Բուժիչ նամակներ

19/03/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Զանգազգիներ – Campanulaceae

Բույսի companula անվանումը կապում են Իտալիայի Կամպանիա մարզի անվան հետ։ Ըստ ավանդազրույցի՝ եկեղեցու վանահայրը անտառին կից բացատում նկատում է գորգատիպ սփռված բաց կապտամանուշակագույն զանգակածաղիկներ։ Զմայլված հրաշալի տեսարանով՝ նա մոտենում է եւ լռության մեջ, երեկոյան մեղմ քամին նրա ականջին է հասցնում նուրբ համազանգերի ղողանջները։ Ձայների մեղեդայնությունը եւ ծաղկի ձեւի կատարելությունը հիմք հանդիսացան, որպեսզի վանահայրը պատվիրի առաջին մետաղյա զանգը, որը պատրաստվեց Նոլա քաղաքում եւ տեղադրվեց եկեղեցում։

Հայաստանում տարածված է Զանգակածաղիկ խոշորատերեւ (Latifolia) տեսակը, որը խորհուրդ է տրվում լայնորեն մշակել բոլոր կլիմայական պայմաններում (Լ.Վ. Հարությունյան), միաժամանակ՝ որպես բանջարեղեն, դեղատու եւ դեկորատիվ բույս։ Խոշորատերեւ զանգակածաղիկը պարունակում է 200-400 մգ C վիտամին 100 գրամի մեջ, ոչ մեծ քանակի կարոտին։ Արմատները պարունակում են 6,5 տոկոս սապոնին։ Հայաստանում մշակվում է նաեւ բրգաձեւ սաղարթ կազմավորող զանգակածաղիկ միջինը (media), որը ամբողջովին ծածկվում է սպիտակ, վարդագույն, մանուշակագույն եւ կապույտ ծաղիկներով։

Զանգազգիների ընտանիքը ունի մոտ 150 տեսակ, որոնք հանդիպում են ոչ խիտ անտառներում, սարերի լանջերին, ալպիական գոտում (Campanula alpina)։ Զանգազգիների բարձրությունը տատանվում է 5-80 սմ սահմաններում (երբեմն ավելի)։ Platycodon grandiflorum տեսակի բարձրությունը հասնում է 70 սմ-ի։ Ծաղիկների գույնը մուգ կանաչ է, տրամագիծը՝ 8 սմ, բույսի հայրենիքը Ճապոնիան է։

Իր բուժիչ հատկություններով առավել հայտնի է զանգակածաղիկ հոծախիտ (Campanula glomerata) տեսակը, որի ծաղիկները կազմում են իրար վրա դիզված, հոծախիտ, համահավաք ծաղկաբույլեր։ Բույսի ցողունը պարզ է՝ պատված խավիկով, տերեւները երկարավուն են, ծաղիկները՝ մուգ մանուշակագույն։ Բույսը ծաղկում է մայիսից մինչեւ հոկտեմբեր, պտուղը տուփիկ է։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են վերգետնյա հատվածը, որը պարունակում է կվերցետին եւ կեմպֆեռոլ ֆլավոնները, օրգանական թթուներ, ենթավիտամին A, ասկորբինաթթու։

Զանգակածաղիկ հոծախիտն ունի մանրէասպան, հակաբորբոքային, հանգստացնող, ցավազրկող, արյունարգել հատկություններ։

Դեղատոմսեր զանգակածաղիկ հոծախիտով

Հազ եւ գլխացավ

– 2 թ/գ հումքի վրա ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 2 ժամ ջերմապահի մեջ, ապա քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։

Պարադոնտոզ, լարինգիտ

– 3ճ/գ մանրացրած թարմ խոտաբույսին ավելացրեք 500 մլ եռջուր, 5 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Եփուկն օգտագործեք բերանի խոռոչի եւ կոկորդի ողողումների համար։

Աթերոսկլերոզ, հիշողության անկում

– Չորացրեք զանգակածաղկի պտուղները, ալյուրատիպ փոշիացրեք։ Ընդունեք կեսական թ/գ՝ քառորդ բաժակ ջրի հետ, սնվելուց 15-20 րոպե առաջ, օրը 2-3 անգամ։

Նյարդային գրգռվածություն

– 200 մլ ծավալով թարմ խոտաբույսի վրա ավելացրեք 2 լ եռջուր, եփեք 10 րոպե թույլ կրակի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք եւ լցրեք լոգարանի մեջ (ջրի ջերմաստիճանը՝ 36-37 աստիճան C), ընդունեք օրը մեջ։ Ընդհանուր՝ 7-8 լոգանք։

Խուզող որքին (լիշայ)

– Նախապես մշակված մաշկի վնասված հատվածների վրա ցանեք չորացրած խոտի փոշին։

Կարմիր քամու բորբոքում

– Բույսի տերեւները կարճ ժամանակով իջեցրեք եռացրած ջրի մեջ եւ գոլ վիճակում ամրացրեք մաշկի վնասված հատվածին։ Վիրակապը փոխեք օրը մեկ անգամ։