Դեպի Կուկուեւո

19/03/2011

«Հերիք է լցնեք ռուսական աքսորավայրերը», «Կառավարությանը` Սիբիր», «Ոչ պլանավորված հայաթափությանը» եւ այլ բովանդակությամբ պաստառներով երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները: Նրանք ՀՀ կառավարության անդամներին կոչ են արել դիմել միգրացիոն կենտրոններ եւ լքել երկիրը: Նրանք միգրացիոն կենտրոններից վերցրել էին երկրից մեկնելու ժամանակ լրացվող հարցաթերթիկները, որոնց մեջ լրացրել էին ՀՀ կառավարության անդամների անունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանին նրանք արտագնա աշխատանքի են ուղարկում Ռուսաստանի Կուկուեւո գյուղ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` Սիկտիվկար քաղաք, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` Բոլշոյե Բուխովովա գյուղ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` Դոնի Ռոստով, եւ այլն: Այս հարցաթերթիկները երիտասարդները կիսատ լրացրած ուղարկելու են միգրացիոն կենտրոններ` նշելով, որ մի մասն էլ պետք է ՀՀ կառավարության անդամները «տեղում լրացնեն»: