննության ընթացքի վրա»,- նշել է Մարինան իր դիմումում` ԱԱԾ պետին խնդրելով կասեցնել աշխատակիցների անվայել վարքը: Ինչպես այս, այնպես էլ իր հաջորդ դիմումներին Մարինան ստացել է հետեւյալ պատասխանը. «Ձեր դիմում-բողոքում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»: «Եթե իմ գրածները սուտ են, թող ինձ դատի տան զրպարտության համար, ինչո՞ւ չեն անում: Որովհետեւ գիտեն, որ ես ճիշտ եմ, բայցեւ չեն ուզում նեղացնել իրենց աշխատակցին»,- ասում է ԱԱԾ-ից վիրավորված կինը: Ավտովթարի` ամիսներ տեւած հետաքննության ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություն, որով հաստատվել է Նարեկ Թումանյանի անօրինական գործողությունների եւ դրանց հետեւանքներով կայացած վթարի պատճառահետեւանքային կապը: Վթարի արդյունքում Մարինա Պողոսյանի ավտոմեքենան 1 միլիոն 319 հազար դրամին համարժեք վնաս է կրել, որը ստանալու համար էլ քաղաքացին դիմել է դատարան: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարինա Պողոսյանի հայցը եւ վճռել է հօգուտ նրա Նարեկ Թումանյանից բռնագանձել 1 միլիոն 319 հազար դրամ: Նարեկ Թումանյանը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարանում` հիմնվելով Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Արմեն Մադաթյանի եզրակացության վրա, համաձայն որի` վթարի մեղավորը ոչ թե ԱԱԾ աշխատակիցն է, այլ Մարինա Պողոսյանի որդին, ով այդ պահին եղել է մեքենայի ղեկին:

«Արմեն Մադաթյանի եզրակացությունն անօրինական է, ոչ մի օրենքով նախատեսված չէ, որ Ճանապարհային ոստիկանությունը եզրակացություն տալու իրավունք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Նվեր Բարսեղյանը: Նա նշեց, որ իրենք դատարանին էին ներկայացրել Վճռաբեկ դատարանի կողմից հաստատված Վերաքննիչ դատարանի նախադեպային որոշումը, որ նման դեպքերում ՃՈ կողմից տրված եզրակացությունը չի հանդիսանում վերաբերելի եւ բավարար ապացույց: «Այդպիսի ապացույց կարող է լինել միայն փորձագետի կողմից տրված եզրակացությունը, որն էլ այս դեպքում հաստատում էր, որ Նարեկ Թումանյանի անօրինական գործողությունների արդյունքում է վթարը տեղի ունեցել: Նարեկ Թումանյանը ծանոթ է եղել այդ եզրակացությանը, սակայն չի բողոքարկել այն, թեեւ նա կարող էր պահանջել, որ կրկնակի փորձաքննություն նշանակեին»,- ընդգծում է փաստաբանը:

Նվեր Բարսեղյանը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը`«մեղավորության կանխավարկածի» վերաբերյալ: «Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռում նշված է, որ Նարեկ Թումանյանը որեւէ կերպ չի ապացուցել իր անմեղությունը: Իսկ «մեղավորության կանխավարկածը» կայանում է նրանում, որ մարդը համարվում է մեղավոր այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցել իր անմեղությունը: Իսկ Մարինայի որդու անմեղությունն ապացուցվել է փորձագիտական եզրակացությամբ»,- ասաց փաստաբանը: Չնայած իրենց օգտին կայացրած դատական ակտի իրավական հիմնավորվածությանը` Նվեր Բարսեղյանը նշում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն «այնքանով է կանխատեսելի, որ գործ ունենք Ազգային անվտանգության ծառայության հետ»:

Իսկ Մարինա Պողոսյանը մտահոգված է, որ դատարանը կբավարարի ԱԱԾ աշխատակցի պահանջը, քանի որ իրեն արդեն հասկացրել են, որ «ավելի լավ է հրաժարվես պահանջիցդ, միեւնույն է` ԱԱԾ-ի աշխատակցին չես կարող հաղթել»: «Սա, ի վերջո, կենցաղային միջադեպ է, կարեւոր չէ անգամ դատարանի որոշումը: Կարեւորը այդ համակարգի վերաբերմունքն է այս կենցաղային միջադեպի նկատմամբ: Ուրեմն կին են գտել ու բոլորով հարձակվել են վրաս»,- ասում է Մարինան: Հարցազրույցի ողջ ընթացքում զգացվում էր Մարինա Պողոսյանի խորը վիրավորվածությունը պետական մի կառույցից, որի առաքելությունն է` ապահովել մեր անվտանգությունը: Վերաքննիչ դատարանը սույն գործի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 23-ին, ժամը 16:30-ին:

Արման ՂԱՐԻԲՅԱՆ
lragir.am