ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքը բավականին բուռն արձագանք է առաջացրել հանրության ու քաղաքական շրջանակներում:
Պատճառն, առաջին հերթին, թերեւս, այն էր, որ 3 տարվա ընդմիջումից հետո ընդդիմությունը վերջապես մտավ Ազատության հրապարակ: Հանրահավաքն ու ՀԱԿ առաջնորդների ելույթները նույնպես բուռն եւ հակասական տրամադրություններ են առաջացրել: Եվ, վերջապես, տպավորիչ է, որ յուրաքանչյուր հանրահավաքին նախորդի համեմատ էլ ավելի շատ մարդ է հավաքվում: Իսկ ամենաքննարկվող թեման ՀԱԿ առաջնորդներից հանրության հակասական սպասելիքներն են: Թերեւս հենց այդ սպասելիքների չարդարացումն էլ երբեմն ընդդիմությանը քննադատելու պատճառ է դառնում: Հատկանշական է, որ մարդկանց բավականին ստվար զանգված, ընդ որում` քաղաքականապես կողմնորոշված ու ակտիվ զանգվածը, կտրուկ քայլեր է սպասում ընդդիմության առաջնորդներից, մասնավորապես` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Ու հանրահավաքից անմիջապես հետո, երեկ եւ, հավանաբար, նաեւ` մինչեւ հաջորդ հանրահավաքն, այս թեմաները կքննարկվեն քաղաքական շրջանակներում, մամուլում, եւ սոցիալական ցանցերում:
Հանրության մի մասի մոտ դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ 3 տարվա ընդմիջումից հետո վերջապես Ազատության հրապարակ մտնելով` Լ.Տեր-Պետրոսյանը մարդկանց այնտեղ մնալու ու ավելի ակտիվ պայքարը վերսկսելու առաջարկ անելու փոխարեն` հաջորդ հանրահավաքի օր նշանակեց ապրիլի 8-ը եւ բարի գիշեր մաղթելով` հեռացավ: Դժգոհ են նաեւ, որ հանրահավաքներն ավելի հաճախ չեն հրավիրվում եւ իշխանություններին անընդհատ ինչ-որ ժամանակներ են տրվում: Միգուցե Տեր-Պետրոսյանի այս քայլը, ինչպես ինքն է բնութագրում` շախմատային քաղաքականությունը, արդյունավետության հասնելու տեսակետից ճիշտ է, սակայն հասարակության մեջ այն միանշանակ չի ընկալվում: Եվ հատկապես նրա այն միտքը, թե չի ուզում օգտագործել «պայքար» բառը, իր թվարկած խնդիրները կարող են լուծվել նաեւ «իշխանության հետ կամ պարտնյորական մակարդակով», կարծիք են ձեւավորել, թե Լ.Տեր-Պետրոսյանը գործում է իշխանությունների հետ պայմանավորված քայլերով: Միգուցե դա այդպես է, եւ չի բացառվում, որ երկխոսությունը իշխանությունների հետ տեղի է ունենում ոչ թե ուղիղ, այլ նույն ելույթների տեսքով ու լուռ համաձայնությամբ: Հատկապես, երբ նախավերջին հանրահավաքի ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջներից հետո Սերժ Սարգսյանը մի քանի հանդիպումներ ունեցավ գործադիր իշխանության անդամների, հետո` նաեւ լրագրողների հետ, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու եւ ժողովրդին ընդառաջ գնալու անհրաժեշտության մասին խոսեց, եւ, որ ամենակարեւորն է, ընդդիմության գործունեությունը կոռեկտ գնահատեց: Եվ չի բացառվում, որ այդքան շահարկված երկխոսությունը պարզապես առաջին ու գործող նախագահների փոխադարձ ելույթներն են: Եվ այս տրամադրությունների մեջ երեկ ամբողջ օրը Լ.Տեր-Պետրոսյանի ելույթների մասին կարծիք են հայտնել նաեւ իշխող ՀՀԿ գործիչները: «ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի տոնայնությունն էր իջել: Եթե նախկինում ընդդիմությունը խոսում էր վերջնագրերով` 15 կետանոց պահանջներով, ապա այս անգամ մենք նկատեցինք, որ ՀԱԿ առաջնորդը որոշակի շեշտադրումների առումով, նաեւ տոնայնության, կոչերի առումով բավականին մեղմ էր: Ավելին, խոսքը տանում էր դեպի երկխոսություն, դեպի նորմալ քաղաքակիրթ երկխոսություն: Իշխանությունը եւս մեկ անգամ ասում է, որ պատրաստ է ռեալ ազատ երկխոսության եւ ոչ թե ուլտիմատումների ու վերջնագրերի: Մենք մշտապես գնացել ենք դրան: Վերջին հանրահավաքի ժամանակ, երբ ընդդիմությունը առաջարկեց երեք կետերի վերաբերյալ բանակցել, ինձ թվում է, եթե դիմի եւ գա, մենք անպայման հաշվի կառնենք»,- ասել է ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:
«Իշխանությունը պատրաստ է երկխոսության գնալ ընդդիմության հետ, սակայն իշխանության քայլերը պայմանավորված չեն այս կամ այն ճամբարից հնչած հայտարարություններով կամ ուլտիմատումներով, այլ կառավարության ընդունած օրակարգով»,- սա էլ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքն է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես դրական է գնահատում ընդդիմության գործունեությունը եւ այնպես է արտահայտվել, որ ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին նույնիսկ թվացել է, թե այդ մտքերի հեղինակը ՀԱԿ անդամ է: Գ.Սահակյանը նաեւ ավելացրեց, թե նրանց թույլ է տրվել մտնել Ազատության հրապարակ, քանի որ այնտեղ արդեն իր բնութագրմամբ` անհասկանալի հացադուլ էր անում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ինձ թվում է, որ սցենարն այդպիսին պետք է լիներ, որովհետեւ մինչեւ այս պահը չենք կարողանում գնահատել Ր.Հովհաննիսյանի հացադուլի որոշակիությունը: Բայց եթե հացադուլավոր է նստած, ցանկացած մարդ իրավունք ունի` մոտենա, զրուցի, հասկանա նրան: Եվ դա, կարծում եմ, որ առիթ էր, որն օգտագործվեց ՀԱԿ-ի կողմից»,- ասում է նա:
«Ընդդիմության ղեկավարությունը պետք է խոհեմ լինի այն աստիճան, որ թույլ չտա, որպեսզի հասարակությունը փոփոխությունների հասնի ջարդել-փշրելու ճանապարհով»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է Ա.Արզումանյանը` անդրադառնալով հարցին, թե ՀԱԿ-ը մշտապես բորբոքում է հասարակությանը, վճռականության կոչ անում, սակայն, երբ հերթը հասնում է գործողություններին, մարդկանց տուն է ուղարկում: Ըստ Արզումանյանի` ժողովուրդը ցանկանում է արագ հասնել փոփոխությունների եւ օր առաջ ազատվել այս իշխանություններից, սակայն դա չպետք է տեղի ունենա բռնությունների ու հակասահմանադրական ճանապարհով: Արդյո՞ք Լ.Տեր-Պետրոսյանը չխաբեց հրապարակում հավաքվածներին` նրանց տուն ուղարկելով: «Կարելի է ժողովրդի մեկ հատվածին մի քանի անգամ խաբել, բայց ողջ ժողովրդին մշտապես խաբել անհնար է: Չի ծնվել նման մարդ որեւէ երկրում, եւ համարում եմ, որ Հայաստանում էլ չի ծնվել»,- պատասխանել է Ա.Արզումանյանը` հույս հայտնելով, որ մինչեւ ապրիլի 8-ը` ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չի լինի:
Հիշեցնենք, որ իշխանությունների հետ համաձայնություն կամ գործարք ունենալու, կամ նախկինում ներկայացված պահանջների կատարման համար համեմատաբար երկար ժամանակ տալու հանգամանքն ինքը` Տեր-Պետրոսյանն, այսպես է մեկնաբանում. «Մենք մաքսիմալիստ չենք եւ առայժմ իշխանություններին անկյուն սեղմելու մտադրություն չունենք»:
Իսկ շուտափույթ լուծման համար իշխանություններին վերջին անգամ Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրեց 3 պահանջ` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման մասին հավաստիացում եւ ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արտոնություն: Այս պահանջների կատարումը, նրա խոսքերով, բավարար հիմք կլինեն երկխոսություն սկսելու համար, հակառակ դեպքում «ստիպված կլինեն իշխանությունների հետ խոսել, հիրավի, վերջնագրի լեզվով»:
Քննարկման առարկա է դարձել նաեւ այն հարցը, որ Լ.Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակ մտնելով` չմոտեցավ Ր.Հովհաննիսյանին, հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ չհիշատակվեց նրա անունը այն դեպքում, երբ վերջինս ու իր համախոհներն այդ ժամանակ «միացում» էին վանկարկում ու երգում ՀՀ հիմնը: Ինքը` «Ժառանգության» ղեկավարը, երեկ մեկնաբանել է այդ իրողությունն ու ասել, թե եթե ինքը լիներ Տեր-Պետրոսյանի փոխարեն, կմոտենար: Նրա կարծիքով` ՀԱԿ առաջնորդի արածը ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում: «Այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը: Կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում եմ կամ պահանջում, բայց արժի, որ բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը եւ, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները»,- ասել է Ր.Հովհաննիսյանն ու հավելել, թե իրենք վարժվել են ՀԱԿ-ի ամենօրյա խայթոցներին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, թե իրեն տխրեցրել է Ր.Հովհաննիսյանին Լ.Տեր-Պետրոսյանի չմոտենալն ու նրան ընդհանրապես չհիշատակելը: «Մի կողմից` Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից` տեսնելով այդ պառակտվածությունը, իր հոգու խորքում նորից տխրությունը պահած` վերադարձավ տուն: Շատ վատ եմ վերաբերվում երեկվա կատարված այդ երեւույթին»,- ասել է նա:
Ամեն դեպքում երեկվանից քաղաքական շրջանակներում տիրապետում են հանրահավաքից մնացած հակասական տրամադրությունները: Եվ անկախ այն հանգամանքից` ընդդիմությունը արդարացնում է հասարակության սպասելիքները, թե ոչ, այսօր որեւէ մեկը չի կարող անտարբեր մնալ ՀԱԿ-ի գործունեության նկատմամբ հատկապես այն առումով, որ այդ կառույցն ու նրա ղեկավար Լ.Տեր-Պետրոսյանը որոշակիորեն ուղղորդում են ներքաղաքական զարգացումները: Եվ անկախ այն հանգամանքից` իշխանության ու ընդդիմության միջեւ իրականում կա՞ համաձայնություն, թե՞ ոչ, Ազատության հրապարակ մոտք գործելը համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ, մի բան ակնհայտ է` Հայաստանում այսօր տեղի են ունենում որոշակի փոփոխություններ ու զարգացումներ: Կարելի է նաեւ ասել, թե արդեն տեղի է ունեցել իրավիճակի որոշակի փոփոխություն: Եվ դա նկատելի է թե իշխանության, թե ընդդիմության ճամբարում: Միամտություն կլինի նաեւ կարծել, թե իշխանությունները վերջին հանդուժողականությունը ցուցաբերեցին ինքնակամ: Իհարկե, նման վերաբերմունքի համար նաեւ «պարտական» պետք է լինել այս օրերին Երեւանում գտնվող ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին: Գուցե դրան նպաստել են նաեւ վերջին շրջանում միջազգային կառույցների, այդ թվում նաեւ` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները: Սակայն իրավիճակի փոփոխության հարցում, թերեւս, ամենամեծ դերը պատկանում է ժողովրդին, որի` օրեցօր ավելացող դժգոհությունը որոշակի վերաբերմունք է պահանջում: Դա խոստովանում է անգամ ՀՀԿ փոխնախագահ Գ.Սահակյանը: «Եթե հանրահավաք էլ չլինի, այդ մարդիկ կան, մենք տեսնում ենք: Հանրահավաքին կարող է 10.000 հոգի հավաքվել, բայց 50 հազար դժգոհող լինեն, ովքեր չեն մասնակցում: Եվ հենց այդ մտահոգությունն է, որ մենք պիտի կարողանանք ժողովրդի կողմը կանգնել, որովհետեւ մի կողմից` թանկացում է, մյուս կողմից` գյուղացին տեխնիկա չունի, որ հողը մշակի: Այս բոլոր խնդիրները դրված են, ու իշխանությունների անելիքները դրան պիտի նպատակաուղղված լինեն»,- ասում է իշխանության ներկայացուցիչը: