Ամերիկյան զինվորականները մշակում են համակարգչային ծրագիր, որը հնարավորություն կտա «Facebook» եւ «Twitter» սոցիալական ցանցերում բացել կեղծ էջեր: Ըստ «Guardian» պարբերականի` Կալիֆոռնիայի IT ոլորտի ընկերություններից մեկը գործարք է կնքել ԱՄՆ կենտրոնական ռազմական ղեկավարության հետ` համակարգչային ծրագիր մշակելու համար, որն օգտատերերին հնարավորություն կտա ներազդել այս կամ այն քննարկումների վրա: Ծրագրի էությունն է` ստեղծել բազմաթիվ էջեր, որոնք չեն պատկանի ռեալ անձանց` նրանց անվան քողի տակ տարածելով ԱՄՆ-ին անհրաժեշտ տեղեկատվությունը: Թերթը նշում է, որ տվյալ ծրագիրը նման կլինի այն ինտերնետային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են Չինաստանում` «համացանցում խոսքի ազատությունը խեղդելու համար»: «Այդ տեխնոլոգիան հնարավորություն կտա կենտրոնական ղեկավարությանը` կանխել արտասահմանյան ինտերնետ-միջավայրում ԱՄՆ-ի դեմ ուղղված ծայրահեղական կամ այլ թշնամական քարոզչության տարածումը»,- պարբերականը մեջբերում է ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը: