«Ադրբեջանի վարքը վստահություն չի ներշնչում հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մեջ»: Այս մասին երեկ ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` միակողմանի կարգով հայ դիպուկահարներին առաջին գծից հետ քաշելու մասին, Բակո Սահակյանն ասել է, թե նման առաջարկը տեղին կլիներ այն դեպքում, եթե կողմերը կառուցողական մոտեցում դրսեւորեին եւ հարգեին ներկայացված առաջարկները: Սակայն, ըստ Սահակյանի, Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս խախտել է պայմանավորվածությունները, եւ այդ համատեքստում չի կարելի համաձայնվել նախաձեռնության հետ: Նա նշել է շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, սակայն ընդգծել է, թե Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում: Անդրադառնալով նախօրեին հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքին եւ հայ զինվորի սպանությանը Բ. Սահակյանը նշել է, թե ԵԱՀԿ համանախագահների յուրաքանչյուր այցելություն Ադրբեջան ուղեկցվում է դիվերսիոն գործողություններով։ «Երեկվա միջադեպը դրա վառ ապացույցն է»,- ասել է նա` հավելելով, թե Ստեփանակերտը չի ընդունի դիպուկահարներին միակողմանի կարգով դուրս բերելու ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը: «ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը կարող է ընդունվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն եւ հարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է ԼՂՀ նախագահը: Նաեւ հավելել է. «Այս տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ նման պայմաններում մենք չենք կարող մեզ թույլ տալ միակողմանիորեն ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը»: Բ. Սահակյանը հիշեցրել է, որ հայկական կողմերը մեկ անգամ չէ, որ հանդես են եկել դիպուկահարներին դուրս բերելու առաջարկներով, սակայն «անհասկանալի պատճառներով դրանք չեն ընդունվել»: «Դա նշանակում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծում լարվածությունը վերացնելու հարցում, եւ այդ անհամաձայնությունը մենք դիտարկում ենք` որպես ապագայում եւս լարվածությունը պահպանելու ցանկություն»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, Բ. Սահակյանն ասել է, թե Հայաստանն աշխատում է ղարաբաղյան կարգավորման բանակցային լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ եւ չի թաքցնում, որ առաջնային նշանակություն է տալիս դրան: Ըստ նրա` «այդ ջանքերը կտան իրենց արդյունքը, եւ Արցախը լիարժեք մասնակցություն կունենա բանակցային գործընթացում»: Լրագրողների հարցին, թե ինչպիսին է իր վերաբերմունքը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ, Բ. Սահակյանը պատասխանել է. «Լինեն Մադրիդյան սկզբունքները կամ մյուս սկզբունքները, որոնք եղել են կամ կլինեն, անհրաժեշտություն են պարունակում, որպեսզի այդ սկզբունքները նախնական փուլում քննարկվեն նաեւ հիմնական կողմի հետ` Արցախի Հանրապետության հետ: Այդ իսկ տեսակետից ելնելով` հարգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, միշտ նրանց մեր տեսակետը հնչեցնում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին, այդ թվում` առաջարկությունները մշակելու ժամանակաշրջանում»:
Ի դեպ, Բ. Սահակյանը Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եթե Ադրբեջանը շարունակի իր բացահայտ լկտի գործողությունները շփման գծում, բացառված չէ, որ հայկական կողմը կդադարեցնի բանակցությունները` մինչեւ չդադարեն նման ողբերգական միջադեպերը»: Ըստ Բ. Սահակյանի` Ադրբեջանի եւ ԼՂՀ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ անմիջական երկխոսության միջոցով: Նաեւ ընդգծել է Արցախի մասնակցությամբ լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ Բ. Սահակյանը նշել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի հակահայկական եւ ապակառուցողական քաղաքականությանը, որը խոչընդոտում է թե հակամարտության կարգավորմանը, թե փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: