Հայաստանում իրական փոփոխությունների հնարավորությունները, գոնե ներքին ընդվզումների միջոցով, ժամանակի հետ դառնում են ոչ իրագործելի: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները բարեփոխումների գնալու ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ ցանկություն: Իսկ ընդդիմությունը (տվյալ դեպքում` ՀԱԿ-ը եւ նրան հարող կուսակցությունները, «Ժառանգությունը») իշխանության ռեստավրացիայի հնարավորությունը պատկերացնում են ոչ այնպես, ինչպես «հի-մա» վանկարկող ցուցարարները կամ ընդդիմության հանրահավաքին իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության համար միացած առեւտրականները:
Արդեն պարզ է` ընդդիմությունը որդեգրել է պայքարի մի մեթոդ, որը իշխանափոխություն չի բացառում, սակայն միայն տեսականորեն: Իսկ գործնականում չի ցանկանում: Եվ փոփոխություններ ակնկալող հասարակությունն իր ցասման բոլոր սլաքներն ուղղում է հիմնականում ՀԱԿ-ին: Ակնկալիքնե՞ր կան ՀԱԿ-ից, ավելի կոնկրետ` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Որո՞նք են այդ ակնկալիքները, որ նա հեղափոխությո՞ւն կանի: Սակայն նա հեղափոխություն անել չի ցանկանում եւ այդ մասին բավականին բաց տեքստով ասել է: Բացի դա` մեղադրել նրան, թե ինչո՞ւ չի արդարացնում «հի-մա» բղավողների ակնկալիքները, լուրջ չէ: Ցանկանում եք հեղափոխությո՞ւն, գնացեք եւ արեք, ինչո՞ւ եք կառչում Տեր-Պետրոսյանից եւ նրա վրա դնում ձեր ցանկությունների իրականացման պատասխանատվությունը: Կոնկրետ ՀԱԿ համակիրները, ովքեր իշխանությունների դեմ իրենց բողոքն արտահայտում են ՀԱԿ հանրահավաքին մասնակցելով, աներկբա, ավելի ճիշտ է ասել` անմռունչ, հավատում են Տեր-Պետրոսյանի ճշմարտացիությանը, անգերազանցելիությանը: Նրանք ենթարկվում են Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր խոսքին: Օրինակ` եթե Տեր-Պետրոսյանը գտնում է, որ ճիշտ կամ հարմար է պայքարի ա՛յս ձեւը, ուրեմն դա քննարկման ենթակա չէ: Իսկ իրենց նախընտրած առաջնորդին հավատալն այդ մարդկանց իրավունքն է: Եվ ՀԱԿ-ի համակիր մեկը, զայրացած հանրահավաքից հետո ծավալված քննադատությունից, նետեց. «Եթե ձեզ դուր չի գալիս մեր հանրահավաքը, մեր առաջնորդի մարտավարությունը, մասնակցեք այլ հանրահավաքների, ի՞նչ եք ուզում Տեր-Պետրոսյանից»:
Եվ նա, կարծես, ճիշտ է. ՀԱԿ հանրահավաքներից հետո կենտրոնանում ենք Տեր-Պետրոսյանի ամեն ժեստի, նրա ասած յուրաքանչյուր մտքի վրա: Տառ առ տառ վերլուծում ելույթը: Իշխանություններին գործարք առաջարկեց, չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեղադրում ենք, թե նա իշխանություններին հանրահավաքների ժամանակ պարզապես ցուցադրում է իր համախոհների թիվն ու երկրի նախագահին ստիպում անհրաժեշտ հետեւություններ անել: Շատ հավանական է, որ այդպես էլ կա: Սակայն նա մեղավոր չէ, որ հազարավոր մարդիկ նրա առաջ ծնրադրում են` ինչպես սրբի առաջ: Եվ հետո` հանրահավաքները նրա՛ նախագծերն են եւ ընթանում են այն սցենարով, որն անձամբ հարմար է Տեր-Պետրոսյանին: Կարող եք մասնակցել կամ չմասնակցել եւ ձեր բողոքն արտահայտելու այլ ճանապարհ ընտրել: Պարզապես խնդիրն այն է, որ ընդդիմության առաջնորդի հայտ, նրանից բացի, որեւէ մեկը լրջորեն չի ներկայացնում: «Սարդարապատ» շարժումն ունի այլ մարտավարություն, որն իսկը «հիմա» կանչողների համար է: Եվ դա է պատճառը, որ այն առանձնացավ ՀԱԿ-ից: Սակայն Ժիրայր Սէֆիլյանը, ով ունի ներկայանալի անցյալ, խարիզմատիկ է, հանրահավաք հրավիրելու եւ իր ծրագիրն իրականացնելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս: Հետեւաբար` հարկ չկա նկատելու, որ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքին նրան ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել. բարոյական հարթությունը քաղաքականության համար չէ:
Ունե՞նք այլ առաջնորդներ: Առհասարակ, ունե՞նք իսկական ընդդիմություն: Եթե այո, որտե՞ղ փնտրել: Գուցե Ազատության հրապարակո՞ւմ, ուր արդեն որերորդ օրը հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա ցանկությունն է` երկրի նախագահի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացումը, եւ այդ կապակցությամբ էլ ինքն իրեն զրկել է սնվելու հնարավորությունից: Քայլը մարդկայնորեն հասկանալի է: Սակայն, եթե ակցիան դիտարկենք սոսկ արդյունավետության տեսակետից, Ազատության հրապարակում հացադուլը դժվար թե անգամ հոգեբանական ճնշում լինի այն մարդկանց վրա, ում հասցեագրված է` երկրի նախագահի կամ մյուս պաշտոնյաների: Լավագույն դեպքում, կանցնի մի քանի օր, պարոն Հովհաննիսյանի առողջությունը կտատանվի, եւ նա` ընտանիքի սիրույն եւ բժիշկների հորդորով, ստիպված կլինի դադարեցնել այն:
Թե ինչո՞ւ «ժառանգություն» կուսակցությունն ինքը չի փորձում առանձին հանրահավաք կազմակերպել, այսինքն` հասկանալ` ովքեր են իր համակիրները, կարո՞ղ է արդյոք այս կուսակցությունը եւս այնպիսի բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, ինչպես ՀԱԿ-ը, զանգվածներին առաջնորդել գործնական իշխանափոխության: Դժվար է ասել: Փոքրաթիվ ակցիաներ, այլեւայլ քաղաքացիական նախաձեռնություններին միանալ, առանձին քաղաքացիների իրավունքների պաշտպանությունգ Սակայն մարդիկ գլոբալ փոփոխություններ են ուզում: Ընդ որում` հի՛-մագ
Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս հավակնորդին` Դաշնակցությանը, ապա այս կուսակցությունը հանրահավաքներ կազմակերպելու փորձ ունի: Սակայն այդ հանրահավաքներին մարդիկ կամավոր գալիս են միայն այն դեպքում, երբ դրանք Ցեղասպանությանն են նվիրված կամ հայ-թուրքական հարաբերություններին: Իսկ այլ թեմայով հանրահավաքի համար Դաշնակցությունը դիմում է հայտնի միջոցի` մարդկանց ավտոբուսներով տեղափոխում է դեպքի վայր:
Եվ դարձյալ վերադառնում ենք նույն կետին` ՀԱԿ-ին: Շատերին դուր չի գալիս նրա առաջնորդի միտքը, թե` «Մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք` համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից» : Նրա շատ մտքեր խիստ երկիմաստ են, սակայն, կրկնենք, նա իրականացնում է ի՛ր ծրագիրն ու նպատակները: Եվ դա բնական է` չմոռանանք` ՀԱԿ-ն ու հանրահավաքները նրա՛ հեղինակային ծրագրերն են, իսկ հանրահավաքների մասնակիցները նրան իրավունք են տվել իրենց էներգիան օգտագործել այնպես, ինչպես հարմար է գտնում Տեր-Պետրոսյանը:
Փնտրեք ալտերնատիվ ընդդիմություն` ավելի ակտիվ, կյանքի տեմպի այլ զգացողությամբ, պակաս զգուշավոր եւ ժամանակը անվերջ չծամող: Իսկ այն, որ փնտրելուց հետո անգամ չենք գտնում, սա իրո՛ք խնդիր է: Չկա մի ուժ, ով համարձակություն ունի ստանձնել գործնական փոփոխությունների պատասխանատվություն: Ով կկարողանա մարդկանց էներգիան, համախմբվածությունը ճիշտ ժամանակին տանել ճիշտ ուղղությամբ: Հետեւաբար` ՀԱԿ-ն ունի բոլոր հիմքերը` քամահրելով իր հասցեին հնչող քննադատությունն ու ահագնացող անվստահությունը, շարունակել իր բազմամարդ հանրահավաքները` վստահ, որ մարդաշատության իր նշաձողն առայժմ որեւէ այլ կուսակցության համար անհաղթահարելի է: