Նոր-Արեշ 34 փողոցի 106/1 սեփական տան տակի սեւ խոռոչը գնացքի թունելի նման է, որտեղ մութ է, ու սեւի մեջ այդ տարածությունը վերջ չունի:
Քարուքանդ եղած աստիճանները տանում են մի ճանապարհով, որտեղով պարզապես անհնար է առաջ շարժվել` առանց պատերից բռնվելու: Պատերը շոշափելով` մի կերպ առաջ ես շարժվում, իսկ առաստաղի ցածրությունից ճկված մարմինդ լույս է փնտրում, որպեսզի ոլորանի հանգույցի վերջը գտնի: Լույսի ու ստվերի խաղն ահավոր տագնապեցնող է, իսկ ոտքիդ տակի խլրտոցներից` առնետների շարժից, ոտքերդ բնազդաբար արագություն են բացում, որպեսզի «լաբիրինթոս» հիշեցնող այդ սարսափից դուրս գալու ճանապարհ գտնեն: Մի քիչ աջ, մի քիչ ձախ` ջարդուխուրդ եղած անկողպեք դռներ են, որոնք բացելիս` վստահ եմ` էլ ավելի սոսկալի տեսարանի ականատեսն եմ լինելու: Դռներից մեկի ետեւից նշմարվող թույլ լույսը վկայում է, որ դռան ետեւում մարդկային շունչ կա: Ներսում գլուխը կախ պատանին` ինձ տեսնելուն պես, սենյակից դուրս է վազում: Ինձ հիշում է, որովհետեւ 2 տարի առաջ իր ընտանիքին լուսանկարել ու հրապարակում էի պատրաստել: Թերթում պատմել էի, թե ինչպես է նա փոքրիկ քրոջ ու մոր հետ օրերով անձրեւի տակ` փողոցներում գիշերել: 14-ամյա Էրիկը հիմա հասուն մարդ է դարձել. փողոցներում գիշերելու տառապանքը դաջվել է աչքերի մեջ, ու մեծանալու հետ հիմա նրա հայացքի մեջ կարելի է կարդալ մանկությունը: Հիմա Էրիկը մոր ու քրոջ հետ ապրում է նկուղում, որտեղ ապրելը փողոցներում գիշերելուց առավել դյուրին չէ: Հետեւից կանչում եմ` «Ինչի՞ դուրս եկար»: Խուսափելով ինձ հետ առճակատումից, սենյակ վերադառնալով, ասում է` «Չեմ ուզում ինձ նկարեք, հանկարծ չնկարեք, ամաչում եմ: Կամ էնպես արեք` դեմքս չերեւա»:
Էրիկին խոստանում եմ իրեն չլուսանկարել, բայց խնդրում եմ մասնակցել մեր խոսակցությանը: Ասում է` «Դասերից հետո բանվորություն եմ անում, գռուզ եմ կրում, զիբիլ եմ թափում, ինչ էլ պատահի` անում եմ, որ մամայիս մի քիչ օգնեմ: Պատահում ա, որ շինարարական աղբ թափելու գործ ա լինում` անում եմ: Ամեն ինչ էլ անում եմ, ճիշտն ասած»: Ծանր աշխատանք կատարելու պատճառով վերջերս աղիքային սուր նոպաներ են սկսվել: Մայրը` Ռուզանը, դիմել է բժշկի, բարեբախտաբար` վտանգավոր բան չի հայտնաբերվել: Ռուզանն անհանգստանում է որդու համար, փորձում է խնայել, բայց Էրիկն էլ` հասկանալով մոր անօգնական վիճակն` ուզում է մորը խնայելով մի երկու կոպեկ աշխատել: «Դասերս սովորում եմ, հասցնում եմ ամեն ինչն էլ, նույնիսկ ֆուտբոլի եմ գնում ու հաջողություններ ունեմ: Ամեն ինչ լավ ա, ես չեմ նեղվում, որ դասերից հետո բանվորություն եմ անում, բայց մամայիս ու մեր վիճակից շատ եմ նեղվում, որովհետեւ եթե կողքից ես գործ չանեմ` մեր վիճակն անտանելի կդառնա»,- ասում է Էրիկը, ով ամեն ամիս աշխատած մանրադրամները մեկ-մեկ հաշվելով` դնում է 24.500 դրամ նպաստի վրա, որպեսզի նկուղային սենյակի ամսական վարձավճարը չուշացնեն: Ասում է` օրերով քաղցած կմնան, բայց սենյակի 30.000 դրամ վարձը պարտադիր կերպով պիտի ժամանակին վճարեն: Էրիկի ու նրա ընտանիքի` կրկին փողոցում մնալու վախը ստիպում է, որ ունեցած գումարով ոչ թե հաց գնեն, այլ` վճարեն սենյակի վարձավճարը: Մի բան էլ կա, որ Էրիկին «թեւաթափ» է անում` հոր անհետանալն ու նրա բացակայությունը: Ամեն երեկո թախիծով սկսում է մորը հարցերի շարան ներկայացնել: «Ես երբեք հոր մասին վատ բան չեմ ասում: Միշտ փորձում եմ բացատրել, որ կյանքում էդպես էլ ա լինում: Չեմ ասում` հերդ ա մեղավոր, ասում եմ` երկուսս էլ մեր սխալներն ունենք: Հասկանո՞ւմ ես, չեմ ուզում, որ չարանա»: Էրիկը 3 տարեկան էր, երբ հայրը որոշեց մեկնել Ռուսաստան աշխատելու, քանի որ վարձով էին ապրում: Մեկնեց ու տարիներ շարունակ նույնիսկ նպատակահարմար չգտավ ընտանիքով հետաքրքրվել. «Ռուսաստան գնալու գաղափարին ես համաձայն էի, որովհետեւ տուն չունեինք, աշխատելու, տուն գնելու հեռանկար չկար, իսկ վարձով ապրելը դժվար էր: Գնաց ու մոռացավ մեզ: Մի քանի տարի անց վերադարձավ ու մեզ գտավ: Անկեղծ եմ ասում, շատ վիրավորված էի ու չէի կարողանում ներել, բայց մենակ հանուն տղայիս` ներեցի: Մտածում էի` սխալվել ա, ու իրան չներելով` տղայիս եմ պատժելու, առանց հայր ա մեծանալու, մանավանդ, որ ինքը շատ խելացի երեխա ա, ու իրա հարցերից չեմ կարա խուսափեմ»,- պատմում է Ռուզանն` ասելով, որ որոշ ժամանակ համատեղ ապրելուց հետո կրկին հղիացել է, եւ երկրորդ երեխային սպասել է թե՛ ամուսինը, թե՛ ինքը: Ամուսինը, սակայն, կրկին Ռուսաստան մեկնելու ծրագիր է կազմել եւ այս անգամ մեկնել է առանց կնոջ համաձայնության. «Հասկացա, որ ինչ-որ բան էն չի, ուղղակի լքում ա»: Ռուզանը հղի վիճակում որդու հետ աննկարագրելի ծանր օրեր է ապրել: Սկզբում վարձով է ապրել, իսկ հետագայում` որտեղ պատահիգ Աղջիկը` Հասմիկն, արդեն 8 տարեկան է ու հորը երբեք չի տեսել: Միայն գիտի, որ հայր ունի, որն էս աշխարհում ինչ-որ տեղ է, բայց իր կողքին չէ: «Երեխեքս շատ են սպասել իրան, շատ դժվարությունների միջով են անցել, դու հո գիտեսգ»,- ասում է Ռուզանն, ով վերջերս պատահաբար հանդիպել է ամուսնու ընկերոջն, ով խղճալով Ռուզանին ու երեխաներին` հորդորել է նրան այլեւս չսպասել. «Ասեց` ամուսնացել ա ռուսի հետ, երեխա ունի»: Երեխաներին միայնակ խնամող Ռուզանի համար թեեւ այս լուրը մեծ հարված է եղել, բայց, միեւնույն է, թաքցնում է վիրավորվածությունը։ «Երեխեքիս մոտ ցույց չեմ տալիս: Անկախ ամեն ինչից, միշտ իրանց հոր մասին դրական եմ խոսում: Ասում եմ` կյանք ա, երեւի ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ, ու ոչ ոք մեղավոր չի, որ մեր կյանքը չստացվեց»,- ասում է նա: Հիմա Ռուզանն իր 2 երեխաների հետ ծվարել է Էրեբունու սեփական տան նկուղում, որտեղի սառնությունն ու մթությունն անտանելի է: Ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվում են, որովհետեւ վաստակած գումարով միայն կարողանում են նկուղային սենյակի վարձը տալ. «Մենք սովոր ենք նեղությանը: Երեխեքս կարող ա օրերով սոված մնան, բայց մի հատ ծպտուն չհանեն: Էրիկս գնում, համբալություն ա անում, կոպեկ-կոպեկ դնում ա իրար վրա, ասում ա` մամա, ոչինչ, կդիմանանք, մենակ թե վարձը չուշացնենք: Մեր մեջ փողոցում մնալու վախ կա, հասկանո՞ւմ ես, դրա համար էլ` ավելի լավ ա սովի մեջ ապրենք, բայց փողոցում չհայտնվենք»: Ռուզանն ու երկու անչափահաս երեխաներն ապրում են 24.000 դրամ ընտանեկան նպաստով: Էրիկն աննկարագրելի դաստիարակված մարդ է, ու նույնիսկ հարեւաններն ու փողոցի բնակիչներն են նրա մասին գովեստի խոսքեր ասում: «Էս դարում նման երեխա ամեն ընտանիքում չես տեսնի: Օր չկա, որ էս երեխեն մի մեծահասակի ձեռքի ծանր տոպրակները չհասցնի տուն: Բոլորին օգնում ա, բայց ամենաշատն ինքն օգնության կարիք ունի: Բոլոր հարեւանները սիրում են նրան, որովհետեւ չնայած նրանց աղքատ պայմաններին` էս երեխեն շատ խելացի տղա ա»,- վստահեցնում են հարեւաններն, ովքեր ամեն օր Ռուզանի ընտանիքին մի կտոր հաց կամ մի ափսե տաք ճաշ են հյուրասիրում: Ռուզանն ասում է, որ տան տերն էլ շատ լավ մարդ է ու մշտապես իրենց ձեռք է մեկնում. «Պատահում ա` կարտոշկա, սոխ կամ տաք ճաշ ա բերում: Շատ խղճով կին ա: Առաջ սենյակի վարձը 25.000 էր, բայց դարձրեց 30.000, որովհետեւ ասում ա` հացը, ուտելիքը, ամեն ինչ թանկացել ա»: Ռուզանն ուրիշի տները մաքրելով` կարողանում է որոշակի գումար վաստակել: Ասում է` ձմռանը նման աշխատանքի պահանջարկն ավելի քիչ է, բայց` «Հիմա ուբոռկի սեզոնը բացվում ա, մարդիկ աշխատողի կարիք կունենան: Լինում ա` 3000, 5000 կամ 1000 դրամ են տալիս: Նայած, էլի, մարդ կա, որ շատ ա տալիս, բայց ինչ գին էլ ասում են` համաձայնվում եմ, որովհետեւ ճար չունեմ»: Ուրիշների բնակարանները մաքրելիս Ռուզանը կարողանում է նաեւ տանտերերի դեն գցելու շորերով երեխաներին պահել:
Երկու տարի առաջ այս ընտանիքի մասին հրապարակում էինք տպագրել: Հոդվածին արձագանքել էր Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանն, ով մեծ օգնություն ցուցաբերելուց բացի` նաեւ Ռուզաննայի վարձակալած բնակարանի մի քանի ամսվա 50.000 դրամ վարձավճարն էր տրամադրել: «Հետո տանտերն ասեց, որ պիտի ազատենք, Մոսկվայից հարազատներն են գալու այդ տանն ապրելու: Պրն Սեդրակյանը Էրեբունու հանրակացարանում սենյակ հատկացրեց: Գնացի, որ սենյակը մաքրեմ, դասավորեմ, որ տեղափոխվենք: Էդ հարկի բնակիչները հարձակվեցին վրես, ծեծ ու ջարդ սարքեցին, բա թե` սենյակը մերն ա: Սենյակի կողքի բնակիչն ասում էր, որ դա իրան պիտի տան` իր սենյակին միացնելու համար, ինչ սպառնալիքներ, ինչ ծեծ, վիճաբանություն: Էրիկիս վրա էին հարձակվում: Շատ էի վախենում, հաստատ երեխուս մի բան կանեին, կգցեին բանտի դռները: Պարետով, հարեւաններով ինձ էնտեղից դուրս վռնդեցին: Թաղապետարանից ինձ ասեցին` ինչի՞ Ոստիկանություն չես զանգել, բայց հեռախոս էլ չունեի: Շատ վախեցա, շատ վտանգավոր մարդիկ են, հաստատ մեզ վնաս կտային: Մի օր էլ գնացի տեսա` դուռը ջարդել են: Հեռացա վախից ու էլ ոտք չդրեցի: Ինձ շատ վատ բաներ էին ասում, թե` ինչքա՞ն փող ես տվել Մհերին, դու Մհերի ի՞նչն ես, որ ձրի սենյակ ա տվել, մի խոսքով` ստորացնում, վարկաբեկում էին»,- պատմում է Ռուզանն, ում Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցները խոստացել են հողատարածք տրամադրել եւ տնակ տեղադրելու դեպքում թույլ տալ այնտեղ ապրել: Ռուզանը հույս ունի, որ երբեւէ տնակ գնելու հնարավորություն կունենա ու կապրի մի տեղ, որտեղ որեւէ մեկն իրեն չի մեղադրի բարի մարդկանցից անշահախնդիր կերպով աջակցություն ստանալու համար: