Հանդիպել են Աժուբալիսին

19/03/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: «Հայաստանի համար շատ կարեւոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի, ասել է Սերժ Սարգսյանը: «Ուրախ եմ եւ հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության եւ համագործակցության ապահովման ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,- նշել է նա: