Ֆուտբոլ. Չեմպիոնների լիգա
Ռեւանշը չկայացավ
Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի վերջին 4 հանդիպումները: Անշուշտ, առավել հետաքրքիր ու լարված պայքար էր սպասվում Մյունհենում, ուր տեղի «Բավարիան» ընդունում էր իտալական «Միլանին»: ՉԼ անցյալ խաղարկության եզրափակիչի մասնակիցների առաջին հանդիպումը շահել էին բավարացիները նվազագույն` 1:0 հաշվով, սակայն, մասնագետների գրեթե միահամուռ կարծիքով, դա բավարար երաշխիք չէր «Բավարիայի» վերջնական հաղթանակի համար: Խաղը դիտած երկրպագուներն, անկասկած, մեծագույն բավականություն ստացան. երկու թիմերն էլ հանդես եկան իրենց այսօրվա հնարավորությունների առավելագույնով: Սակայն, առավել հաջողակ գտնվեցին իտալացիները, ում` մինչեւ խաղի վերջին րոպեն տեւած համառությունն, ի վերջո, հատուցվեց Սամուել Էտոոյի հաղթական գոլով: «Բավարիան» այս խաղում կարծես նպատակ ուներ ցուցադրել ընթացիկ մրցաշրջանում սեփական վայրիվերումների մոդելը, հաղթական ու անվիճելի առավելությամբ խաղերին հաջորդող կամազուրկ պարտությունների շարանը: Նշված խաղում «Բավարիան» ցուցադրեց թե մեկ, թե մյուս մոդելը: Երկրորդ խաղակեսի միջնամասում նրանց հաղթանակը թվում էր ընդամենը ժամանակի հարց, իսկ խաղավարտին կատարված փոխարինումները բոլորին վերջնականապես համոզեցին, որ սա Լուի վան Գալի հրաժեշտի խաղն է «Բավարիայի» առաջնորդի դերում:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թերեւս կանխատեսելի հաղթանակ տարավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ: Անգլիացիներն այս մրցաշրջանում վերածվել են մի տեսակ պատժիչ գործողություններում մասնագիտացած ջոկատի, որը առաջադրանքը կատարելու համար վատնում է ճիշտ այնքան ուժ, որքան դրա համար պահանջվում է: Ահա, ֆրանսիական ակումբն էլ, չնայած համառ դիմադրությանը, չկարողացավ ոչինչ հակադրել եւ դուրս մնաց Գավաթի խաղարկությունից:
Ամենամեծ ինտրիգը, սակայն, այս փուլում պահպանվում էր «Ռեալ»-«Լիոն» խաղում: Մադրիդցիները վերջին 7 տարում առաջին անգամ կարողացան հաղթահարել 1/8-ի արգելքը. ինչպես նաեւ թիմի վրայից հանել «Լիոնի» «անեծքը», որին չէին կարողանում հաղթել 5 միջազգային խաղերում անընդմեջ: 3:0-ն ավելի քան համոզիչ առավելություն էր, եւ «Ռեալը», կարելի է ասել, վերադառնում է հզորների շարքը:
Անգլիական «Չելսիի» հաղթանակը «Կոպենհագենի» նկատմամբ ոչ ոք չէր համարձակվում քննարկել, սակայն, պատասխան խաղը ցույց տվեց, որ դանիացիները, եթե անգամ արդեն գործել են իրենց ամենամեծ սխրանքը, դեռ ասելիք ունեին Լիգայում: 0:0, այսպես ավարտվեց խաղը, որից անգլիացիները գոլային առատություն էին ակնկալում: Ի դեպ, ՉԼ այս խաղարկությունում սա «Չելսիի» առաջին կորուստն էր սեփական հարկի տակ: Մնացած բոլոր խաղերում նրանք հաղթել էին:
«Բավարիա» (Գերմանիա) – «Ինտեր» (Իտալիա) 2:3 (1:0)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Մարսել» (Ֆրանսիա) 2:1 (0:0)
«Ռեալ» (Իսպանիա) – «Լիոն» (Ֆրանսիա) 3:0 (1:1)
«Չելսի» (Անգլիա) – «Կոպենհագեն» (Դանիա) 0:0 (2:0)
(ընդգծված են 1/4 եզրափակիչ դուրս եկած թիմերը)
Շվեյցարական Նիոնում երեկ երեկոյան կայացած «կույր» վիճակահանության արդյունքում ապրիլի 5-ին եւ 6-ին միմյանց դեմ կխաղան «Ռեալ» (Իսպանիա) -«Տոտենհեմ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա) -«Շալկե» (Գերմանիա) եւ «Բարսելոնա» (Իսպանիա) – «Շախտյոր» (Ուկրաինա) զույգերը:
Շախմատ
Արոնյանը շարունակում է փայլել
Մոնտե-Կառլոյում շարունակվող աշխարհի ուժողագույն շախմատիստների «Ամբեր-2011» մրցաշարում շարունակվում է մեր Լեւոն Արոնյանի հաղթարշավը: Հինգերորդ տուրում Լեւոնի մրցակիցը ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովն էր, որին Արոնյանը հաղթեց եւ կույր, եւ արագ պարտիաներում: Այսպիսով, նա մրցաշարային աղյուսակը գլխավորեց միանձնյա, իրեն հետապնդող նորվեգացի Մագնուս Կառլսենից առաջ անցնելով 1.5 միավորով: Կառլսենն` իր հերթին, զույգ պարտություն կրեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը Կառլսենի այս վրիպումից օգտվեց եւ բարձրացավ աղյուսակի 2-րդ հորիզոնական: Զարմանալիորեն վատ է խաղում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, նա 3.5 միավորով առայժմ վերջին տեղում է։
Չափազանց ուշագրավ է լինելու 6-րդ տուրը, ուր Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Գրիշչուկն է: Ամռանը Կազանում կայանալիք աշխարհի թագի հավակնորդների պայքարի քառորդ եզրափակիչներից մեկը հենց այս զույգն է:
Մրցաշարային իրավիճակը 5 տուրից հետո այսպիսին է.
1. Արոնյան (Հայաստան) – 8,
2. Անանդ (Հնդկաստան) – 6.5,
3. Կառլսեն (Նորվեգիա) – 6,
4. Գրիշչուկ (Ռուսաստան) – 5.5,
5-6. Կարյակին (Ռուսաստան),
Թոփալով (Բուլղարիա) – 5,
7-8. Գելֆանդ (Իսրայել),
Նակամուրա (ԱՄՆ) – 4.5,
9-10. Իվանչուկ (Ուկրաինա),
Հաշիմով (Ադրբեջան) – 4,
11-12. Գիրի (Հոլանդիա),
Կրամնիկ (Ռուսաստան) – 3.5