Նոր՝ վերջին կտակարանը

19/03/2011

Հայտնի նյույորքցի արտ-դիլեր, պատկերասրահի սեփականատեր Լարրի Գագոսյանը պատրաստվում է սկանդալային ցուցադրություն անել։ Մոտ օրերս մեկնարկող նոր ցուցադրության նյութ կդառնա ամերիկացի գրող Ջեյմս Ֆրայի «Վերջին կտակարանը» վեպը, որը ոչ թե կտպագրվի գրքի ֆորմատով, այլ իր տեսակի մեջ եզակի ճանապարհ կընտրի։ Վեպը նախատեսվում է էջերի մասնատել ու յուրաքանչյուր էջ կտավի կամ լուսանկարի տեսքով ցուցադրել։ Վեպն անթաքույց պրովոկացիոն բովանդակություն ունի, քանի որ պատմում է նորօրյա Աստծո գալստյան մասին։ Ամենափրկիչ մեսիան Նյու Յորքում ապրող թմրամոլ ու համասեռամոլ է, ով պոռնիկների հետ սեքսով է զբաղվում, մարիխուանա է ծխում եւ ընդհանրապես՝ ազատ կյանքի ու սեռական կողմնորոշման քարոզողն է։ Լարրի Գագոսյանը ներկայացնելով այս նախագիծը, նշել է, որ այն կմեկնարկի Զատկի տոնի նախօրեին՝ Քրիստոսի համբարձման օրը, եւ հարկ է այդ փաստին մոտենալ` որպես զուտ արվեստի։ «Վերջին կտակարանը» վեպը կարելի է գնել հատվածաբար (նկարների տեսքով), ինչպես նաեւ՝ ձեռք բերել դրա e-book տարբերակը։

Լուսանկարում` Լարրի Գագոսյանը եւ ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչի կինը` Դաշա Ժուկովան, ով նույնպես զբաղվում է արվեստի ցուցադրությամբ: