Շաբաթվա կարեւոր ներքաղաքական իրադարձությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հացադուլն էր: Անակնկալ, ի դեպ, նաեւ իր կուսակիցների համար: Ասել, թե նա վերանվաճեց Ազատության հրապարակը, եւ ընդդիմությանը մնում էր միայն այն «վերագրավելը», չափազանցություն է: Սակայն Ազատության հրապարակում քաղաքական պատկառելի գործչի հացադուլը քաղաքական լուրջ ակցիա է, որն, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի, «Ա1+»-ի ռեպորտաժներից երեւաց` ի մի էր բերել հատկապես այն քաղաքական գործիչներին ու մտավորականներին, ովքեր խնդիր ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի, նրա գործելաոճի հետ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքից հետո Ազատության հրապարակը «նվաճելուն» եւ այդ փաստը շարժման հզորությանը վերագրելուն, ենթադրաբար, եւս չափազանցություն է. ցանկության դեպքում ընդդիմությանը եւ ոչ մի ոստիկանական շղթա չէր կարող կասեցնել` վերագրավել հրապարակը շատ ավելի վաղ: Կլինեի՞ն բախումներ: Անշո՛ւշտ, կլինեին: Սակայն այդ ժամանակ արդեն ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ եւ հաղթահարելով պետական մեքենայի պատնեշը, արդեն իրո՛ք կվերանվաճեր հրապարակը (հիշենք մարտի 1-ի նախադեպը, որը բազմաթիվ վերլուծաբաններ, անգամ ՀԱԿ-ի բազում համակիրների կարծիքով` բաց թողնված հնարավորության օրինակ է): Սակայն ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Ազատության հրապարակում հավաքվածներին «բարի գիշեր» մաղթելով` ընդդիմության առաջնորդը շատ բացահայտ ընդգծեց` մութն ընկել է, ուշ է արդենգ Եթե չեմ սխալվում, այս խոսքերով ամեն օր երեկոյան 20:40-ին փոքրիկներին ուղարկում են քնելու:
Երկրի նախագահի հայտնի հանդիպումը ոստիկանների հետ, Սերժ Սարգսյանի մեղմ անդրադարձն ընդդիմության օրինական գործունեությանը, դրան հաջորդած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ ՀԱԿ-ի արձագանքն այդ հացադուլին, շատ հարցերի պատասխաններ ուրվագծեցին: Մասնավորապես` արդեն պարզ է, ինչպես լույս` թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի հեշտ ու ավելի հաճույքով երկխոսության մեջ կմտնեն իշխանությունների, քան միմյանց հետ: Իշխանությունների համար, հասարակության համար` առավել եւս, ակնհայտ է` ակնկալիքը, որ ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ կմիավորվի, հանդես կգա միասնական ցուցակով, կորսված երազ է:
Տեր-Պետրոսյանն, անշո՛ւշտ, գիտեր, որ հանրահավաքի ինտրիգն այդ օրն ամենեւին իր ելույթը չէր. բոլոր մասնակիցներն իր ելույթից ավելի սպասում էին նրա քայլին` կմոտենա՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ: Չմոտեցավ: Ավելին, Լեւոն Զուրաբյանն անգամ նկատեց, թե իրենք «լուրջ գործով` քաղաքականությամբ» են զբաղված: Այս արտահայտությունն ավելի շուտ վիրավորական է, քան չեզոք: Ամեն դեպքում, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն արդեն արձագանքել է Լեւոն Զուրաբյանի ակնարկին. «Եթե երեկ (մարտի 17-ին.- Լ.Ա.) ընդդիմության մեջ դրվեցին բաժանարար, մեկուսացման գծեր, ապա դրանց մեղավորը «Ժառանգությունը» չէ»:
Տեր-Պետրոսյանի բավական չոր քայլը` չնկատել «Ժառանգության» առաջնորդին Ազատության հրապարակում հացադուլ անելիս, դրա վկայությունն է: Պատճառների մասին խոսելն արդեն ուշ է: Ազատության հրապարակում իր կարճառոտ ելույթի ժամանակ Տեր-Պետրոսյանն ընդգծեց` միասնական որոշումները պարտադիր են: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը համաձայնեցված չէ իր հետ, հետեւաբար` ինքնագործունեություն է: Սակայն չմոռանանք, որ հացադուլի որոշումն անակնկալ էր անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցների համար: Թեեւ արժե հաշվի առնել եւս մեկ հանգամանք. մարտի 1-ին, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը գնաց Առաջին նախագահի դուռը եւ այն փակ գտավ, մեր հոգեւորականներից մեկը նկատեց. «Կարծում եք` հե՞շտ որոշում էր` չընդունել կաթողիկոսին: Ուրեմն` բանն ո՞ւր էր հասել»: Սակայն, եթե այն ժամանակ այդ քայլը դժվարությամբ, բայց կարելի էր հասկանալ, այս դեպքում կոնսպիրացիան շատ է:
«Հաղթում է զուսպը, ինքնավստահը, ոչ թե հախուռնը եւ խելագարը»,- Ազատության հրապարակում բարձրաձայնեց Տեր-Պետրոսյանը: Ամեն դեպքում, պարզաբանման կարոտ է` ո՞վ է «հախուռնը» եւ «խելագարը»: Չէ՞ որ ՀԱԿ-ը ողջունում է արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները, ուր, ակնհայտ է, պայքարի են դուրս եկել հախուռն ու նաեւ խելագար մարդիկ, քանի որ հեղափոխություն անում են այդպիսիք: Սառը դատող մարդիկ պարզապես հեռանում են երկրից:
Ինչ վերաբերում է ընդդիմության եւ իշխանության քաղաքակիրթ փոխհարաբերություններին` դրանց հիմքը դնելն այլեւս հենց իշխանությունների շահերից է բխում: Ունենալ ընդդիմություն, որը պառակտված է (ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»), հետեւաբար` պակաս զորեղ, իշխանությունների համար գտնված իրավիճակ է: Ընդ որում, այդ պառակտումն այնպիսին է, որ անգամ Ազատության հրապարակն ընդդիմությանը հանձնելով` իշխանությունները վստահ են` այն, միեւնույն է, երեկոյան արդեն դատարկ կլինի:
Ընդդիմությունն էլ, ինչպես նշեց ՀԱԿ առաջնորդը, իշխանությունների հետ առայժմ վերջնագրերի տեսքով չի խոսում: Պարզապես ներկայացնում է երեք պահանջ` «Որպես առաջին քայլ` մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումըգ»: Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում ընդդիմությունը պահանջում է արդեն երեք տարի: «Անհապաղ» նշանակում է` անմիջապես: Այդ հասկացությունը երեք տարվա մեջ, անգամ մեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ տեղավորել: Սակայն ամեն ինչ չէ, որ կորած է. ՀԱԿ առաջնորդն, այնուամենայնիվ, ասաց` եթե իշխանությունները մինչեւ հաջորդ հանրահավաքի օրը` ապրիլի 8-ը, չկատարեն նաեւ հաջորդ երկու պահանջները` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացում, չի բացառվում, որ ընդդիմությունն «իշխանությունների անհաղորդության պարագայում» ստիպված լինի խոսել վերջնագրով: Գուցե այս անգամ ապրիլի 8-ին իրո՞ք կոնկրետանա ընդդիմության գործելաոճը: Երեք տարի նույն պահանջները շարադրվել են, երեք տարի իշխանությունները քամահրել են թե՛ ընդդիմությանը, թե՛ ամբողջ հասարակությանը: Երեք տարի սպասել եւ այդ սպասումները ներկայացնել որպես պայքարի նոր եղանակ, եւս տարբերակ է: Եվ կան բոլոր հիմքերը` կարծելու, որ իշխանությունն այսուհետ ընդդիմության հետ շփվի «հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից»: Ի վերջո, չմոռանանք. ՀԱԿ-ի 15 կետից կազմված հայտարարությունը «ոչ թե վերջնագիր էր, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր եւ իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ»: Իշխանությունները կարող են փոքրիկ խմբագրում անել` խելամի՛տ առաջարկ: