Նորից մերժել են

19/03/2011

Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ ի գիտություն չի ընդունել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումները: ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 16-ին եւ 17-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. ապրիլի 4-ին եւ 5-ին` ժամը 16:00-23:00-ն Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: Սակայն Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի մարտի 18-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը` հետեւյալ հիմնավորմամբ. «Նշված եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի 23.02.2011թ. եւ 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն»: Առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրերին եւ ժամերին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: