Կպել ա՞…

19/03/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցը հայաստանյան լրատվամիջոցները նշում էին, որ մերոնք գնում են Եվրամիություն` փող ուզելու։

Այս պնդումները ոչ հերքվեցին, ոչ էլ հաստատվեցին։ Կոնկրետ տեղեկատվություն չեղավ նաեւ այցից հետո։ Սակայն Տիգրան Սարգսյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ոչ այլ ինչ էր, քան շատ քաղաքակիրթ ձեւով փող ուզելու փորձ։ Իսկ հաջորդ ելույթը՝ արդեն երեկ տեղի ունեցած կառավարության նիստում, ապացուցում է, որ եվրոպացիներն ըստ երեւույթին չեն մերժել։

Սակայն՝ ամեն ինչ հերթով։ Բրյուսելում վարչապետը նախ ներկայացրել է իր դիտարկումներն այն մասին, թե ինչու են մարդիկ հեղափոխություններ անում։ «Ի՞նչ ուժ է ուղղորդում Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում առկա անկայունությունը, ճգնաժամերն ու հակամարտությունները: Պատասխանը պարզ է. մարդիկ ցանկանում են փոփոխություններ»,- ասել է նա: Հայաստանն ընտրել է զարգացման եվրոպական ուղին, սակայն, ըստ վարչապետի, «Օսմանյան Կայսրության ու Խորհրդային Միության երկարամյա տիրապետության տակ գտնվելու ընթացքն արմատապես խեղել է մեր սոցիալական վարքագիծը»։ Իսկ այդ վարքագիծը փոխելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին, սեփականության իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, դատական իշխանության անկախությանն ու միջին խավի ձեւավորմանը։ Եվ ամենագլխավորը. «Ժամանակակից աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում ավելի արագ, քան երբեւէ: Այդ պատճառով Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ փոխակերպման իրականացումը: Պարզ է, որ Եվրոպական Միության տեխնիկական ու ֆինանսական աջակցությունն առանցքային է արագ ու բովանդակային առաջընթաց ապահովելու համար»։ Փորձենք հասկանալ` ինչ է թաքնված այս մտքերի հետեւում։ Մարդիկ Եգիպտոսում, Թունիսում եւ այլուր, ցանկանում են փոփոխություններ, եւ հեղափոխություններ են անում։ Մենք՝ հայերս, նույնպես ցանկանում ենք փոփոխություններ, սակայն ոչ հեղափոխական ճանապարհով։ Պարզապես մեզ խանգարում է այն, որ «Սովետի» մտածելակերպ ունենք, ու այդ մտածելակերպը պետք է բարեփոխումներով վերացնենք՝ պետական ինստիտուտներին ստիպելով աշխատել այնքան անթերի, որ մարդիկ վստահեն ու հարգեն պետությանը։ Այսինքն՝ ամեն ինչ ունենք՝ փոխվելու ցանկություն, զարգացման ընտրած ուղի, բարեփոխումների ծրագիր, բայց սոցիալական վարքագիծն է խեղված, եւ այն շտկելու համար անհրաժեշտ է ամենակարեւորը` փող։ Եվ որքան հնարավոր է` շտապ։ «Մենք հստակ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը կհարվածի մեր կառավարության վստահելիությանը: Մենք կարող ենք ամրապնդել վստահությունն այս ուղղությամբ` արդյունավետ քայլեր իրականացնելով: Համոզված եմ, որ ԵՄ աջակցությունը կարեւոր է Հայաստանի համար` նշված ուղղություններով խիզախ քայլեր կատարելու առումով: Դա հնարավորություն կտա մեզ, ի թիվս այլ հարցերի, կառավարել ռիսկերն ու ապահովել մակրոտնտեսական կայունությունը։ Ամփոփելով խոսքս, սիրելի գործընկերներ, նշեմ` ներկա վիճակը միանշանակորեն պահանջում է արմատական փոփոխություն ու խիզախ նախաձեռնություններ: ԵՄ-ն կարեւոր դերակատարում ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական խաղաղության եւ կայունության հաստատման գործում` բարեփոխումներին աջակցելու միջոցով: Իր հերթին, Հայաստանն ունի դոնոր հանրության ֆինանսական ու մտավոր աջակցության կարիքը` լրացնելու մեր հռչակած արժեքների եւ բարեփոխումների ներուժի միջեւ առկա բացը»։ Պարզվում է՝ երկիրը երկիր դարձնելու, «արմատական փոփոխությունների ու խիզախ նախաձեռնությունների» համար փողն ավելի կարեւոր է, քան քաղաքական կամքը։ Եթե այս «թեզը» դիտարկենք հենց ընտրական գործընթացի օրինակով, ինչի մասին նշել էր վարչապետը, ի՞նչ եք կարծում՝ նորմալ, արդար ընտրությո՞ւնն է ավելի ծախսատար, թե՞ ընտրություններ կեղծելը։ Շատերը կհամաձայնեն, որ ընտրություն կեղծելն ավելի մեծ փողեր է պահանջում՝ ընտրակաշառք բաժանելու, հանձնաժողովների անդամներին գնելու եւ նման այլ ծախսերի պատճառով։ Ոմանք կասեն՝ դա ուրիշ թեմա է. ընտրակաշառքը կեղծողները սեփական գրպանից են տալիս։ Այդ դեպքում էլ հաջորդ հարցն է առաջ գալիս՝ իսկ սեփական գրպանում որտեղի՞ց այդքան փող։ Եթե հաշվի առնենք, որ ընտրություններ կեղծողը իշխանությունն է, ապա որտեղի՞ց պետական պաշտոնյաներին միլիոնավոր դոլարներ՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Պարզ է՝ բյուջեից գրպանված փողերից։ Այնպես որ, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, վճարում ենք իշխանություններին, որպեսզի նրանք ընտրություն կեղծեն, հետո այդ նույն իշխանությունները գնում են եվրոպաներից փող են ուզում, որ ընտրություն չկեղծեն։ Իսկական աբսուրդ։ Իհարկե, փողը կարեւոր է` նորմալ երկիր ունենալու համար։ Որպեսզի ոստիկանին կարողանաս ստիպել, որ կաշառք չվերցնի, նրան պետք է նորմալ աշխատավարձ վճարես։ Նույնը` դատավորների, չինովնիկների դեպքում։ Սակայն կրկնենք, կան շատ խնդիրներ, որոնք առանց փողի էլ կարելի է լուծել։ Օրինակ, ընդդիմության ամեն հանրահավաքի ժամանակ Ոստիկանությունը փակում է մարզերից Երեւան եկող ճանապարհներն ու ոտնահարում մարդու՝ ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը։ Ընդ որում, լրիվ անիմաստ, քանի որ եկողը գալիս է։ Սակայն, ինչպես ասում են, «նստվածքը մնում» է։ Նման գործելաոճից հրաժարվելը գոնե մի կես քայլով մեզ կդարձնի ավելի ժողովրդավար, ընդ որում՝ այդ քայլն անելու համար ոչ մի գումար չի պահանջվում։ Բայց միեւնույն է՝ եվրոպացիների առաջ վարչապետը կրկին եւ կրկին կարեւորել է փողի դերը. «Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր երկրի կարեւորագույն հիմնախնդիրները. տնտեսության անբավարար դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ, մրցակցային անհավասար պայմաններ: Ի լրումն` տնտեսական ճգնաժամը հանգեցրեց աղքատության աճի, պետական արտաքին պարտքի ավելացման եւ բարձր գնաճի: Այս բոլոր գործոնները նվազեցրին բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը»։

Այսինքն՝ հարգելի եվրոպացիներ, մենք ինքներս էլ կկարողանայինք մեր բարեփոխումներն անել, սակայն տնտեսական դժվարությունները մեզ խանգարեցին։

Եվս մի հանգամանք։ Երբ ինչ-որ մեկից պարբերաբար փող ես ուզում, որպես կանոն` մի քանի բառով ասում ես, թե նախկինում տված փողերով ինչ ես արել։ «Եվրոպական Միության աջակցության շնորհիվ մենք արդեն իրականացրել ենք մի շարք կարեւոր ծրագրեր: Մասնավորապես, մեզ հաջողվել է Հայաստանում հիմնել ուժեղ եւ անկախ Օմբուդսմենի ինստիտուտը: Մենք նաեւ հիմնել ենք Փաստաբանների պալատը, Փաստաբանների դպրոցը, Իրավաբանական ակադեմիան, ինչպես նաեւ` Դիվանագիտական դպրոցը: Հայաստանի կառավարության բոլոր կառույցներում մենք ներդրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչպես նաեւ` հարկային էլեկտրոնային համակարգը, որը կարեւոր գործիք է բիզնես միջավայրը բարելավելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համարգ»։

Ուժեղ եւ անկախ օմբուդսմենի ինստիտուտ. սրանով արդեն ամեն ինչ ասված է։ Սա բավարար պիտի լիներ, որ եվրոպացիները փող չտային։ Սրան էլ պետք է գումարվեր այն, որ փողի կարիք ունեցող երկիրը 30 հոգանոց պատվիրակությամբ է գնում փող ուզելու։ Սակայն, ինչպես նշեցինք, եվրոպացիները ժլատություն չեն արել։

Կառավարության երեկվա նիստը վարչապետը սկսել է՝ կաբինետի անդամներին տեղեկացնելով բրյուսելյան այցելության արդյունքների մասին: «Առաջին հերթին ուզում եմ նշել, որ մենք ունենք լիակատար եւ բազմակողմանի աջակցություն Եվրամիության բոլոր կառույցների կողմից, եւ դուք հեռուստատեսությամբ հետեւում էիք այն հանդիպումներին, որ տեղի ունեցան Եվրամիության ղեկավարների հետ: Բոլոր մակարդակներում մենք ստացել ենք հավաստիացում, որ բարեփոխումների այն ծրագիրը, որ իրականացնում է մեր կառավարությունը, ստանալու է լիակատար եւ բազմակողմանի աջակցություն, ինչը, բնականաբար, լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը` 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին»:

Փաստորեն՝ այցը կարելի է հաջողված համարել։ Այնպես որ, սպասենք հերթական «խիզախ նախաձեռնությանը»։