ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հայաստանում չլուծված են մնում սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ինչը հանգեցնում է ժողովրդի աղքատացմանը, արտագաղթին եւ ուղղակի մարդկային արժանապատվության նսեմացմանը: Փոխարենը` իշխանությունները պարտադրում են Ոստիկանությանը անօրինական հրամաններ կատարելով ոտնահարել մարդու ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ անցկացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու եւ այլ հիմնարար իրավունքներ ու ազատություններ: Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ «Ժառանգությունը» փետրվարի 28-ին Ազգային ժողովում հրաժարվեց հերթական քառօրյա նիստերի մասնակցությունից, քանի որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների օրակարգերը շարունակում են չարտացոլել Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին եւ ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները, ավելին` ուղղակի հակասում են դրանց: Մարտի 15-ին «Ժառանգությունը», իբրեւ հասարակությանն ուղղված ահազանգ եւ իրավատիրության մարտակոչ, դիմեց ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «Հնարավոր բոլոր եղանակներով` խորհրդարանի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակելու ենք պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Մեծ Պահքի ոգուն համահունչ, ընտրեց պայքարի անձնուրաց ձեւը` ծոմապահությունը: Մարտի 17-ին «Ծոմ ազատության» բողոքը ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս հանրային պահանջին հակասող որոշ քաղաքական ուժերի ցուցադրական կամ թաքուն պայմանավորվածությունների, պսակվեց առաջին հաղթանակով` Ազատության հրապարակը վերադարձվեց ժողովրդին: Հիրավի, ինչպես ճշգրիտ նկատել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` «պայքարը շարունակվում է քաղաքացիական եւ ազգային պետություն կերտելու հրամայականով, ժողովրդին վերադարձնելու համար ոչ միայն հրապարակը, այլեւ ազգային իր իրավունքը` ընտրելու իր իշխանությանը։ Այդ պայքարը կհաջողվի ոչ միայն ելույթներով, հացադուլներով, հարթակից հրահանգներով, այլեւ ժողովրդի իրավատիրությամբ»: