Երեկ ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունն Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում կատարած ստուգումների արդյունքները ներկայացրել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին: Երեկ մենք փորձեցինք Կրթության պետական տեսչության ժամանակավոր պաշտոնակատար Ռաիսա Գալստյանից որոշ տեղեկություններ իմանալ արդյունքների մասին: Վերջինս նախ նշեց, որ այդ արդյունքները հրապարակման ենթակա չեն, եւ ապա հայտնեց տեսչության խորը վիրավորանքը մեր թերթի նախորդ հրապարակումների կապակցությամբ, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք տեսուչների կատարած ստուգումներին: Ընդ որում՝ այդ մասին մեզ հետ զրույցում պատմել էին դպրոցի ներկա աշակերտներն ու նրանց ծնողները: Ըստ վերջիններիս՝ դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանի մոր՝ Անահիտ Հարությունյանի կողմից 39 ստորագրություններով ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված նամակի պատճենները հայտնվել էին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, տնօրինուհի Սուսաննա Նազարյանի ձեռքին: Տեսուչները թեմատիկ ստուգում էին անցկացրել, որի առանցքը, այսպես ասած՝ նախարարին ուղղված նամակի նամակագիրներին դպրոց կանչելն էր, հարցաքննություն կազմակերպելը, այլ կերպ ասած՝ նամակագիրներից հերքում կորզելը: «Ուսմասվար Հակոբյանը կանչեց, ասաց՝ քննիչները, դե 2 աղջիկները, ուզում են ինձ հետ խոսել: Ասեց՝ մտի քարտուղարուհու սենյակը: Մտա-տեսա՝ ընկերներիցս մեկն էլ էր, միասին մտանք ներս (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում.- Մ.Մ.): Մտանք, հետո էդ աղջիկներից մեկն ասեց՝ բա դուք ստորագրել եք, որ Նազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Ասի` մի հատ թուղթ եմ ստորագրել: Հետո բերեց-ցույց տվեց, ասեց՝ էս քո ձեռագիրն ա: Ասեցի՝ չէ, ինձ չեն ստիպել, բայց Նազարյանի սեռական վիրավորանքներ տալու պահը մի քիչ վախեցա ասեմ, որովհետեւ դուրսը կայնած էին: Համ ամաչի, համ քաշվեցի, համ էլ մտածեցի բարեկամներիս մասին: Ասի՝ չգիտեմ, չէ, չեմ լսել: Հետո էլի հարցեր տվին, թե՝ Ալբերտը ի՞նչ ձեւի երեխա ա, թե մենք ո՞նց ենք բացատրում Ալբերտի՝ տնօրենի ձեռը բռնելու փաստը, ասացի՝ դե Ալբերտը իր ձեւով պաշտպանվել ա: Ասեց՝ է՞դ էլ ա ճիշտ, որ Ալբերտը բրթել ա, ասինք՝ հա: Հետո ասեցին՝ դե գրեք, որ ձեզ ստիպել են, որ ստորագրեք, մենք ասեցինք՝ նորից ենք կրկնում՝ մեզ չեն ստիպել, պրոստո ուզում էինք, որ Ալբերտը նորից գար մեր դպրոց, միասին սովորեինք: Ասեցին՝ շատ լավ, դե դրա մասին ստորագրեք: Հետո հարց տվեց, ասեց՝ սեռական բնույթի հայհոյանքներ լսե՞լ եք էդ դեպքում, ճիշտն ասած՝ էլի վախեցա, հիմա շատ եմ փոշմանել, ասեցի՝ չեմ լսել: Գրեցի-ստորագրեցի, ու իմ ստորագրածի տակ ընկերս էլ ստորագրեց»,- հուզմունքով պատմեց աշակերտներից մեկը: «Դե ես էլ գիտեի, որ իրանք (նկատի ունի տեսուչներին,- Մ.Մ.), ընկեր Նազարյանի կողմնակիցներն են, համ էլ իրանք ասացին, որ չի ձայնագրվում, բայց սենյակից դուրս եկածներից իմացա, որ տեսուչները ձայնագրում են թաքուն: Դե, եթե իրանք ձայնագրում էին թաքուն, էդ նշանակում ա, որ իրանք մեր կողմից չէին, ես խի՞ պիտի իմ խաղաքարտերը բացեի, ասեի՝ ինչ գիտեմ, որ իրանք էլ մեր դեմ օգտագործեին»,- ասաց մեկ այլ աշակերտ: Ի դեպ, նշենք, որ այս ամբողջ ընթացքում մենք պահել ենք բոլոր ձայնագրությունները: Չնայած աշակերտների վերոնշյալ պատմություններին, Կրթության պետական տեսչության ժամանակավոր պաշտոնակատարը բողոքում էր՝ ասելով, թե իրենց տեսուչների «արժանապատվությունը գետնով ենք տվել», եւ թե տեսչության աշխատակիցները բարեխիղճ են աշխատել: Երբ մենք մեջբերեցինք աշակերտների կողմից արված դիտարկումները՝ ձայնագրումների, նամակը պատճենելու մասին աշակերտների վկայակոչումները, Ռ. Գալստյանը հակադարձեց՝ հարցնելով, թե արդյո՞ք մենք մեր աչքով տեսել ենք նախարարին ուղղված նամակի պատճենները, եւ ինչպե՞ս ենք մենք մեզ թույլ տալիս այդ մասին գրել, կամ ինչպե՞ս կարող են տեսուչները ձայնագրել երեխաներին: Ի պատասխան նրա՝ մենք կրկին մեջբերեցինք աշակերտների խոսքերը, ովքեր մեզ հետ զրույցում խոստացան իրենց դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի, տնօրինուհի Սուսաննա Նազարյանի մասին ողջ ճշմարտությունն անձամբ նախարար Աշոտյանին ներկայացնել: Ինչեւէ, ցավալի է ոչ թե Կրթության ոլորտի պաշտոնակատար ներկայացուցչի՝ Ռաիսա Գալստյանի բողոքը մեր հրապարակումների առնչությամբ, այլ նրա այն դիտարկումը, թե միգուցե այդ աշակերտներն են, այսպես ասած՝ «սեւացրել» տնօրինուհուն, ինչպես փորձ էին արել իրենց տեսուչներին հեղինակազրկել: Ռ. Գալստյանն իր այս դիտարկմամբ ոչ թե կասկածի տակ է դնում մեր նախորդ հրապարակումների փաստացի եւ անաչառ լինելը, այլ հենց իր ղեկավարի՝ նախարար Ա. Աշոտյանի կողմից փետրվարի 22-ին Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին խիստ նկատողություն տալու փաստը: Այս դեպքում հետաքրքիր է՝ Կրթության պետական տեսչության ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նչ շահ ունի այդպիսի կեցվածք որդեգրելով: Էջմիածինցիների փոխանցմամբ՝ Ս. Նազարյանն այս օրերին հայտարարում է, թե` «հես ա կտեսնեք, թե մեր դպրոցի պատիվը տեսչության ստուգումներից հետո ոնց ա բարձրանալու»: Ինչեւէ, երեկ ավելի ուշ պարզեցինք, որ Ս. Նազարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունից տեղափոխել են Աշտարակի քննչական բաժանմունք: Հիշեցնենք, որ քրեական գործի վարույթը նախապես գտնվում էր Վաղարշապատի քննչական բաժանմունքում: Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործը հարուցվել է Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է մասնավորապես մեր թերթի փետրվարի 15-16-ի համարում լույս տեսած «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով հոդվածի հիման վրա: «Ըստ այդ հոդվածի՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի՝ Ս. Նազարյանի որդու եւ վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին ծեծի է ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել է նրան՝ այնուհետեւ նրան պարտադրելով տեղափոխել այլ դպրոց, իսկ նրա տատին՝ Բ. Եղիազարյանին, ով նաեւ հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ: