Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով «Ֆուկուշիմա» ատոմակայանում ստեղծված իրավիճակը ատոմակայաններ ունեցող բոլոր երկրներին ստիպում է միջոցառումներ ձեռնարկել դրանց անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը», – երեկ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Եվ մենք լրացուցիչ եւս մեկ անգամ քննության առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով միջազգային էքսպերտներին` ստանալու նաեւ նրանց գնահատականները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո Գերմանիան, օրինակ, կանգնեցրել է երկրի տարածքում գործող ամենահին 7 միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ Չինաստանը սառեցրել է միջուկային ատոմակայանների կառուցման ծրագրերը: