Մանուշակազգիներ Violaceae
Մանուշակը գարնան ավետաբերներից մեկն է, որը խորհրդանշում է հավատարմությունը, խորաթափանցությունը։ Մանուշակի անվան վերաբերյալ բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել։ Համաձայն հռոմեական ավանդազրույցի` գետում լողացող Վեներան նկատում է իրեն նայող անհամեստ երիտասարդներին եւ կերպարանափոխում նրանց մանուշակների։ Մանուշակազգիների ընտանիքն ունի ավելի քան 500 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են մանուշակ հոտավետը, մանուշակ դաշտայինը եւ եռագույն մանուշակը։ Մանուշակ դաշտայինը (viola Arvensis) ունի զարգացած ճյուղավորվող արմատ, թույլ 30-40 սմ ցողուններ, ստորին տերեւները օվալաձեւ են, վերինները` նշտարաձեւ, ծաղիկները նստած են ցողունակոթունների վերջին տերեւախմբի ծոցում։ Պսակաթերթիկները բաց դեղին են, երբեմն` բաց մանուշակագույն։ Բազմանում են սերմերով, բարձրանում են մինչեւ լեռնային գոտու աշնանացան հացաբույսերի ցանքերը։
Մանուշակ բուրավետը (viola odorata) ունի սողացող կոճղարմատ, որից առաջանում են սփռվող մինչեւ 15 սմ-ի հասնող ընձյուղներ։ Ծաղկակոթունները կարճ են, միայնակ ծաղիկներով, մանուշակագույն, գրեթե կպած են տերեւներին։ Հինգ պսակաթերթերից մեկն ավելի խոշոր է։ Մանուշակ եռագույնը (viola tricolor) մեկամյա կամ երկամյա խոտաբույս է` 10-30 սմ բարձրությամբ, պարզ ցողունով։ Տերեւները` սղոցաձեւ, բաժակաթերթերը հինգն են, վերեւի 2 թերթիկները` կապտամանուշակագույն, երկու եզրայինները` դեղին, ներքեւի թերթիկը տարբերվում է մնացածից, ունի եռանկյունի ձեւ եւ միշտ դեղին է։ Մնացած երկու զույգ թերթիկների երանգավորումը կարող է փոխվել։ Մշակվել են մանուշակի բազմաթիվ տեսակներ, առավել հայտնի է viola wittrockiana տեսակը, որը tricolor, lutea եւ altaica տեսակների հիբրիդ է, ունի բազմաթիվ տարատեսակներ, հայերեն անվանումն է` զառ-մանուշակ։ Քրիստոնեության մեջ մանուշակը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը։
Բուրավետ մանուշակը կիրառվում է բրոնխիտի, թոքաբորբի, թոքախտի, միզապարկի բորբոքման (ցիստիտ), միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների, ռեւմատիզմի, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Որպես հանգստացնող միջոց` օգտակար է գլխացավի, անքնության, նեւրոզի, ընկնավորության, հիստերիայի դեպքում։
Կոճղարմատն օգտակար է անգինայի եւ ստոմատիտի բուժման նպատակով։ Տերեւների եւ մեղրի խառնուրդը օգնում է հազին եւ կոլիտին։ Ժամանակակից ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են մանուշակազգիների բոլոր տեսակները։
Բույսի վերգետնյա մասը պարունակում է վիոլակվերցետին, անտոցիանային գլիկոզիդ վիոլանին, որը բաղկացած է դելֆինիդինից, գլյուկոզայից եւ ռամնոզայից։ Ոչ մեծ քանակությամբ եթերային յուղ, վիոլաքսանտին, վիոլաէմետին, սապոնին, տանին, լորձանյութ, կումարին, ինուլին, ցինկ, ֆլավոններ, բետտա-կարոտին, C, P, K վիտամիններ, սալիցիլաթթու է պարունակում։
Դեղատոմսեր
Փսորիազի դեպքում. Ցանի դեպքում (ոչ թարմ) պատրաստեք հետեւյալ խառնուրդը.
4-ական ճ/գ եղեսպակի տերեւները, սեւ կտտկենու ծաղիկները, եռագույն մանուշակի խոտը, երեքական ճ/գ երիցուկի եւ վաղենակի ծաղիկները։ Մեկ թ/գ խառնուրդը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը` 1,5-2 ամիս։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Ցիստիտի դեպում, միզամուղ միջոց. Մանրացրեք եւ խառնեք հավասար քանակությամբ վարսակի կանաչ ծղնոտը, եռագույն մանուշակի խոտը, լոբու պատիճները։ 3 ճ/գ խառնուրդին ավելացրեք 500 մլ եռջուր։ 30 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 2-3 ժամ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ` բաժանելով մի քանի մասի։ Բուժման ժամկետը` 45 օր։
Ալերգիաների, քորի դեպքում. Խառնեք մանրացրած 10-ական գրամ ծիծեռնախոտի, կեչու, եղինջի եւ հաղարջենու տերեւները, 20-ական գրամ կատվալեզվի եւ եռագույն մանուշակի խոտը։ Խառնուրդի 2 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր։ Թրմեք 2 ժամ։ Խմեք քնելուց առաջ 100 գրամ։
Թարմացնող թեյ. 1-ական ճ/գ եռագույն մանուշակի եւ զանգակածաղկի ծաղիկներին, 2-3 հատ թարմ դաղձի տերեւներին ավելացրեք 400 մլ եռջուր։ Թրմեք 20-30 րոպե։ Քամեք։ Բաժանեք մի քանի մասի, խմեք օրվա ընթացքում` սնունդ ընդունելուց մի քանի րոպե առաջ։ Թեյն ունի առույգացնող ազդեցություն, նվազեցնում է ախորժակը, նպաստում նիհարելուն։
Միզապարկի բորբոքման դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանուշակի խոտը, արջախաղող, գիհի պտուղները։ Առանձնացրած 1 ճ/գ խառնուրդի վրա լցրեք 200 մլ եռջուր։ Պահեք 5 րոպե ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե, քամեք։ Բաժանեք 3 մասի եւ խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
Բրոնխների լորձաթաղանթի բորբոքման դեպքում. 1-2 թ/գ խոտաբույսի վրա լցրեք եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 1/3-ական բաժակ, օրվա մեջ երեք անգամ։ Բուսաթուրմը խորհուրդ է տրվում նաեւ վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում։
Բկաբորբի դեպքում 1 թ/գ մանուշակի վրա ավելացրեք 200 մլ եռջուր եւ ողողեք կոկորդը։
Օշարակ
Ապակե տարայի մեջ 1-ական սմ շերտերով լցրեք մանուշակի թարմ խոտը եւ շաքարավազ։ Ծածկեք կափարիչով, 48 ժամ թողեք մութ տեղում, տեղափոխեք սառնարանի մեջ։ Խմեք 2 թ/գ, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։ Օգնում է մրսածության, հազի դեպքում։ Եթե նույն քանակությամբ օշարակը ընդունեք համեմի բոված եւ 10 րոպե եռջրի մեջ թրմված 10 հատ սերմի հետ, ապա կօգնի եղնջատենդի դեպքում, կհեշտացնի միզարտադրությունը։
Ըստ Ա. Ամասիացու` մանուշակի օշարակն օգնում է լուծի դեպքում։
Հակացուցում։ Հիշեք, որ մանուշակի պատրաստուկները կարող են գրգռել աղեստամոքսային ուղու լորձաթաղանթը, առաջացնել ցավ, փսխում, լուծ։ Ամեն անգամ դեղաբույսեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հիշել Պարացելսի հետեւյալ արտահայտությունը. «Բնության մեջ ամենը թույն է եւ ամեն ինչ դեղ` կարեւորը չափաքանակն է»։