ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքը իսկապես բեկումնային նշանակություն ունեցավ եւ խիստ որոշակի փոփոխություն մտցրեց ներքաղաքական կյանքում: Եվ մինչեւ Ազատության հրապարակ մուտք գործելը եւ արդեն Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց այլեւայլությունների ներկայացրեց ՀԱԿ-ի ռազմավարությունը, որն ավելի դիպուկ հնարավոր չէ բնութագրել, քան բնութագրեց ինքը` «արժանապատիվ գործարք»: Իսկ որտեղ պետք է հայտարարվեր այդ մասին, եթե ոչ Ազատության հրապարակում, որն էլ այդքան եղբայրաբար բացվեց հանրահավաքի մասնակիցների առաջ: Ազատության հրապարակը, փաստորեն, դարձավ ոչ միայն պայքարի, այլ նաեւ պայքարի դադարեցման խորհրդանիշ: 2007թ. հոկտեմբերին նույն Ազատության հրապարակում իր վերադարձը մեծ քաղաքականություն Լ. Տեր- Պետրոսյանն ազդարարեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսով: Մարտի 17-ին` Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «պայքարն» արդեն դառնում է «քաղաքական աշխատանք»: Այսինքն` եթե մի կողմ թողնենք խնդրի էմոցիոնալ կողմը, ՀԱԿ-ն ընդամենը փոխել է իր ռազմավարությունը: «Մենք մաքսիմալիստ չենք եւ առայժմ իշխանություններին անկյուն սեղմելու մտադրություն չունենք»,- ուղղակիորեն հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Այժմ ընդամենը ՀԱԿ-ը պետք է մի փոքր ավելի ազնիվ լինի հասարակության հետ: Առնվազն մինչեւ երեկ մարդիկ հանրահավաքի էին գնում հենց մաքսիմալիստական նպատակով` ակնկալելով, որ ՀԱԿ-ը պայքարում է իշխանափոխության համար: Այն ռեսուրսը, հասարակական այն աջակցությունը, որն ուներ ՀԱԿ-ը, հիմնված էր հենց պայքարի եւ ոչ թե` «քաղաքական աշխատանքի» անհրաժեշտության գիտակցման վրա: Արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը գնում է խորհրդարանական ընտրությունների (նույնիսկ վերջին «հրովարտակներում» արտահերթ ընտրությունների պահանջ ներառված չէր): Ընդամենը մնում է այդ մասին ուղիղ հայտարարել հասարակությանը` նրան հնավորություն տալով ընտրություն կատարել` իշխանության, իշխանափոխության համար պայքարող եւ «քաղաքական աշխատանքով» զբաղվող ընդդիմության միջեւ: Գուցե մարդիկ կշարունակեն նույն ոգով մասնակցել հանրահավաքներին` իմանալով, որ այդպիսով ապահովելու են ՀԱԿ-ի ներկայությունն ապագա խորհրդարանում` հիմք ստեղծելով հետագայում, ասենք, 2013 կամ 2018 թվականներին` իշխանափոխության համար: Մնում է միայն փոխել կարգախոսները: Ասենք, կարելի է «Հիմա»-ի փոխարեն` այսուհետ վանկարկել` «Հետո», «Ավելի ուշ», «Մենք չենք շտապում»… Իսկ «Պայքար, պայքար մինչեւ վերջը» կարգախոսում ընդամենը պետք է փոխել բառերի տեղերը` «Վերջ… պայքարին, պայքարին…»: