Խիստ նորաձեւ լինելը շատ բարակ գծով է տարանջատվում ծիծաղելի երեւալուց

22/03/2011

Դիմահարդարումն, անշուշտ, մեծ դերակատարում ունի յուրաքանչյուր կնոջ կյանքում, բայց, ցավոք, շատ քչերն են ծանոթ գրագետ դիմահարդարման արվեստին, այն հնարքներին ու տեխնիկային, որոնց տիրապետում է մեր զրուցակիցը` Make-up studio-ի հիմնադիր, դիմահարդարող Հրանուշ Եղոյանը, ում հետ մենք զրուցեցինք դիմահարդարման միտումների եւ հայ կանանց նախասիրությունների մասին:

– Պրոֆեսիոնալ դիմահարդարումը կարելի՞ է համարել հաջողության հասնելու առաջին քայլը:

– Ընդհանրապես ես շատ զգույշ եմ մոտենում «դիմահարդարում» գաղափարին, որովհետեւ, եթե մարդը չկարողանա ճիշտ կրել եւ մատուցել իր դիմահարդարումը, շատ ավելի վատ գնահատականի կարող է արժանանալ, քան նա, ով առանց դրա է ներկայանում: Առօրյայում ես կանանց սովորաբար խորհուրդ եմ տալիս շատ զգույշ օգտվել դեկորատիվ դիմահարդարման պարագաներից. ավելի ճիշտ է օգտագործել շատ քիչ շպար եւ լինել շատ ավելի կոկիկ ու խնամված, քան շատ շպարով ներկայանալ: Իսկ հատուկ առիթների դեպքում խորհուրդ եմ տալիս դիմել պրոֆեսիոնալ դիմահարդարներին, ովքեր, կողքից դիտելով դեմքը, իրենց տեսությունն են ներկայացնում դրա վրա: Օրինակ, ես կարող եմ ցանկացած մարդու ուրիշ կերպար հաղորդել, ուրիշ մարդ դարձնել, բայց իմ գերխնդիրը ոչ թե դա է, այլ տվյալ անձի դեմքի ամենագեղեցիկ մասերն առավել արտահայտիչ դարձնելը: Հենց դա էլ, իմ կարծիքով, դիմահարդարման ամենամեծ գրավականն է:

– Աշխատանքը սկսելուց` կնոջ դեմքին մոտենալուց առաջ փորձում եք հասկանալ հաճախորդի էությո՞ւնը, թե՞ դեմքի կառուցվածքն ու դիմագծերը բավական են կողմնորոշվելու համար:

– Իհա՛րկե: Եթե մենք առաջնորդվենք միայն դեմքի կառուցվածքով եւ դիմագծերով, ապա դիմահարդարումը միայն կիսով չափ կհաջողվի: Մենք պետք է հաշվի առնենք նաեւ մարդու ոճը, նախասիրությունները, տարիքը, հագուստը, որը կրելու է, վայրը, ուր ներկայանալու է, դերը, որն ունենալու է այդ օրը: Շատ մասնագետների գիտեմ, ովքեր չեն սիրում լսել հաճախորդին, սակայն հաճախորդին լսելով` նրան հնարավորություն ես տալիս մտերմանալու քեզ հետ, եւ նրա ցանկությունները քո միջով անցկացնելուց հետո արդեն այն արտահայտում ես դեմքի վրա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում «Հաճախորդը միշտ ճիշտ է» արտահայտությանը:

– Եթե սպառողի դեպքում մենք որեւէ ապրանք, իր ենք առաջարկում, ապա հաճախորդի դեպքում ծառայություն ենք մատուցում: Այս պարագայում, եթե պրոֆեսիոնալ ենք, ապա մեր մատուցած ծառայությունը պետք է մաքսիմալ գրագետ լինի, այլապես այն ոչ մի արժեք չի ունենա:

– Նկատե՞լ եք արդյոք օրինաչափություն` հաճախորդների բնավորության եւ դիմահարդարման հարցում նրանց ճաշակի միջեւ: Եթե այո, օրինակներ կնշե՞ք:

– Չեմ նկատել այդպիսի օրինաչափություն: Կարծում եմ` դիմահարդարման հարցում մարդու ճաշակը կապված է ավելի շատ նրա ոճի, քան բնավորության հետ: Երբեմն դիմահարդարումը հանդիսանում է ինքնահաստատման միջոց` մարդը կարող է համեստ լինել այլ դրսեւորումներում, բայց նրա դիմահարդարումը լինի շատ ընդգծված:

– Դիմահարդարումն ավարտելուց հետո հաճախորդի վարքի, պահվածքի մեջ որեւէ փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Անշո՛ւշտ, եւ դա ամենակարեւորն է: Եթե մարդուն դուր է եկել այն, ինչ դու արել ես, նրա մոտ ինքնագնահատականի բարձրացում է նկատվում` փոխվում է կեցվածքը, քայլվածքը, շարժուձեւը, տրամադրությունը, խոսելաոճը, հագուստը կրելու ձեւը, եւ այլն, իսկ երբ մարդն իրեն գեղեցիկ է ընկալում ու զգում, ապա նրան շրջապատողները եւս նրան գեղեցիկ են ընկալում:

– Կան մարդիկ, ովքեր դիմահարդարումն ավելորդ են համարում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

– Ճաշակի հարց է, եւ ինչ խոսք, կան նաեւ կանայք, որոնք կարծում են, որ շպարն ավելորդ է: Օրինակ, երբեմն կանայք ասում են, որ չեն սիրում տոնային կրեմ օգտագործել: Այժմ համաշխարհային շուկան այնպիսի նյութեր է առաջարկում, որ մենք նույնիսկ ի վիճակի չենք ընկալել այդ արագությունը: Կան, օրինակ, տոնային կրեմների տարբեր տեսակներ, որոնք համապատասխանում են մաշկի ցանկացած տեսակին: Մասնագետն ընտրում է մաշկի տվյալ տեսակի համար տոնային կրեմի այն քանակը, ձեւը, թափանցիկությունը, որակը, որը հաճախորդն է ուզում: Այդպիսով մասնագետը բավարարում է հաճախորդի ցանկությունը, իսկ վերջինս փոխում է իր կարծիքը. չէ՞ որ նույնիսկ իդեալական մաշկը թեթեւ շպարից հետո ավելի իդեալական է երեւում:

– Այսինքն` կարելի՞ է ասել, որ գիտելիքների պակասն է բերում դիմահարդարումից հրաժարվելուն:

– Այսօր ինֆորմացիան շատ մատչելի է դարձել, եւ մարդիկ ավելի ինֆորմացված են: Օրինակ, 13 տարի առաջ, երբ ես սկսում էի այս գործը, 5 հաճախորդ ունեի, ովքեր գիտեին, թե ինչ է make-up-ը, ընդ որում` նրանցից 3-ը հայաստանաբնակ չէին: Այժմ չկա մեկը, որ չիմանա make-up-ի մասին, իրեն հարգող ցանկացած կին այժմ խնամում է իրեն, իսկ թե ինչպե՞ս, դա արդեն կախված է իր նախասիրություններից:

– Ի՞նչ չարաշահումներ եք նկատում հայ կանանց եւ աղջիկների դիմահարդարման մեջ: Ինչպիսի՞ սխալներից պետք է խուսափել:

– Ես միշտ խուսափում եմ կտրուկ լինելուց, որովհետեւ մարդու ճաշակը, այնպես, ինչպես նորաձեւության միտումները, շատ փոփոխական են: Մի բան, որ կարող է այսօր շատ ակտուալ լինել, որոշ ժամանակ անց կարող է ծիծաղելի երեւալ: Այդ պատճառով մարդկանց միշտ խորհուրդ եմ տալիս խուսափել խիստ նորաձեւ լինելուց, եթե նրանք նորաձեւության ոլորտի շրջանակներում չեն, եւ, օրինակ, գրասենյակի, բանկի աշխատակիցներ են, ուսանողներ, եւ այլն: Խիստ նորաձեւ լինելը շատ բարակ գծով է տարանջատվում ծիծաղելի երեւալուց, հետեւաբար պետք չէ անցնել այդ սահմանը, ավելի լավ կլինի նուրբ մոտեցում ցուցաբերել այս հարցին` խուսափելով կտրուկ լինելուց:

– Երեկոյան, հարսանեկան, գործնական, սեզոնային դիմահարդարում. ի՞նչ խորհուրդներ կտաք սրանց հետ կապված:

– Այդ բոլորը առանձին եւ տարբեր ոճեր են: Երբ մենք երեկոյան դիմահարդարում ենք անում, բազմաթիվ հանգամանքներ ենք հաշվի առնում` այն վայրը, ուր այդ դիմահարդարանքով գնալու է տվյալ կինը: Եթե գործնական ճաշկերույթ է, հարսանյաց հանդես կամ ծննդյան տարեդարձ, ապա բոլորովին այլ մոտեցումներ են պահանջվում: Եթե տվյալ մարդուն երեկույթի ժամանակ տեսնելու են հեռվից, կամ ասենք` կես մետր հեռավորությունից, ապա բոլորովին այլ որակի դիմահարդարում է արվում: Այսինքն` դիմահարդարման հիմքը, սկզբունքը հանգամանքների մանրամասն պարզաբանում է պահանջում: Գործնական դիմահարդարումը մեծամասամբ բիզնես-կանանց համար է, որը պահանջում է բոլորովին այլ դիմահարդարում: Այս դեպքում ամեն ինչ պետք է շատ զուսպ լինի եւ մանրամասն աշխատած` գծերը, անցումները պետք է շատ «մաքուր» լինեն: Հարսանեկան դիմահարդարումը, օրինակ, նախեւառաջ պետք է շատ որակյալ նյութերով արված լինի եւ շատ լավ խնամված մաշկի վրա:

– Շատ լավ խնամված մաշկը երկարատեւ պրոցե՞ս է ենթադրում:

– Ո՛չ, իհարկե: Դա մեկ օրվա ընթացք չէ, օրեր են պետք մաշկը խնամելու համար: Ընդհանրապես մաշկը միշտ պետք է խնամված պահել, իսկ հարսանեկան արարողությունից առաջ նախընտրելի է, որ հարսնացուն մաշկի խնամքի հետ կապված պրոցեդուրաներ անցնի: Ինչ վերաբերում է սեզոնային դիմահարդարմանը, ապա այստեղ ամեն ինչ կախված է տեքստուրաներից, որոնք օգտագործվում են: Նյութեր կան, որոնք ունեն հալվելու, ծորալու հատկություն, դրանք նախընտրելի է օգտագործել ավելի ցուրտ եղանակներին: Սակայն ամեն ինչ կախված է մարդու ոճից` կան մարդիկ, ովքեր այդ յուղային, փայլուն նյութերը ամռանն են կրում, եւ նրանց վրա դա շատ գեղեցիկ է երեւում:

– Իսկ ի՞նչ կասեք գունային գամմայի հետ կապված:

– Գունային գամմայի հետ կապված իմ սկզբունքն այսպիսին է` չկա գույն, որը հնարավոր չէ գտնել տվյալ մարդու համար: Օրինակ, մեկն ասում է, որ իրեն կապույտ գույնը չի սազում, բայց այդպիսի բան իրականում գոյություն չունի: Կապույտը շատ երանգներ ունի, եւ ուրեմն պետք է գտնել այն երանգը, որը տվյալ մարդու համար ամենագեղեցիկն է` եթե տաք կապույտը նրան չի սազում, կընտրենք սառը կապույտը, եւ հակառակը: Իրականում գույները սեզոնի հետ կապ չունեն, կարեւորը դրանց ճիշտ մատուցումն է:

– Դիմահարդարման մեջ, փաստորեն, առանցքային է մարդու անհատականությունը, ոճը, նախասիրությունները, եւ այլն: Այնուամենայնիվ, կա՞ արդյոք ունիվերսալ դիմահարդարում, որը կսազի գրեթե բոլոր հայ թխահեր, սեւաչյա աղջիկներին:

– Այո՛, կա դիմահարդարման մի տեսակ, որը բոլորին է սազում՝ անկախ ազգային պատկանելությունից: Վերցնում ենք որեւէ բազային գույն (կախված մաշկի, մազերի գույնից, եւ այլն), դրանով գունավորում ենք այտերը, ապա նույն գույնով շեշտում ենք կոպերը եւ օգտագործում նույն գույնի շրթներկ, վերջում արդեն ներկում ենք թարթիչները, այսինքն` քսում ենք տուշը: Այս կերպարը, դիմահարդարման վիճակը, որը կարելի է ստանալ 3 րոպեում, ամենաշահեկանն է: Բացի այդ, այն եւ՛ երիտասարդական է, եւ՛ բոլորին սազում է, եւ՛ դեմքին շատ բարի արտահայտություն է հաղորդում:

Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆ